Աֆղանստանի օդուժը դադարեցրել է գործողությունը Պակիստանի հետ սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի ռազմաօդային ուժերը Իսլամաբադի կողմից նախազգուշացումից հետո դադարեցրել են Պակիստանի հետ սահմանին Սփին Բոլդաք բնակավայրը «Թալիբան» արմատական շարժման զինյալներից ազատելու գործողությունը:

Հուլիսի 16-ին այդ մասին հայտնել է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության մի աղբյուր: Սփին Բոլդաքում (Ղանդահարի նահանգ) գործողությունը դադարեցվել է Պակիստանի ռազմաօդային ուժերի միջամտության ռիսկի պատճառով: Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը հուլիսի 16-ին հայտարարել է, որ Իսլամաբադը Քաբուլին ծանուցել է մարտական օդուժի կիրառման հնարավորության մասին, եթե աֆղանական ուժերը փորձեն թալիբներին դուրս մղել «Սփին Բոլդաք» հսկիչ անցակետից:

Պակիստանը հուլիսի 16-ին հերքել է այդ տեղեկությունները:

«Հակառակ Աֆղանստանի փոխնախագահի պնդման` Պակիստանի ռազմաօդային ուժերը երբեք ոչինչ չեն հաղորդել Աֆղանստանի ռազմաօդային ուժերին»,- ասված է Պակիստանի ԱԳ նախարարության ֆեյսբուքում զետեղված հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում ճշտել են, որ Քաբուլն Իսլամաբադին ծանուցել է Պակիստանի հետ սահմանին Չաման բնակավայրի շրջանում ռազմաօդային գործողություն կատարելու մտադրության մասին:

Պակիստանը «դական է արձագանքել իր տարածքում գործելու՝ Աֆղանստանի կառավարության իրավունքին», չնայած այն բանին, որ պետական սահմանին այդքան մոտ ռազմական գործողությունները սովորաբար թույլ չեն տրվում միջազգային պրակտիկայում: Հուլիսի 14-ին հայտնի է դարձել, որ «Թալիբան» շարժումը գրավել է Պակիստանի հետ սահմանին «Սփին Բոլդաք» – Չաման» անցման հիմնական կետը Ղանդահարի նահանգում:




Լրահոս