Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովայի փողոցի ժամանցի վայրերից մեկում, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության լիցենզիայի, կազմակերպվում են պոկեր տեսակի շահումով կենդանի խաղեր։ Նաեւ տեղեկություն էր ստացվել, որ ապօրինի խաղատանը թմրամիջոցներ են շրջանառվում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շահումով խաղերը պարբերաբար կազմակերպել են այս տարվա հուլիսից, որոնց ընթացքում վաճառել են 500, 1000, 5000 եւ 10000 դրամին համարժեք խաղաքարեր եւ վարձու խաղարկողների միջոցով մասնակիցների շահումներից կատարել որոշակի տոկոսի չափով գանձումներ։ Ապօրինության հետեւանքով, միայն պետտուրքի մասով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս: Հուլիսի 7-ին ՔՈԳՎ բերման են ենթարկվել ապօրինի խաղատան մոտ տասը խաղացողներն ու աշխատակիցները, կատարվել են զննություններ: Բացի խաղատնային պարագաներից, սրահում եւ բերման ենթարկված անձանց մոտ հայտնաբերվել եւ վերցվել են օգտագործված կաթուցիչներ՝ Մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածի հետքերով։ Փաստի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:
ԼԻԶԵՆՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ
Կառավարությունը սահմանել է արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի իրականացման լիցենզավորման կարգերը եւ այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձեւերը: Նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ լիցենզիայի տրամադրման կարգը եւ հայտի մերժման հիմքերը, որոնք հնարավորություն կտան լիցենզավորող մարմնին վերահսկողություն իրականացնել լիցենզիաների տրամադրման գործընթացում։ Սահմանվում են նաեւ արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի գործունեության քվոտավորման չափերը, որոնք եւս ուղղված են համապատասխան օրենքների պահանջների կատարումն ապահովելուն։
163 ՆՈՐ ԴԵՊՔ
Հուլիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 949 դեպք, որոնցից 218 022 -ը` առողջացած, 4556-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3261 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 253 024 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 5662 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք: Ունենք 126 առողջացած եւ 4 մահվան դեպք: