ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՀԱՐՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, կանխատեսելով ՍԴ որոշումը՝ ընտրությունների վիճարկման հարցով, ունի ներքին անարդարության եւ համընդհանուր պարտության զգացում: Հարությունյանն այս մասին ասաց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ նիստում իր եզրափակիչ ելույթում: Նա նախ հակիրճ անդրադարձավ իր ներկայացրած 9 թեզերին՝ դրանք կրկին պնդելով: Հարությունյանը վերահաստատեց իր ներկայացրած թեզը. «Ազատ ընտրության իրավունքի խախտումներն ունեցել են այնպիսի բնույթ, որ ակնհայտ են եղել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերը»:

 

Նա պնդեց կրկին՝ Նիկոլ Փաշինյանը ապօրինի է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Հարությունյանը հավելեց՝ սահմանադիրը շատ հստակ պատկերացնում էր հրաժարականի ինստիտուտի էությունը: «Անձամբ հրաժարական տալը եւ հրաժարական տրված համարելը բացարձակապես տարբեր իրավական ինստիտուտներ են: Երբեւէ որեւէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը հարմարեցնել սեփական շահին»,- նշեց նա:

Հարությունյանը շեշտեց՝ ՍԴ-ն նախորդ օրը մերժել է Ոստիկանությունից ապացույցներ պահանջելու իր միջնորդությունը: Ըստ նրա՝ բարձր դատարանը մերժել է ստանալ ապացույցներ, որոնք ակնհայտ եւ անվիճելի ցույց կտային իրենց բողոքի արդարացի լինելը: Հարությունյանը նաեւ նշեց. «Զուտ մարդկային առումով ես հասկանում եմ ձեզ, որովհետեւ, անկախ մեր կողմից բերվող փաստարկներից, պետք է իսկապես ունենալ մեծ խիզախություն, որ արձանագրվի, որ ընտրությունները խախտել են հիմնարար ընտրական իրավունքը»:

Ըստ նրա՝ ՍԴ-ի կողմնորոշումն այս գործով ակներեւ է: «ՍԴ-ն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու ԱԺ-ի արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլ նաեւ իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու, դառնալ ՀՀ-ում Սահմանադրության եւ սահմանադրական կարգի իրական պաշտպան, դառնալ արդարադատության եւ անկախ դատական համակարգի առաջնորդ: Սակայն առաջնորդությունն ունի իր գինը, եւ դուք պետք է պատրաստ լինեք այն վճարելու՝ ստանձնելով ձեր բաժին պատասխանատվությունը: Առաջին անգամ է, որ ես, կանխատեսելով ձեր որոշումը, ունեմ անհատապես ներքին անարդարության եւ համընդհանուր պարտության զգացում: Ինչ վճիռ էլ դուք կայացնեք, դրանից հետո կյանքը շարունակվելու է, բայց ձեր վճռից է  կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը»,- ասաց Հարությունյանն ու հավելեց, որ այս գործով ՍԴ-ի որոշումից է կախված նաեւ ցավոտ հարցերում ՀՀ-ի շահերը պաշտպանելու հնարավորությունը եւ գործիքակազմը:

Նրա կարծիքով՝ եթե ՍԴ-ն համարի, որ այս ընտրությունները լեգիտիմ են, եւ ԱԺ կազմն ունենա ԿԸՀ-ի կողմից սահմանված համամասնությունը, ապա դրանով ՍԴ-ն զրկում է Հայաստանին ԱԺ քաղաքական հարթակում պետական շահերը բազմակողմանիորեն քննարկելու եւ պաշտպանելու հնարավորությունից:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն արձագանքեց Հարությունյանի ելույթին. «Մարդկայնորեն ես հասկանում եմ Ձեզ, մարդկայնորեն հասկանում եմ Ձեր ընտրած մարտավարությունը, ՍԴ-ին վարկաբեկելու եւ այդպիսով ՍԴ-ի ապագա որոշումը վարկաբեկելու Ձեր փորձերը, բայց չեմ ընդունում  եւ ինձ համար դա դատապարտելի է: Այս բարձր դատարանում դատավարությունը հետաքրքրությունների կամ առանձին կասկածների բավարարման համար չէ: Այստեղ  քննվում է ընտրությունների կապակցությամբ ընդունված որոշման հետ կապված վեճը»,- ասաց ՍԴ նախագահը:

 

 

ՈՐՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔ

Նոյեմբերյան համայնքի մաս կազմող, սահմանամերձ Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները դպրոցի տարածքից բջջային հեռախոսներով համացանց մտնելու դեպքում «Գուգլ»-ը նրանց հեռախոսներին տեղեկացնում է՝ բարի գալուստ, Ադրբեջան ճանապարհորդելու։ Ոսկեպարցիները զարմացած են, քանզի իրենց դպրոցի տարածքը միշտ հեռու է Ադրբեջանի սահմանագոտուց, մինչեւ 2020թ. նոյեմբերի 10-ը՝ Արցախում պատերազմի ավարտը, «Գուգլ»-ը նման հաղորդագրություներ Ոսկեպարի սահմանի վերաբերյալ չէր ուղարկում։ Ոսկեպարի բնակիչները մտահոգված են՝ կարծելով, որ սա Ադրբեջանի իշխանության հակահայ քայլերի հետեւանք է, «Գուգլ»-ը մասնավոր կազմակերպություն է, որը կարող է, Ադրբեջանից ստացած մեծ  փողերի դիմաց, սահմանային քարտեզներում փոփոխություներ կատարել,  եւ եթե հետո «Գուգլ»-ի քարտեզներով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանագծում, սահմանազատում կատարվի, Ոսկեպարի շատ տարածքներ կարող են հանձնվել Ադրբեջանին։ 1990-94 թվականներին հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով Ոսկեպարը մեծ  զրկանքներ, շատ զոհեր է ունեցել, սակայն 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանից  շատ ոսկեպարցի գործարարներ եկան հայրենի գյուղ եւ իրենց համագյուղացիներին ուղղորդեցին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրելու,  քվեարկությանը մասնակցած 359 ոսկեպարցիներից 285-ն իրենց քվեն տվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած  կուսակցությանը։ Ռուսաստանից ոսկեպարցի գործարարների գալը տարօրինակ էր, որովհետեւ Ռուսաստանի դաշնությունում հիմնական բնակվող, աշխատող ոսկեպարցի գործարարները հայրենի Ոսկեպար սովորաբար վերադառնում են տարին մի անգամ՝ Վարդավառին, որը Ոսկեպարի բնակիչները տոնում են օգոստոսի առաջին կիրակի օրը։ Զարմանալի է ՌԴ-ում բնակվող ոսկեպարցի գործարարների կողմից Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում սատարելը, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման, սահմանազատման հետեւանքով Յուխարի Ասքիբարայի՝ Վերին Ոսկեպարի նախկինում ադրբեջանաբնակ գյուղի տարածքը կարող է վերադարձվել Ադրբեջանին, ինչի հետեւանքով հողագործությամբ գրեթե չզբաղվող ոսկեպարցիները կզրկվեն արոտավայրերից, այլեւս չեն կարողանա զբաղվել խոշոր եղջերավորների անասնապահությամբ։ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած  Գյումրի-Երեւան քայլարշավին մասնակցած, այնուհետեւ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար նշանակված, ծնունդով Ոսկեպարից Հայկանուշ  Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հրճվածքն է արտահայտել հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  արդյունքների եւ դրանում Ռուսաստանում բնակվող ոսկեպարցի գործարարների ներդրման մասին՝ գրելով՝   «Շնորհակալ եմ շատ, ժողովո՛ւրդ ջան, եւ հատուկ շնորհակալություն ռուսաստանաբնակ իմ սիրելի ոսկեպարցի եղբայրներից, որ  դուխավորեցին գյուղացիներիս, իմացեք՝ թե՛ իրենք  եւ թե՛ ես միշտ ձեր կողքին ենք, սահմանապահնե՛րս»

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԳԵՐԻՆԵՐԻ ԴԱՏԵՐԻՑ

Ադրբեջանում սկսվել է 2 հայ ռազմագերիների՝ Դավիթ Տիգրանի Դավթյանի եւ Գեւորգ Ռուբենի Սուջյանի դեմ քրեական գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են լրտեսության համար. գրում է minval.az կայքը: Դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատավարության ընթացքում պարզվում են մեղադրյալների անձնական տվյալները: Դավթյանին եւ Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն): Նշենք նաեւ, որ Յասամալի շրջանի դատարանում շարունակվում էր հայ ռազմագերիներ  Լյուդվիգ  Մկրտիչի  Մկրտչյանի եւ Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը: Բաքուն նրանց մեղադրում է արցախյան առաջին պատերազմի ընթացքում «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու եւ այլ ծանր հանցագործություններ կատարելու համար» (չակերտները՝ խմբ.): Ինչպես դատարանի դահլիճից հայտնում է haqqin.az-ի թղթակիցը, Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիեւի նախագահությամբ կայացած նիստում դատախազը մեղադրյալների համար պատիժ է խնդրել:

Հիշեցնենք, որ Լյուդվիգ Մկրտչյանին եւ Ալյոշա Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 (խոշտանգում), 115.2 (պատերազմի օրենքների եւ սովորույթների խախտում), 279.1 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում), 318.2 (պետության սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

 

 

ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

Հայաստանում պետական ծառայողները հայտնվել են անհարմար դրության մեջ. կառավարության աշխատակազմը ներքին հրահանգ է իջեցրել, ըստ որի՝ բոլոր պետական ծառայողները պետք է պատվաստվեն: Ավելին, սիրո հեղափոխության ներկայացուցիչները պետական ծառայողներին սպառնում են՝ ասելով, որ պատվաստվեք, կստանաք 100 հազար դրամի չափով պարգեւատրումը: Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ քաղծառայողները ստանում են իրենց կես տարվա պարգեւատրումը, որը ձեւավորվում է իրենց կես տարվա աշխատանքային ցուցանիշներից, որը կոչվում է քաղծառայողի պարգեւավճար: Այն պետական ծառայողները պետք է վաղուց ստացած լինեին, բայց 13 օր անց հաշվարկել են, թե ով է պատվաստվել եւ ով է ցանկության հայտնել պատվաստվելու, ապա նոր, ըստ դրա, երեկ տվել են այդ գումարը: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է ամեն կերպ պատվաստումների ցուցանիշները բարձրացնել եւ այս նպատակին հասնելու համար պետական ծառայողների մի մասին սպառնում է պատվաստվել, հակառակ դեպքում կա՛մ կազատվեն աշխատանքից, կա՛մ էլ չեն ստանա իրենց վաստակած պարգեւատրումը:

Եւ զարմանալի չէ, քանի որ վերջին օրերին լուսանկարներ են հրապարկվում այն մասին, թե ինչպես է այս կամ այն տեսչական մարմնի աշխատողը պատվաստվել: Օրինակ՝ նման լուսանկարներ հրապարակվել են առողջապահական եւ աշխատանքի, բնապահպանության եւ ընդերքի տեչական մարմինների կողմից: Ի դեպ, պատվաստվողների շարքում են նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Շրջակա միջավայրի նախարարությունների աշխատողները:

 




Լրահոս