Երեկ Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում միջազգային համաժողով է անցկացվել, որին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն եւ հյուրընկալ երկրի՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Եվրոպական խորհրդի նախագահը Վրաստան է ժամանել Ադրբեջանից։ Շառլ Միշելը տարածաշրջանային այց է կատարում հարավկովկասյան երկրներ՝ նախ այցելելով Հայաստան, հետո՝ Ադրբեջան, հիմա Վրաստանում է։
Բաքվում այցի ավարտին նա մամուլի համատեղ ասուլիս է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այդ ասուլիսում, ինպես եւ Երեւանում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խնդրին:
«Եվրամիությունը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն հաստատելու համար»,- Բաքվում հայտարարել է Շառլ Միշելը։
«Մենք պետք է մտածենք, թե ինչ է պետք անել խաղաղության եւ առաջընթացի հասնելու համար, ինչ տարրեր է անհրաժեշտ հաշվի առնել տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն ապահովելու համար։ Ես հնարավորություն ունեցա այդ հարցը քննարկելու Ադրբեջանի նախագահի հետ։ Ես դիմել եմ եւ՛ Հայաստանի վարչապետին, եւ՛ Ադրբեջանի նախագահին եւ նշել, որ Եվրամիությունը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ այդ հարցում», – ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Ընդգծելով, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելությանը՝ Շառլ Միշելը միաժամանակ ասել է. «Բայց դա Եվրամիությանը չի խանգարում կիսվել իր փորձով, աջակցություն ցուցաբերել անվտանգության եւ կայունության ձեռքբերմանը եւ, որ ավելի կարեւոր է, տարածաշրջանի խաղաղությանը, առաջարկել որոշ գաղափարներ խաղաղության գործընթացի փոխադարձ առաջընթացի համար»։
«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի փոխանցմամբ՝ համատեղ ասուլիսում Իլհամ Ալիեւն ասել է, որ ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա կավելանան։
Փաշինյան-Միշել ասուլիսը, ըստ էության, երկու հիմնական թեմայի շուրջ էր՝ Եվրամիության աննախադեպ աջակցությունը Հայաստանին եւ հայ-ադրբեջանական հակամարտությունը։
Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարեց՝ ուժի կիրառումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով եւ միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
«Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որեւէ արձագանք չի տվել, եւ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաեւ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային եւ դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Բաքվում Շառլ Միշելը այցելել է Ջումա-մզկիթ, շեհիդների ծառուղի, ինչպես նաեւ ադրբեջանական արբանյակների կառավարման «Ազերկոսմոս» ընկերության կենտրոն։
«Բաքվում շեհիդների ծառուղում հարգանքի տուրք մատուցեցի Ադրբեջանի դեմ սովետական ագրեսիայի զոհերի հիշատակին։ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը համապատասխանում է Եվրամիության շահերին եւ մեր Արեւելյան գործընկերության անքակտելի մասն է կազմում», – «Թվիթեր»-ի իր էջում գրել է Շառլ Միշելը։
Ն.Հ.
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռաֆիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել 2021 թվականի ապրիլի 9-ին ԵԴ/0173/11/20 դատական գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տարված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում, ՀՀ Վերաքննիչ դատարան է մուտքագրել վերոնշյալ բողոքը: Արդյունքում գործը մակագրվել է դատավոր Ալեքսանդր Ազարյանին: Գեւորգյանը չի ցանկացել, որ իր գործը քննի դատավոր Ազարյանը. ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Գւորգյանը ինքնաբացարկի մեջ նշել է, թե Ալեքսանդր Ազարյանը «բարոյական իրավունքներից զուրկ, կոռուպցիայով դատավոր դարձած եւ կոռուպցիայով ղեկավարվող անձնավորություն է, որը իրավունք չունի իրեն վերաբերող գործ քննելու»: Եվ, ահա, այս արտահայտությունների համար է, որ նրան մեղադրանք է առաջադրվել:
ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔ Է ԿԱՏԱՐԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գեորգի Ռոբերտի Շամոեւին մեղադրանք է առաջադրվել, որ նա, նախնական համաձայնության գալով եղբոր՝ Ամիրան Շամոեւի հետ, 2021 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 6:20-ի սահմաններում, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, Վրաստանի կողմից հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ լեռնային ճանապարհով մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: ArmLur.am-ը գրել էր, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Յըլմազ Էրգինը, 2021 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 20:05-ի սահմաններում, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը եւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի՝ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի վարչական տարածքում տեղակայված թիվ 40 սահմանապահ ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի 9-րդ տեղամասում հաղթահարելով ինժիներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը եւ Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել ՀՀ, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:
Այսինքն՝ Յըլմազ Մուսայի Էրգինը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով:
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Մոսկվա: «Նման աշխատաքնային այց նախապատրաստվում է»,-ասել է Պեսկովը: «Դա աշխատանքային այց է: Ենթադրվում է, որ դիրքորոշումների հստակեցում տեղի կունենա»,- ընդգծել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է որեւէ փաստաթղթի ստորագրում այցի շրջանակում: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հուլիսի 20-ին տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները: «Նախատեսվում է կարծիքների փոխանակում տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ: Հիմնականում ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ
2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա. Ղազարյանը մահացել է: ՀՀ քննչական կոմիտեից փոխանցմամբ՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Մելիքյանն ազատվել է Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Մելիքյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար էր նշանակվել իշխանափոխությունից հետո՝ 2018-ին, մինչ այդ նա աշխատում էր Սփյուռքի նախարարությունում։