ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ:
Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող փոխնախարար Կարեն Թռչունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։
Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է 2021-2022 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի զեկուցմամբ` ընդունելության քննությունները կազմակերպվել են երկու փուլով` ընդունելության կարգում ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի կատարված փոփոխությունները հաշվի առնելով: Համաձայն կատարված փոփոխությունների` նախապատվությունը տրված էր մասնագիտական կողմնորոշմանը: Ըստ այդմ` դիմորդն առաջին փուլում պետք է ընտրեր մեկ բուհի մեկ մասնագիտություն: Քննություններն անցկացվել են հունիսի 8-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Միասնական քննություններին մասնակցել է 11058 դիմորդ, որոնցից 8123-ն ընդունվել են բուհեր, իսկ 238 դիմորդներ, հավաքելով բավարար միավորներ, չեն կատարել մասնագիտության ընտրություն:
Ընդունող հանձնաժողովի որոշմամբ` ընդունելության մրցույթում բոլոր դիմորդներին հավասար պայմաններ ապահովելու սկզբունքով պայմանավորված, պահուստային տեղերից բուհերին հատկացվել են հավելյալ անվճար տեղեր: Անվճար համակարգ ընդունվելու անցողիկ նվազագույն շեմը հաղթահարած, հավասար միավորներ ունեցող բոլոր դիմորդները հնարավորություն կստանան ընդունվել անվճար համակարգ: Նույն սկզբունքը հաշվի առնելով` տեղեր են ավելացվել նաև վճարովի համակարգում:
Ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է արտոնություններ ունեցող դիմորդների ընդունելության ցուցակները, որտեղ ներառված են միջազգային առարկայական օլիմպիադաներում, մարզական մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված դիմորդները, ինչպես նաև բանակից զորացրված և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված դիմորդները (արցախյան ազատամարտում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների և ազատամարտիկների երեխաներ, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ):
Ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հատկացված անվճար տեղերի վերաբաշխման հարցը: Հաշվի առնելով կոնսերվատորիայի ընդունելության առանձնահատկությունները` որոշվել է վերաբաշխման հաշվին հավելյալ 12 անվճար տեղ հատկացնել կատարողական արվեստի մասնագիտություններին:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բուհերում թափուր մնացած տեղերի խնդրին: Որպես մտահոգություն նշվել է, որ բնագիտական որոշ ուղղություններով անգամ անվճար տեղերը չեն համալրվել:
Նիստի ընթացքում նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բուհերի ընդունելությանը` նշելով, որ կան համակարգային խնդիրներ, որոնք միասնական կարգավորում են պահանջում:
«Մենք այսօր ունենք մի վիճակ, երբ նույն մասնագիտությամբ կրթություն կազմակերպող և նույն որակավորումը տվող տարբեր բուհեր սահմանում են տարբեր ընդունելության քննություններ: Սա անընդունելի մոտեցում է. նույն մասնագիտությունը ստանալու համար դիմորդը պետք է նույն քննությունները հանձնի` անկախ նրանից, թե որ բուհում է սովորելու»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Նա նաև խնդրահարույց է համարել այն իրողությունը, որ մի շարք մասնագիտությունների համար նվազագույն շեմի միավորով (որոշ դեպքերում մեկ քննությամբ) կարելի է բուհ ընդունվել:
«Այնպիսի տպավորություն է, որ բուհերն ամեն կերպ փորձում են ուսանող հավաքագրել` չկարևորելով նրանց ակադեմիական մակարդակը: Այս մոտեցումը վարկաբեկում է բուհական համակարգը, և մենք քայլեր ենք ձեռնարկելու նման մոտեցումից հրաժարվելու ուղղությամբ»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Հավելենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին: