Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը: Առուշանյանը երկու ամիս կմնա կալանքի տակ:

Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Առուշ Առուշանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար:




Լրահոս