Համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» որոշման՝ Երեւանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուս) առկա է պատմության եւ մշակույթի 11 հուշարձան։ 2020թ. արժեւորվել եւ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել նաեւ Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը: Այս մասին հայնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը. «Վերոնշյալ բոլոր շինությունները հուշարձանի կարգավիճակ են ստացել իրենց ամբողջական տեսքով։ Համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ հուշարձանների քանդումն արգելվում է, ուստի Երեւանի 33-րդ թաղամասի տարածքում գտնվող հուշարձան-շենքերը եւս պահպանվելու են, իսկ ցանկացած միջամտության համար անհրաժեշտ է սահմանված կարգով լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացնել դրանց ամրակայման, նորոգման, վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը։
Միաժամանակ ուսումնասիրություններով բացահայտվել է, որ հուշարձանների տարբեր հատվածներում կան կցակառույցներ, որոնք անհատների կողմից տարբեր տարիների ընթացքում ավելացվել են ապօրինի՝ խախտելով պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների օրենքի դրույթները։ Դրանք չեն համաձայնեցվել լիազոր մարմնի հետ եւ կառուցվել են ինքնակամ՝ մեծ վնաս հասցնելով հուշարձանների պատմական ու գեղարվեստական տեսքին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ ավելի ուշ շրջանում կառուցված կցակառույցներն անհրաժեշտ է հեռացնել՝ հուշարձաններին վերադարձնելով իրենց նախկին տեսքը։ Այս համատեքստում Տիգրան Մեծ փողոցի հուշարձանների ներքին բակերի հատվածների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցապատող ընկերությունների հետ, որպեսզի դրանք վերականգնվեն նախնական տեսքով:
Վերը նշված հուշարձաններից Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքը միակն է, որը գտնվում է կառուցապատման անմիջական գոտում։ 2021թ. հունիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել է նշյալ հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման եւ համատեղման հայեցակարգը։ Խորհրդի մասնագետների կողմից հնչեցվել են տարբեր կարծիքներ, դիտողություններ եւ առաջարկություններ, ինչի արդյունքում ձայների մեծամասնությամբ հավանություն է տրվել ներկայացված հայեցակարգին։ Համաձայն պատվիրատուի ներկայացրած տեխնիկական վիճակի մասին եզրակացության՝ նշյալ հուշարձան-շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում, իսկ վնասվածությունը գնահատվում է 4-րդ աստիճանի։
Հանրապետության 46 հուշարձան-շենքի ամրակայման, նորոգման, վերականգնման եւ համատեղման գիտանախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ էսքիզային նախագիծը, համաձայն սահմանված կարգի, անհրաժեշտ է ներկայացնել լիազոր մարմնի համաձայնեցմանը, ինչի մասին պատվիրատուն տեղեկացված է:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումը պարբերաբար կատարում է այցելություններ նշյալ թաղամաս՝ հուշարձան-շենքերի վիճակի մշտադիտարկման, առաջացած խնդիրները տեղում քննարկելու եւ կառուցապատողներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
189 ՆՈՐ ԴԵՊՔ
Հուլիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 756 դեպք, որոնցից 217896 -ը` առողջացած, 4552-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3198 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 247 362 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 5001 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք: Ունենք 86 առողջացած եւ 3 մահվան դեպք:
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ավելի քան 4000 անդամ ունեցող Գերմանական ճամփորդական ասոցիացիայի հետ համատեղ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ն անց է կացնելու DRV Destination Forum-ը Հայաստանում: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է հյուրընկալել 70 մասնակից Գերմանիայից, որոնք ներկայացնում են զբոսաշրջային գործակալություն, մեդիա ընկերություն, ավիաընկերություն, զբոսաշրջային արդյունքի մասնագետների եւ այլն։ Զբոսաշրջության կոմիտեն «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հետ համագործակցությամբ հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ՝ միջոցառումը պատշաճ կազմակերպելու, մասնակիցներին Հայաստան ճամփորդության եւ կացության հետ կապված աջակցություն ցուցաբերելու նպատակով:
ՆՈՐԱԾԻՆ ԵՆ ԹՈՂԵԼ
Երեւանում հուլիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երեւանի բնակիչ, 28-ամյա Լուսիկ Գ.-ն եւ հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարանններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։ Նշված վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա-ին, ում մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ երեխա։ Կայքի տեղեկություններով՝ երեխան տեղափոխվել է Մուրացան բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական միջոցառումներ երեխայի ծնողի ինքնությունը պարզելու ուղղությամբ։