Կառավարության շենքի տարածքից բերման են ենթարկվել «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը, Տարոն Ղազարյանը, Գառնիկ Մելքումյանը, Վարդան Գալստյանը և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի քանի անդամներ: Նրանք փորձել են բողոքի ակցիա իրականացնել` ի աջակցություն Սյունիքի մարզի մի քանի համայնքապետերի, որոնք անցնում են տարբեր քրեական գործերով և ազատազրկված են: Ընդհանուր առմամբ 16 քաղաքացի է բերման ենթարկվել: Այս մասին տեղեկացրեց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը.
«Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։
Հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն»,- նշեց Ջանոյանը: