Ամեն տարի, հուլիսի երրորդ կիրակի օրը, իրենց մասնագիտական տոնն են նշում խիզախ մասնագիտության տեր մարդիկ՝ հանքագործներն ու մետալուրգները: Տոնացույցում այդ օրը հայտնվել է դեռևս հեռավոր 1957 թվականին. այդպես խորհրդային կառավարությունը նշեց հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի կարևոր ավանդը պատերազմի հետևանքով ավերված տնտեսության վերականգնման գործում: Հետխորհրդային մի շարք երկրներում այդ տոնը պահպանվել է նաև ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հայաստանում Հանքագործի և մետալուրգի օրը կառավարության որոշմամբ վերականգնվել է 2008թ.-ին: Որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ այդ ոլորտները Հայաստանի տնտեսության գերակա բնագավառներից են, և դրանց զարգացման հետ մեծ հույսեր են կապվում, այդ թվում՝ այլ ոլորտների վրա դրանց ազդեցության տեսանկյունից:
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը զարգանում էր անկախացած երկրի հետ միասին, հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները, որոնք այդ ճանապարհին բաժին էին ընկնում իրեն։ Եվ պետության կայացման պատմության առանձնակի դրամատիկ պահերին հանքագործներն ու մետալուրգները մշտապես իրենց հուսալի ուսն են դեմ տվել նրան։ Երկրի հանքերն ու լեռնագործական կոմբինատները չեն դադարեցրել իրենց աշխատանքը նույնիսկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամերի բարդագույն ժամանակաշրջաններում, ապահովելով մարդկանց զբաղվածությունը, հարստացնելով պետական գանձարանը, երկրի համար հայթայթելով կայուն արժույթ։
Հայաստանի համար այդ ոլորտի նշանակությունն անգնահատելի է։ Դրա վառ ապացույցը ոլորտի աշխատողների, արտադրական հզորությունների և ներդրումների տարեցտարի ավելացումն է։ Հանքարդյունաբերական կոմբինատներն ավանդաբար զբաղեցնում են երկրի խոշորագույն հարկատուների ցանկի վերին հորիզոնականները՝ ապահովելով Հայաստանի պետբյուջեի մուտքերի պատկառելի բաժինը: Պղնձի, մոլիբդենի, ոսկու, ցինկի արտահանումը լուրջ մաս է կազմում Հայաստանի տնտեսության մեջ, և դրանց նշանակությունը մշտապես աճում է։
Այս տարեսկզբին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն հրապարակեց հանքարդյունաբերության ոլորտում իրականացված հետազոտություն, որում ներկայացված են 2019 թվականին վերաբերող մի շարք վիճակագրական տվյալներ: Ոլորտի արտադրանքի ծավալը դրամական արտահայտությամբ կազմել է 356,3 մլրդ դրամ կամ Հայաստանի ՀՆԱ-ի 2,8% : Նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալն աճել է 23,9%-ով։ Արտահանման ընդհանուր ծավալում հանքարդյունաբերության բաժինը կազմել է 53.6%: Միայն մետաղահանքերի մասնահատվածում աշխատում է 9851 մարդ, իսկ դա աշխատանքային զբաղվածության 1,65%-ն է երկրում։
Մի խոսքով, հանքագործներն ու մետալուրգներն այսօր հպարտանալու և նշելու բան ունեն։ Բայց գլխավոր հարստությունը, ինչպես ավանդաբար նշում են հանքարդյունաբերական ընկերություններում, մարդիկ են, աշխատանքային կոլեկտիվները։ GeoProMining (GPM) ընկերության նախագահ Ռոման Խուդոլին առհասարակ համարում է, որ արդիականության գլխավոր ռեսուրսն ու հիմնական հարստությունը մարդկային կապիտալն է, որը XXI դարում հաղթանակ կբերի մրցակցային պայքարում: Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում նա ասում է. «Այս տոնը միշտ հպարտության առիթ է եղել և մնում բոլոր նրանց համար, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են այս դժվարին ու խիզախ մասնագիտությանը: Սա իրենց գործին նվիրված, քաջարի և վճռական մարդկանց տոնն է»։
… Ոսկին թուլակամներին չի սիրում. Ցրտաշունչ ու համառ քամու տակ անկոտրում կամքի տեր մարդիկ ոսկու հանքաքար են կորզում Սոթքի քարքարոտ, մեռած հողից։ Այստեղ ամեն րոպեն պայքար է. ֆիզիկական ու մտավոր։ Եվ ամեն քայլափոխի ինքը՝ մայր բնությունն է հիշեցնում, որ դու լեռներում ես։ Աշխատանքը ծանր է, բայց եթե դիմանաս փորձությանը, ապա բնությունը շռայլորեն կպարգևատրի քեզ։
Մաթեվոսյանների աշխատանքային դինաստիան ընդհանուր առմամբ արդեն մեկ դար աշխատում է Սոթքի ոսկու հանքավայրում, որը շահագործում է Հայաստանում ոսկու խոշորագույն արտադրողը՝ GPM Gold ընկերությունը: Զինավոր Մաթևոսյանի հայրն այստեղ առաջին աշխատողներից մեկն էր, հենց նա էլ սկիզբ է դրել լեռնարդյունաբերողների պանծալի աշխատանքային դինաստիային։ Նա և իր կրտսեր եղբայրն այսօր հնաբնակներ են, իսկ ընտանեկան ավանդույթը շարունակում է եղբորորդին։ Զինավորն ու եղբայրը տանը թերթում են հին լուսանկարներով ալբոմը, պատմում աշխատանքի նրբությունների մասին, այն մասին, թե ինչպես հայրը ժամանակին իսկական ոսկեխույզ հանքագործներ դարձրեց իրենց։ Զինավորի աշխատանքից դժգոհ է միայն «գլխավոր ատյանը»՝ կինը։ Դժգոհում է քմծիծաղով, որ ամուսինն այնքան է տարված աշխատանքով, որ ժամանակ չի գտնում ընտանիքի հետ լինելու համար։
Ոչ մի վայրկյան կանգ չառնելով եռում է աշխատանքը հանքում։ Եվ երբ քեզ արդեն ամբողջությամբ կլանել է աշխատանքային անդադար ռիթմը, իրականություն ես վերադառնում թիկունքից հնչող ահռելի «ԲելԱԶ»-ի հնչեղ շչակի ձայնից: Բայց իրականում այդ հզոր, ասես «Տրանսֆորմերներ» ֆիլմից ելած տեխնիկան կառավարելն այնքան էլ դժվար չէ: Այդ մասին մեզ պատմում է Մաթևոսյանների աշխատանքային դինաստիայի հաջորդ անդամը, որը «ԲելԱԶ» է վարում։ «Երբ նստում ես այդ հսկայի ղեկին, ամեն ինչ փոքր ու աննշան է թվում»,– ասում է նա՝ հավելելով, որ շատ անսովոր ես զգում քեզ հետո, երբ նստում ես սեդանի ղեկին։ Այն բանից հետո, երբ հանքափորները հողից արդյունահանում են ոսկու հանքաքարը, ջարդում ու մշակում այն, «ԲելԱԶ»-ի վարորդին մնում է հասցնել դա երկաթուղի, որտեղից վագոններով ուղարկում են հետագա վերամշակման Արարատում, տեղի ոսկու կորզման գործարանում (ՈԿԳ):
Մաթևոսյանների աշխատանքային դինաստիայի ամենաերիտասարդ անդամը (նկատի ունենք՝ հանքում), աշխատում է որպես հորատող։ Իսկ դա, ինչպես հայտնի է, արտադրական շղթայի կարևորագույն փուլերից մեկն է, որից է կախված՝ ենթակա է արդյոք հանքի այս կամ այն հատվածն արդյունահանման։ Ասում է, որ օրական 12 ժամ հորատման տեխնիկայի հետ է, այնպես որ ասես իր հարազատն է դարձել…
Բայց հանքի անխափան գործունեությունը ոչ միայն հանքագործների ուսերին է։ Ընկերության կենտրոնական գրասենյակում հավաքված են լավագույն ուղեղներ, ինժեներատեխնիկական անձնակազմը, որոնցից է սկսվում արտադրական ողջ շրջափուլի ռազմավարական պլանավորումը, ինչի արդյունքում ծնվում է երկար սպասված ազնիվ մետաղը: Դեռ բավական երիտասարդ, բայց արդեն լուրջ հեռանկարներ ներշնչող և միջազգային ճանաչում նվաճած ինժեներ-երկրաբան Կամո Մանուկյանը և միջազգային հավաստագրում անցած նրա գործընկեր Արամ Ալոյանը, ծանրաբեռնված լինելով տարբեր գրաֆիկներով ու ծրագրերով, մի քիչ ժամանակ են գտնում, որպեսզի պատմեն հանքում աշխատանքի առանձնահատկությունների, ապագա հեռանկարային նախագծերի մասին: Լինելով ամեն տեսակի մասնագիտացված հարթակների մշտական մասնակիցներ, միջազգային ֆորումների և խորհուրդների անդամներ, այդ տղաները գիտեն, թե ինչի մասին են խոսում և ինչի մասին երազում…
