ՇԱՏ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՎ ՈՉ ՏՐԱԴԻՑԻՈՆԱԼ. ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հոգու եւ պարի թատրոնի» հիմնադիր Սոֆի Դեւոյանը նշել է ծննդյան 72-ամյակը: Հոգու հետ պարը ներդաշնակելու վարպետ Սոֆի Դեւոյանը ծննդյան եւ  ապրումների մասին զրուցել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ:

 

«Իմ սիրելի հոգու եւ պարի թատրոնի աղջիկներս, իմ սիրելի թիմս որոշել էր անակնկալ մատուցել ինձ: Վարձել էին վայր, որտեղ կար լողավազան, եւ անցկացնել օրն անսովոր, հետաքրքիր, ոչ այդպես ավանդական ռեստորանում: Ինձ համար շատ անսպասելի էր, երբ ես մտա այնտեղ, որտեղ որ ինձ ասել էին՝ մարդ չկա, հետո տարբեր անկյուններից բոլորը դուրս եկան, շնորհավորեցին. դա շատ մեծ անակնկալ էր ինձ համար: Այդ ամենը կազմակերպել էր իմ կոլեկտիվը: Յուրաքանչյուր կնոջ, մոր համար երջանկություն է, երբ նա սիրված եւ գնահատված է իրեն զգում իր մտերիմների եւ բարեկամների կողմից»,-նշում է Սոֆի Դեւոյանը:

Նշենք, որ վաստակավոր արտիստուհուն ինստագրամյան իրենց էջերում շնորհավորել էին հարսը՝ երգչուհի Զարուհի Բաբայանը, եւ թոռնուհին՝ կրտսեր Սոֆի Դեւոյանը: Նրանց գրառումներն ուղեկցվել էին գեղեցիկ նոր լուսանկարներով. «Հարազատ, իմաստուն, խոր, սիրելի եւ միակ սկեսուր, ծնունդդ շնորհավոր»,-գրել էր Զարուհի Բաբայանը:

Իսկ, ահա, Սոֆի Դեւոյան կրտսերը նշել էր.  «Իմ ամենաաաատատա, շնորհավոր քո ծնունդը… Երջանիկ ենք, որ քեզ նման լույս կա մեր տանը»:

Ապա պարուհին   ինստագրամի իր էջում տեսանյութ էր հրապարակել ու շնորհակալություն հայտնել իրեն հղած բարեմաղթանքների համար։ Տեսանյութում Դեւոյանը պարում է Ալլա Պուգաչովայի «Միլիոն ալ վարդեր» երգի տակ, ընթացքում նրան են միանում մի շարք երիտասարդ աղջիկներ։

«Շնորհակալ ենք բոլոր շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար։ Սիրում ենք ձեզ»,- գրել է Դեւոյանը։

Նշենք, որ Սոֆի Դեւոյանը 1999 թվականից «Պարի եւ հոգու թատրոն»-ի հիմնադիր-ղեկավարն է։ Բեմադրել է մի քանի բեմադրություններ` «Կոմիտասը մեր աչքերով», «Ամարաս», «Ազնվության ակնթարթներ», «Ընդդիմություն», «Ազնավուրյան ակնթարթներ», «Ես հավատում եմ», սյուիտ՝ նվիրված Փարաջանովին:

Ի դեպ,  «Սամսարա» պարը Լոզանի միջազգային փառատոնում արժանացել է բարձր գնահատականի։

Նա 1995 թվականին ստեղծել է նոր ոճ, որտեղ չկա զգեստ, դեմք, կան միայն ոտքեր եւ ձեռքեր։ Այդ ոճի մեջ արտացոլվում է հայկական մանրանկարչությունը եւ փիլիսոփայությունը։ 1994 թվականին ստեղծել է մշակույթի կենտրոն, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաեւ մանկական անսամբլներ։

Նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում։ 2009 թվականից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում` «Կյանքի գին 1, 2», «Վերադարձ», «Բախտաբեր»: Արժանացել է պետական բարձր պարգեւների՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984), «Մովսես Խորենացու» մեդալ (2009):

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՆՅՈՒՄԵԳ»-Ի ԱՄԱՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Այս տարի լրանում է «Newmag» հրատարակչության 3 տարին, որն այս ընթացքում թարգմանել եւ հրատարակել է 5 տասնյակ անուն բեսթսելլեր: Այս առիթով եւ առաջին անգամ հուլիսի 16-ին «Երազ» այգում «Newmag» հրատարակչությունը կազմակերպում է ամառային փառատոն՝ «Newmag Summer Fest 2021»-ը:

 

«Մեր նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ: «Newmag Summer Fest»-ը կսկսվի ուղիղ կեսօրին եւ կտեւի ավելի քան 12 ժամ»,- հայտնում է հրատարակչությունը։

Փառատոնն ունի 5 լոկացիաներ, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են տարբեր գրական միջոցառումներ:

Գլխավոր վայրը Քննարկումների սրահն է՝ Ground Hall-ը: Քննարկումների սրահում կլինեն պանելային քննարկումներ՝ «Որքանով է նպաստում սպորտի զարգացմանը սպորտային գրականությունը», «ժամանակակից ռուս գրականությունը», «Կին գրողներն ու գրականություն կանանց համար», «Կորստի ցավն ու գրականությունը. ինչպես հաղթահարել ողբերգությունը», «Համավարակն ու գրականությունը. ինչպես մեկուսացումը ազդեց բոլորի վրա»:

Ground Hall-ում նախատեսվում են նաեւ գրքի շնորհանդեսներ. միայն այդ օրը «Newmag»-ը կներկայացնի երեք բեսթսելլեր։ Գրադարան-սրճարանում հանդիպումներ, բաց դասախոսություններ կլինեն հայ հեղինակների հետ։

Book Garden-ում՝ գրապարտեզում, երեխաներին կսպասեն ու հեքիաթներ կկարդան Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփի Մաղաքյանը, Լիանա Վանոյանը եւ Նարեկ Մարգարյանը:

Օրվա ավարտին տոնական ակորդները կհնչեն Երաժշտական սրահում՝ Music Hall-ում: Այստեղ տեղի կունենա «Newmag Readers’ Prize» մրցանակաբաշխությունը: Իսկ վերջում բեմն արտիստներինն է. կերգեն Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Սրբուհի Սարգսյանը, Գոռ Սուջյանը: Փառատոնը կդառնա ամենամյա:

 

 

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարսելոնան» ու «Աթլետիկոն» մոտ են ֆուտբոլիստների փոխանակության։ Կատալոնական թիմին կմիանա «Աթլետիկոյի» 26-ամյա իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը։ «Բարսելոնայի» 30-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կվերադառնա նախկին ակումբը. հաղորդում է ESPN-ը։ Երկու ֆուտբոլիստներն էլ համաձայն են տեղափոխությանը։ Այժմ երկու ակումբները ավարտին են հասցնում հնարավոր բոնուսների վերաբերյալ բանակցությունները։ Սաուլի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Լիվերպուլն» ու «Չելսին»։ Անցած մրցաշրջանում Գրիզմանը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Սաուլը «Աթլետիկոյի» հետ 41 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

 

 

ՉԻ ՀԵՌԱՆԱ ԱԿՈՒՄԲԻՑ

Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Սերխիո Ռամոսը հույս է հայտնել, որ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն չի հեռանա փարիզյան ակումբից։ «Ես Մբապեին խորհուրդ եմ տալիս մնալ ՊՍԺ-ում։ Ես չեմ Կիլիանի ապագան որոշողը, բայց ցանկանում եմ, որ նա մնա։ Մեզ պետք են լավագույն խաղացողները։ Մբապեն Նեյմարի նման լավագույններից է։ Միասին կարող ենք հասնել հրաշալի նվաճումների։ Իհարկե, նման բան չէի ասի, եթե լինեի «Ռեալում», բայց հիմա մտածում եմ իմ թիմի մասին, իսկ իմ թիմը ՊՍԺ-ն է։ Ցանկանում եմ այստեղ տեսնել լավագույններին»,- Ռամոսի խոսքը մեջբերում է L՚Equipe-ը։ Մբապեին ձեռք բերելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը»։ Transfermarkt.com-ը նրա տրանսֆերը գնահատում է 160 միլիոն եվրո։

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է «ՓՅՈՒՆԻԿ»

Հայաստանի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը վերադարձել է Երեւանի «Փյունիկ». հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Գեւորգ Ղազարյանը «Փյունիկի» սան է։ Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 76 խաղ, դարձել 14 գոլի հեղինակ։ «Փյունիկի» կազմում Ղազարյանն անցկացրել է 61 խաղ՝ դառնալով 30 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։

 




Լրահոս