Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան՝ մասնակցելու «Ասոցացված եռյակ»-ի ձևաչափով գործունեությանը, հայտնում է korrespondent.net լրատվականը՝ հղում տալով նախագահի մամուլի ծառայությանը։
Այցի շրջանակներում Զելենսկին նախատեսում է սկսել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի` «Ասոցացված եռյակ»-ի ձևաչափով գործունեությունը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ Երեք երկրների ղեկավարները «Ասոցացված եռյակ»-ի գագաթնաժողովի հռչակագիր կստորագրեն և համատեղ հանդիպում կանցկացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Զելենսկին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ մասնակցելու են նաև Բաթումի միջազգային խորհրդաժողովին։
Լրատվականը հիշեցրել է մայիսին Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան արտաքին գործերի նախարարների մակարդակով պայմանավորվել էին արագացնել եվրոպական ինտեգրումը, ինչին սատարել էր ԵՄ-ն։