… Լեռնային Հայաստանը երկրորդ հայրենիքն է դարձել GeoProMining Gold-ի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Ցվետկովի համար, որը 9 տարի առաջ գործերով Հայաստան եկավ Կանադայից և այդպես էլ մնաց այստեղ, տիկնոջ հետ: «Ինձ շատ է դուր գալիս Հայաստանը, նրա մարդիկ։ Շատ գոհ եմ, որ ստացվեց մնալ այստեղ։ Սիրում եմ գնալ Սևան, դահուկներով սահել Ծաղկաձորում, ինձ դուր են գալիս Գառնին, Գեղարդը, Երևանը, մայրաքաղաքային փոքրիկ ռեստորանները, հիասքանչ հայկական խոհանոցը՝ իր խորովածով ու դոլմայով»։ Անդրեյն ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը և անհամբերությամբ սպասում օգոստոսին, երբ Հայաստան կգան իր զավակներն ու թոռները, և կկարողանա նրանց նույնպես ցույց տալ իր սիրելի վայրերը։
… Արթուր Մնացականյանն արդեն 4 տարի է, ինչ աշխատում է Արարատի ՈԿԳ-ի լաբորատորիայում որպես վերահսկիչ։ Այնտեղ նրան ամենից շատ դուր են գալիս… գույները: Կհարցնեք՝ ինչո՞ւ։ Բանն այն է, որ նա նկարիչ է։ Դեռևս դպրոցական տարիներին մուլտիպլիկացիոն տարբեր կերպարներ էր նկարում գրիչով: Ասում է, նույնիսկ եթե գիշերվա ժամը 3-ին գլխում հանկարծ հետաքրքիր գեղարվեստական պատկեր է ծնվում, չի կարողանում քնել, մինչև որ կտավին չհանձնի։ Գործարանի պատին Արցախյան ազատամարտի հերոս Ալբերտի դիմանկարն է, որը պատկանում է Արթուրի վրձնին։ «Կոլեկտիվ կերպով որոշեցինք, որ այս նկարի տեղը հենց այստեղ է, քանի որ այն լավ է փոխանցում ու խորհրդանշում Հայրենիքը պաշտպանող մեր տղաների ուժը»,- ասում է Արթուրը:
… Գործարանն իր երկրորդ տունն է համարում Խորեն Ստեփանյանը, որը ձեռնարկությունում աշխատում է արդեն ամբողջ 20 տարի: Այս դեպքում նույնպես գործ ունենք իսկակական աշխատանքային դինաստիայի հետ։ Խորենի եղբայրն ու նրա երկու որդիները նույնպես աշխատում են գործարանում։ Ավագ որդին՝ Դավիթը, ասում է, որ իրեն ոգևորել է հոր օրինակը. «Քանի որ հայրս այստեղ է աշխատում, կամաց-կամաց ինձ մոտ էլ հետաքրքրություն առաջացավ, մանավանդ որ այս ձեռնարկությունում ամենից արժանավայել աշխատավարձերն են»: Իր հերթին՝ Դավթի եղբայրն էլ բանակային ծառայությունից անմիջապես հետո որոշել է փորձել իրեն այդ ոլորտում։
Իսկ աշխատանքային դինաստիային սկիզբ է դրել Խորենի հայրը՝ Ռուբիկ Ստեփանյանը, որն աշխատել է գործարանում ամբողջ 40 տարի, և այսօր էլ փորձառու վարպետի հմտություններն ու խորհուրդները առաջվա պես բարձր են գնահատվում։ «Ես գործարանում աշխատել եմ մինչև 70 տարիս լրանալը, 6-7 տնօրենների օրոք. բոլորն էլ լավ մարդիկ էին»,- ասում է մետալուրգների դինաստիայի հիմնադիրը: Եվ իրենց մասնագիտական տոնը դինաստիայի երեք սերունդները նշում են պապի տանը հատուկ զգացումով, քանզի նրանց աշխատանքային կենսագրությունը լավագույնս հաստատում է, որ երկրի բարեկեցությունը գտնվում է աշխատող մարդու ձեռքում:
Իսկ վերջում մեզ մնում է ևս մեկ անգամ շնորհավորել մեր հանքագործներին ու մետալուրգներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթել ամենայն բարիք և ուրախության բազում առիթներ, նորանոր նվաճումներ իրենց աշխատանքում: Եղեք նույնքան ամուր և հաստատակամ, որքան մեր լեռներն են։
Աշոտ ԱՐԱՄՅԱՆ
«ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ»