Մեծաթիվ քննիչներ եւ օպերատիվ ծառայողներ երեկ ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք։ Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցից երեւում է, որ ԱԱԾ հատուկ «Ալֆա» ջոկատի ներկայացուցիչները բերման են ենթարկում կոմբինատի անվտանգության աշխատակցին: Նկատենք՝ թավշյա հեղափոխությունից հետո սա արդեն երկրորդ դեպքն է, որ իշխանությունները ընկնում են ռուսական կապիտալով ընկերության հետեւից:
Բանն այն է, որ 2020թ. փետրվարի 3-ին 12,5 % բաժնեմաս ԶՊՄԿ-ում ձեռք է բերել ՌԴ քաղաքացի Միխայիլ Զուրաբովը։ Միխայիլ Զուբարովը ռուս քաղաքական գործիչ եւ դիվանագետ է։ 2004-2007թթ. եղել է ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար, այնուհետեւ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական 2007-2009թթ։ Իսկ դրանից հետո՝ 2009-2016թթ., ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանն էր Ուկրաինայում, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։ Միխայիլ Զուրաբովն այժմ ներկայացնում է «Մոսկովյան բաժնետիրական ապահովագրական ընկերություն» ԲԸ-ն։
Կոմբինատում 7,5 % բաժնեմաս ունի նաեւ տնօրեն Մհեր Պոլոսկովը, որը ձեռք է բերել 2018թ. հունիսի 20-ին։ Նույն օրը 2,5 % բաժնեմաս է ձեռք բերել ՀՀ քաղաքացի Նարեկ Ամբարյանը, ով ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է: Վերջինս արդարադատության երկրորդ դասի խորհրդական, զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի եղբայրն է։ Տիգրան Ամբարյանը դրանից առաջ զբաղեցրել է Գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը։ Հունիսի 20-ին նույնչափ՝ 2,5 %, բաժնեմաս է ձեռք բերել Կարեն Ալբերտի Հակոբյանը։ Վերջինս «Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է։ Նա Սյունիքի նախկին մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանի եղբայրն է:
Իսկ առաջին ընկերությունը, որը հայտնվել էր իշխանությունների եւ նրանց հրահանգով իրավապահների թիրախում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն էր: Հիշեցնենք` 2018թ-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում արձանագրված առերեւույթ չարաշահումների դեպքով։
Նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության եւ «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջեւ կնքվել էր «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագիր։
Պայմանագրով շուրջ 849մլն ՀՀ դրամով Կոնցեսիոների սեփականությանն է փոխանցվել 2447 միավոր շարժակազմը՝ պայմանագրի ավարտի պահին Կոնցեդետի կողմից հետգնման նախապատվության պայմանով:
«ՀԿԵ»-ն պարտավորվել էր 174,5 մլրդ դրամի (575 մլն. ԱՄՆ դոլար) ներդրում կատարել։ Սակայն ռուսական կողմը ՀԿԵ-ում իրականացված ստուգումների ոչ բոլոր արդյունքների հետ էր համաձայն։
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ եւս անդրադարձել էր ՀԿԵ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ռուսական կողմը ՀԿԵ-ում իրականացված ստուգումների ոչ բոլոր արդյունքների հետ է համաձայն։ Եթե հընթացս պարզվի, որ քրեական պատասխանատվության ենթակա մարդիկ կան, նրանք կպատժվեն։ Բայց մեր նպատակն է, որ ՀՀ պետական շահերը պաշտպանվեն»,- ասել էր Փաշինյանը:
Եվ, ահա, այս ամենից հետո հայաստանյան իշխանությունները ընկել են եւս մեկ ռուսական ընկերության հետեւից:
Ն.Հ.
Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ 3 ՇԱԲԱԹ ԱՆՑ
«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 3-ին գրել էր, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչության մի խումբ իրավապահներ, ԱԱԾ ու ՀՔԾ քննիչների խումբ է մեկնում Սյունիքի մարզ: Բանն այն է, որ իրավապահ համակարգը տեղեկություններ է ստացել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ համայնքների ղեկավարներն իբր օրինական ճանապարհով օգնություն են տվել քաղաքացիներին, ինչը իրավապահ համակարգում դիտարկվել է որպես կաշառք: Եվ հիմա, մեր տեղեկություններով, իրավապահները մեկնում են Սյունիք՝ այդ ահազանգերի հետքերով բացահայտումների նպատակով: Ըստ էության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պողպատյա մանդատը գործի է դրվում, եւ Սյունիքի մարզի մի քանի համայնքի ղեկավարներին պատժելու գործընթաց է սկսվում, թեեւ Փաշինյանը մյուս կողմից էլ խոսում է համերաշխությունից, այդպիսի ձեռք է մեկնում: Ըստ էության, քաղաքական հետապնդումների գործընթացը սկսվեց ընտրություններից հետո, եւ ի՞նչ ունենք 3 շաբաթ անց:
Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է:
Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է:
Միջնորդություն է ներկայացվել նաեւ Մեղրու համայնքապետի տեղակալին եւ համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին:
Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ:
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մոտ 15 մեղադրանք է առաջադրված:
Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է:
Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է:
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:
Ե՞ՐԲ ԿՀԵՌԱՑՎԵՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ
2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ ամիս անց Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում պահպանվում են քաղաքական ուժերի նախընտրական պաստառները: Ընդ որում, նկատենք՝ Ընտրական օրենսգիրքը կանոնակարգում է, թե քարոզչության ընթացքում ինչպես պետք է փակցվեն քարոզչական պաստառները, ինչ կանոններ պետք է պահպանվեն, իսկ, ահա, քարոզչությունից առաջ եւ հետո փակցվող պաստառները որեւէ կանոնակարգում չունեն: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ArmLur.am-ի հետ եւս նշեց՝ պաստառների մասով ընտրություններից հետո որեւէ կանոնակարգում առկա չէ: Այսինքն՝ քարոզչությունից հետո պաստառների փակցման ժամկետը կանոնակարգվում է ըստ գովազդային վահանակի տնօրինողի հետ պայմանագրի: Մնում է հուսալ, որ առաջիկայում հանրապետության տարբեր հատվածները կազատվեն քաղաքական ուժերի բազմաքանակ պաստառներից:
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին արձակուրդ է տրվել. նրան այդ ժամանակահատվածում կփոխարինի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: Ն. Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Հովսեփյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արարատ Թումանյանը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Արմեն Գրիգորյանը՝ արտգործնախարարի առաջին տեղակալ, Արարատ Թումանյանը՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
ՇՈՒՇԻԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել Շուշիի մոտակայքում հուլիսի 13-ի գիշերն արձանագրված կրակոցների դեպքից: «Կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որեւէ հետեւանք չի արձանագրվել»,- հայտնել է Արցախի ՄԻՊ-ը:
ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՇԻՐԱԿՈՒՄ
Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 11:04-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18? եւ արեւելյան երկայնության 43.90? աշխարհագրական կոորդինատներով, Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա եւ Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում 3 բալ ուժգնությամբ:
ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է, որ անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները մինչեւ 2021թ. սեպտեմբերի 30-ը ՀՀ տարածքից չարտահանելու դեպքում կծագեն պարտավորություններ: Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: