ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան Միշելի հետ հանդիպման ժամանակ, խոսել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության եւ Ադրբեջանի նոր նկրտումների մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մասնավորապես նշել էր.
«Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու այս հայտարարությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որեւէ արձագանք չի տվել, եւ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաեւ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային եւ դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում»:
Այսօր էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատերազմին պատրաստ լինելու հրահանգ է տվել: Ի վերջո, ի՞նչ սպասել առաջիկայում, եւ ի՞նչ դիրքրոոշում ունի այս հարցով ՌԴ-ն՝ փորձել ենք պարզել ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովից:
-Պարո՛ն Կոլերով, Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի կողմից նոր սադրանք հրահրելու ցանկության մասին: Որքանո՞վ եք դա այս փուլում հավանական համարում:
-Առաջին հերթին, այո՛, Ադրբեջանը պատրաստ է նոր պատերազմի: Այո՛, այդ նոր պատերազմում Ադրբեջանն ունի բոլոր շանսերը հաղթելու, եւ դա այն բանի հետեւանքն է, որ Հայաստանը չի ցանկանում ինքն իրեն պաշտպանել, այլ արդեն իր սահմաններին հույսը դնում է ռուսական կամ մեկ այլ ազգի խաղաղապահների վրա: Դա նշանակում է, որ փուլային կերպով Ադրբեջանը կարող է մաս առ մաս Հայաստանից նոր տարածքներ վերցնել, եւ դա այնքան ժամանակ, քանի դեռ սահմանը մնում է չպաշտպանված: Եվ երկրորդ՝ սահմանազատման, սահմանագծման աշխատանքներն իրենից երկարատեւ աշխատանքներ են ենթադրում, եւ այդ տարածքում սահմանապահների տեղակայման հետ կապված հարցերը եւս կարճատեւ լուծման ենթակա չեն: Մինչ դա չկա, Ադրբեջանը ցանկանում է օգտագործել իր նոր հնարավորությունները: Այդ ամբողջ գործընթացները սահմանագծման, կրկին ասում եմ, երկարատեւ են եւ կարող են տեւել մի քանի տարի, եւ նվազագույնը այդ մի քանի տարում կարող են նոր զարգացումներ լինել:
-Այսինքն՝ Դուք սխա՞լ եք համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած առաջարկը՝ սահմանին ռուս սահմանապահների տեղակայման մասով:
-Այո, ես սխալ եմ համարում, քանի որ սահմանը նա ինքը պետք է պաշտպանի: Դա՝ առաջին հերթին, եւ եթե նա մտածում է, որ ռուս սահմանապահները պետք է կռվեն իր փոխարեն, ապա նա չարաչար սխալվում է: Հարցն այն է, որ ռուս սահմանապահները, որպեսզի տեղակայվեն սահմանին, ապա առաջին հերթին ընդգծենք, որ այդ սահմանը պետք է որոշված լինի: Այն այժմ որոշված չէ, իսկ եթե որոշված է, ինչո՞ւ այն անձամբ Հայաստանը չի պաշտպանում, ահա եւ վերջ:
-Դուք ասացիք՝ Ադրբեջանը ունի նկրտումներ, այդ դեպքում ի՞նչ պետք է անի Հայաստանը:
-Պետք է պաշտպանել սեփական երկրի սահմանները եւ հույսը չդնել ուրիշների վրա: Ֆորմալ կերպով, կարծես թե, Հայաստանը սահմանների պաշտպանության ողջ պատասխանատվությունը դնում է ռուս սահմանապահների վրա, ինչը սխալ է, եւ ընդգծեմ՝ ռուս սահմանապահները հայերի փոխարեն ոչինչ չեն կարող անել:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՎԵՃԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ «ՓԱԽԱԾ ԵՆ»
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին, իրավապահները ծանուցում են ուղարկել, սակայն մարզպետի որդին չի ներկայանում: Ավելին՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ծանուցում են ուղարկել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն եւ վիճաբանության մյուս մասնակիցներին եւս, բայց վերջիններս նույնպես փախած են. Այսքանով դեռ ամեն ինչ չի ավարտվում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանության մասնակցած եւ վիրավորում ստացած անձինք էլ՝ ի դեմս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդու, այս պահին հրաժարվում են ցուցմունք տալ: Նշենք, որ հուլիսի 15-ին կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Ըստ լուրերի՝ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել:
Ի դեպ, կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով, սակայն անցել է 5 օր, եւ իրավապահները դեռեւս որեւէ մեկին պատասխանատվության չեն կանչել, փոխարենը ակտիվ կերպով կալանքի են տանում համայնքի ղեկավարներին:
ՓԱԿՄԱՆ ԵԶՐԻՆ
Հայաստանում մակարոնի արտադրամասերը փակման եզրին են. տեղական արտադրողները մրցակցությանը չեն դիմանում: Պատճառը դրսից ներկրվող մակարոնն է: ArmLur.am-ը չի դադարում այս խնդրի շուրջ տնտեսվարողներից հեռախոսազանգեր ստանալ, որոնք պնդում են, որ ռուսական արտադրության մակարոնը մեր շուկայում ավելի էժան գնով է վաճառվում, քան տեղականը։ Սրան զուիգահեռ՝ ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում մակարոնի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-մայիս ամիսներին կտրուկ պակասել են՝ կազմելով 36.6 տոկոս։ Այսինքն՝ այս տարվա առաջին 5 ամիսներին արտադրվել է 2031 տոննա մակարոն՝ նախորդ տարվա 3202 տոննայի դիմաց։ Մակարոնի՝ տեղական շուկայում ստեղծված այս իրավիճակի հետեւանքով որոշ տնտեսվարողներ, հնարավոր է, առաջիկայում դադարեցնեն իրենց արտադրությունը:
Իրենք մակարոն արտադրելու համար մեծ ծախսեր են անում. էլեկտրաէներգիայի սակագինը բարձր է, որն էլ մակարոնի արտադրության ոլորտում տեսակարար կշիռ ունի։ Ի դեպ, մակարոն ներմուծողները (հիմնականում ներկրվում է ՌԴ-ից) ավելի շատ են օգտվում, քան նրանք, որոնք մակարոն են արտադրում: Եվ արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում իրենց ունեցածը սպառել կամ էլ այն իրացնում են ավելի էժան` այդպիսով մեծ վնասներ կրելով:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԵՂԾՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ: Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Հարց. Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային եւ պատմական պահանջներ։ Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ պահանջները։
Պատասխան. Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային եւ պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար։
Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջեւան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ եւ ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ապա մեզ համար դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։ Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական եւ թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է։ Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ հարատեւ թշնամություն սերմանելու եւ պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության համար։ Հայաստանին ռեւանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է, քան ռեւանշիզմի եւ մարդատյացության ամոթալի «հուշարձան»։
Հայաստանը շարունակելու է հետեւողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տեւական խաղաղության համար։