ԵՄ-Ն ՈՒ ՌԴ-Ն ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի եւ հայ-ադրբեջանական սահմանի շուրջ նոր զարգացումներ կլինեն: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2021 թվականի հուլիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման հիմնական հարցերը՝ շեշտը դնելով առեւտրային ներդրումների եւ հումանիտար համագործակցության վրա։ Միեւնույն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան Միշելի հետ հանդիպման ժամանակ, խոսել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության եւ Ադրբեջանի նոր նկրտումների մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մասնավորապես նշել էր. «Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաեւ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային եւ դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում»: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատերազմին պատրաստ լինելու հրահանգ է տվել: Ի վերջո, ի՞նչ սպասել առաջիկայում, եւ ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցով ՌԴ-ն։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովն անդրադարձավ ԵՄ օրակարգին՝ ասելով, թե նրանք մեծ հույսեր են կապում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերսկսման հետ։ «Կարծում եմ՝ կողմերը դիրքավորվում են սահմանագծման գործընթացին ընդառաջ։ Բոլորը հասկանում են, որ առանց դրա հնարավոր չէ որեւէ ուղղությամբ շարժվել, միայն փոխադարձ մեղադրանքներ են հնչում. սա բարդ իրավիճակ է: նկատվում է երկուստեք հետաքրքրություն, որին ՌԴ-ն դեմ չէ, բայց ՌԴ-ն նաեւ ակտիվ մասնակցություն ունի ՀՀ անվտանգության գործին, որին ուղիղ այլընտրանք այսօր ՀՀ-ն չունի»,- նշեց նա:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 17-ին՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո, հայրենի իշխանությունը ոգեւորված քննարկում է կառավարության անդամների նշանակման հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին թեժ քննարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հարցը, ու, կարծես թե, թեկնածուն այս պահին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է: Հիմա իշխանությունը արդադատության նախարարի փնտրտուքի մեջ է, ու այս պահին թեկնածուն ՀՀ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանն է. եթե այլ թեկնածու գտնեն, Վարդապետյանին դատական դեպարտամենտի ղեկավար կնշանակեն: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանության համար կարեւոր է նաեւ ԱԽ քարտուղարի հարցը։ Ի սկզբանե որոշված է եղել՝ Մխիթար Հայրապետյանը ՀՀ ԱԳ փոխնախարար կնշանակվի, բայց եթե ԱԽ քարտուղարի հարցը չկարողացան լուծել, Հայրապետյանը, հնարավոր է, ղեկավարի հենց ԱԽՔ-ը: Իշխանական մեր աղբյուրները նշում են նաեւ, որ անգործ չի մնա Հակոբ Սիմիդյանը. նրան պետք է նշանակեն ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, Սիմիդյանը չի ցանկանում մնալ օրենսդիր մարմնում: Մենք տեղեկացանք, որ դեռեւս անհույս վիճակ է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մոտ, քանի որ ոչ մի պաշտոնի նա չի համաձայնում նշանակվել: Առաջիկա օրերին նշանակումները վերջնական տեսքի կբերվեն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝  աշխատանքային ժամի ավարտին՝ 17:00-18:00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել ԳՇ պետ Դավթյանի եւ նրա առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի միջեւ: Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունն այնքան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքների, աթոռ, մոխրաման միմյանց վրա նետելուն, որից հետո վեճն արդեն շարունակվել է միջանցքում: Իսկ թե կոնկրետ ինչու եւ ինչ թեմայի շուրջ են վիճել շտաբի պետն ու նրա տեղակալը, աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թեեւ վեճի մի մասը տեղափոխվել է նաեւ միջանցք: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Զինված ուժերի գլխավոր շտաբից՝ նախ հետաքրքրվելով՝ վեճ եղել է, թե ոչ, ինչի շուրջ են վիճել ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու իր առաջին տեղակալը: Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հայտնեց. «Ձեր տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»:

 

 

Հայաստանում ավազի շուկայում իսկական քաոս է. արդեն մի քանի օր է, ինչ ավազի գինը կտրուկ բարձրացել է: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ավազի մեկ կիլոգրամը 200 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, այսինքն՝ ավազի 30 կգ պարկը 7500 դրամ է, նախկին 6000 դրամի փոխարեն: «Ժողովուրդ»  օրաթերթը փորձեց ավազի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից հետաքրքրվել ավազի գնի բարձրացման պատճառների մասին: Մեր հարցին ի պատասխան՝ նրանցից մի քանիսը հայտնեցին, որ այս ընթացքում ավազի հանման թույլտվություն չի տրվում. եթե տալիս են, ապա մեծ դժվարությամբ: Ասել է թե՝ ավազի դեֆիցիտ է Հայաստանում, ինչի արդյունքում մեկ բեռնատար ավազի գինը 25000-30000 դրամի փոխարեն այժմ վաճառվում է 40000 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավազի արդյունահանմամբ հիմնականում զբաղվում են նաեւ Արմավիրի եւ Արարատի մարզերում. մասնագետները վաղուց են ահազանգում, որ Արաքս գետի հունից նախատեսվածից ավելի ավազ դուրս բերելու արդյունքում խախտվում է գետի հունը: Մասնագետների խոսքերով՝ մի քանի օլիգարխ-ավազահանքատերերի կողմից Արաքսի հունից եւ ափերից ավազ հանելու հետեւանքով մեր առանց այդ էլ փոքրիկ երկրի տարածքն է՛լ ավելի է փոքրանում, քանի որ գետը թեքվում է դեպի մեր կողմ, եւ սահմանը ջրով է անցնում: Բացի այս, այս մարզերում կան գյուղեր, որոնք չունեն ավազի հանման թույլտվություն, սակայն անարգել ավազ է հանվում:




Լրահոս