ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունն այսօր եւ վաղը կլինի Հայաստանում։ Նկատենք՝ վերջին շրջանում էապես ավելացել են արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստանի Հանրապետություն: Խոսքը ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի, ԵՄ անդամ երկրների ԱԳ 3 նախարարների, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի տարածաշրջանային այցերի մասին է, որին էլ հաջորդում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Հայաստան:

Սակայն հետաքրքիր է, որ այցի վերաբերյալ հայաստանյան եւ եվրոպական այլ աղբյուրներում որեւէ տեղեկատվություն չկա, իսկ որ ավելի հետաքրքիր է՝ այցին նախորդեցին ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումն ու եվրոպական հսկայածավալ ներդրումների մասին խոսակցությունները:

Ուսումնասիրելով նկատենք ՝ սովորաբար Շառլ Միշելը, բացի պարբերական այցերից, որոնք հաճախ չեն լինում, այցեր է կատարում՝ ունենալով հստակ առաքելություն եւ ծրագիր: Այս տարի նման այցեր եղել են Վրաստան, Թուրքիա հստակ օրակարգով՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական առանձին թեմաներով: Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին հաճախ էր խոսվում, եւ այս տեսանկյունից եւս Արմեն Գրիգորյանի նշանակումն այս այցից առաջ պատահական չէ։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում այս օրերին թեժ քննարկվում է այն հարցը, թե խորհրդարանական որ հանձնաժողովները պետք է բաժին հասնեն ընդդիմադիր խմբակցություններին: Ինչպես հայտնի է, Դոնթի բանաձեւով՝ երկու հանձնաժողով պետք է բաժին հասնի «Հայաստան» դաշինքին: Եվ, ահա, իշխանությունների համար առանձնակի կարեւորություն է ներկայացնում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաեւ Պետաիրավական, արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը: Այս հանձնաժողովներից ոչ մեկը նրանք չեն պատրաստվում զիջել ընդդիմությանը, սակայն դրանցից մեկը պետք է տան «Հայաստան» դաշինքին: Եվ դրա համար, մեր տեղեկություններով, թեժ քննարկումներ են, թե ինչ եւ ինչպես անել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունը հակված է զիջել Կրթության, Մարդու իրավունքների, ինչպես նաեւ Ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովները, միայն թե այն չորսը ղեկավարեն հենց իրենք: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դեռ վաղ է ասել: Եթե այդ չորս հանձնաժողովները մնան իշխանական խմբակցությանը, ապա Պաշտպանության հարցերով հանձնաժողովը կնախագահի Անդրանիկ Քոչարյանը, Արտաքինը՝ Վլադիմիր Վարդանյանը, Տնտեսականը՝ Բաբկեն Թունյանը, իսկ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահի համար դեռ թեկնածու են փնտրում:

 

«Ժողովուրդ» օրաթերթի՝ Հարկադիր կատարման ծառայության աղբյուների փոխանցմամբ՝ Հարկադիր կատարման ծառայությունում անարխիա է տիրում: Մասնավորապես, հուլիսի 14-ին կազմակերպվել է ներքին մրցույթ բաժնի պետերի պաշտոնների համար, որպեսզի դրսից մարդ չմասնակցի, եւ իրենց ցանկալի մարդիկ աշխատեն ԴԱՀԿ-ում: Այդ մրցույթին մասնակցել են միայն տվյալ պաշտոնների ժ/պ-ները, այլ մարդու թույլ չեն տվել մասնակցել։ Ավելին՝ աճուրդի բաժնի պետի համար պայքարող անձի նկատմամբ այս պահին ընթանում է ծառայողական քննություն հարկադիրի աշխատակիցներից մեկին ծեծելու համար։ Այդ «հերոսը» գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի կնոջ ընկերուհու ամուսինն է։ Ի՞նչ ամենաթողություն է ԴԱՀԿ-ում. տեղեկություն ստանալու համար դիմեցինք Հարկադիր կատարման ծառայություն, որտեղից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը հայտնեց. «Մատնանշված միջադեպը եղել է ծառայության երկու աշխատակացիների միջեւ, սակայն, որպես այդպիսին, ծեծ չի եղել, այլ տեղի է ունեցել լեզվակռիվ, վիճաբանություն, որի հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն։ Այն տեղեկությունը, թե տվյալ մրցույթի մասնակիցը որեւէ անձնական առնչություն ունի Գլխավոր հարկադիր կատարողի հետ, իրականությանը չի համապատասխանում»:

 

Հայաստանում վարորդները խիստ զայրացած են. բարձրանում է ոչ միայն բենզինի, այլեւ բնական սեղմված եւ հեղուկ գազի գները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազը թանկացել է: Մեկ լիտրն արժե 220 դրամ, մինչդեռ օրեր առաջ արժեր 190-200 դրամ: Ի դեպ, հեղուկ գազի մեկ լիտրը որոշ գազալցակայաններում վաճառվում է 230 դրամով: Օրինակ՝ համաշխարհային շուկայում նավթի գները համեմատաբար բարձրացել են, իսկ սեղմված եւ հեղուկ գազի գները կապված են նավթի գների հետ։ Խոշոր վաճառողները՝ Ռուսաստանը, Իրանը, Իրաքը, բարձրացրել են գները, որովհետեւ աշխարհում հեղուկ գազի պահանջարկն ընդհանուր աճել է: Մյուս կողմից՝ Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Մասնագետների կանխատեսմամբ՝ առաջիկայում վառելիքը էլի կթանկանա՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների բարձրացմամբ: Նկատենք, որ դիզելային վառելիքի գինը եւս բարձրացել է՝ դառնալով 460 դրամ: Իսկ եթե այս գինը պահպանվի կամ է՛լ ավելի բարձրանա, ապա բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կիրառվում է հողագործական աշխատանքների ժամանակ:




Լրահոս