Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը կրկին անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը ու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործընթացներին: Հոդվածի կենտրոնում այս անգամ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցն է Երևան և Բաքու:
Պարբերականը նկատում է՝ Եվրոպայի խորհրդի ղեկավարի ուղևորությունը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերսկսման և կողմերի կոշտ հռետորաբանության նոր բռնկման ֆոնին, ինչը հանգեցրել է հակամարտության գոտում ամենալուրջ լարվածությանը նոյեմբերին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր: Ռուսական պարբերականը նկատում է, որ հակամարտության վերսկսման սպառնալիքը գնալով ավելի ու ավելի իրական է դառնում:
Պարբերականը հիշեցնում է, որ զինված բախումները շարունակվել են նաև Միշելի` Երևան ժամանելուց հետո. մինչ վերջինս հանդիպում էր անցկացնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ՊՆ-ն տեղեկացրել է, որ հուլիսի 17-ի 13:30-ի դրությամբ` Ադրբեջանը կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ Երասխի հատվածում:
Պարբերականը եւս հիշեցրել է, որ Միշելի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ սադրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին` ընդգծելով, որ ադրբեջանական կողմի սադրանքները թույլ չեն տալիս սահամանգծման և սահմանազատման աշխատանքներ սկսել»:
Հատկանշական է, որ եվրոպացի գործիչը Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը մատնանշում է որպես 4 կարևոր կետերից մեկը, սակայն Ադրբեջանը բացառում է կարգավիճակի հարցի քննարկման ցանկացած տարբերակ: Այդ մասին Շառլ Միշելի հետ նախօրեին Բաքվում կայացած հանդիպմանը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ընդգծելով, որ «հակամարտությունն ավարտվել է, և պետք է մտածել խաղաղության մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում