Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Արթուր Թարխանյան» կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է վաստակավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանի անվան կենտրոնում, որտեղ գործում է հայկական մոդեռնիզմի թանգարանը:

Կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը ծանոթացել է հայկական ճարտարապետական մոդեռնիզմի նմուշները ներկայացնող ցուցադրություններին, կառույցների ստեղծման պատմությանն ու առանձնահատկություններին:

«Մենք ճարտարապետական մեծ ժառանգություն ունենք, և այս թանգարանի նպատակը երիտասարդ սերունդներին ցույց տալն է, թե այս կոթողները, որոնք ոչ միայն հայկական, այլ համաշխարհային մոդեռնիզմի նմուշներ են համարվում, ինչպես են ստեղծվել, ինչպիսի պատմություն ու արժեք ունեն»,- ասել է Անահիտ Թարխանյանը՝ Հանրապետության նախագահին ներկայացնելով կենտրոնի գործունեությունը:

Նախագահ Սարգսյանը գնահատելի է համարել մշակութային նման հաստատության ստեղծումը, կենտրոնի կողմից հայկական ճարտարապետական ժառանգությունը ներկայացնելուն ու պահպանելուն ուղղված աշխատանքները:

Դեռևս 2020 թվականին բացված թանգարանում հնարավոր է ծանոթանալ անցյալ դարի հայկական ճարտարապետության հայտնի կոթողների ստեղծման պատմությանը՝ թամանյանական կառույցներից մինչև Երիտասարդական պալատ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, «Զվարթնոց» օդանավակայան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, դրանց նկարագրությանը, ինժեներական աշխատանքներին ու ճարտարապետական արժեքին:




Լրահոս