2021 թվականի հունիսի 12-ին Սյունիքի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել, որ անհայտ անձ, 2021թ. հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում «ՏիկՏոկ» սոցիալական ցանցի միջոցով 12-ամյա աղջկա հետ շփման ժամանակ կիսամերկ վիճակով տեսանկարել է նրան եւ այն հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել եւ ստացել է գումար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն: «Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Պարզվել է, որ 32-ամյա տղամարդը տասնչորս տարին չլրացած՝ 26.01.2009թ. ծնված աղջնակի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ պարբերաբար՝ 2021թ. հունիսի 11-ից մինչեւ հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, կատարել է անառակաբարո գործողություններ:
Մանսավորապես՝ տղամարդը, թաքցնելով իր իրական տվյալներն ու նպատակը, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրանցված էջով հիշյալ ժամանակահատվածում՝ օրվա տարբեր ժամերին, խաբեությամբ աղջնակից պահանջել է մերկանալ, համբուրվել անչափահաս եղբոր հետ, այդ ամենը լուսանկարահանել ու տեսանկարահանել եւ ուղարկել իրեն. երեխան կատարել է իրենց պահանջվածը, որից հետո իր կիսամերկ լուսանկարներն ու կատարված տեսագրությունները «Ինստագրամ», «Վայբեր» հավելվածների միջոցով ուղարկել է տղամարդուն:
Վերջինս, երեխայի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով աղջնակի հորից պահանջել է գումար, իսկ որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրանցված իր էջում հրապարակել է երեխայի կիսամերկ նկարը, իսկ պահանջած գումարը ստանալուց հետո ջնջել է հրապարակումը։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ։ 12-ամյա աղջնակը եւ վերջինիս հայրը ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել: Ձեռնարկված քննչական գործողությունների եւ ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 32-ամյա տղամարդը հայտնաբերվել եւ ձերբակալվել է՝ շորթում եւ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՉԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ
«Երբ ադրբեջանական կողմը, ի դեմս իրենց նախագահի, հայտարարում է, որ եկել է խաղաղության հաստատման ժամանակը, սա փաստացի նշանակում է, որ կողմերը դեռ պատերազմում են»,- ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները: Ելնելով դրանից՝ ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը չպետք է զարմանա Բաքվի այս կամ այն ??ագրեսիվ քայլերի ու սադրանքների վրա: Միաժամանակ նա անդրադարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարություններին, թե Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին: «Երբ պետության ղեկավարը, մասնավորապես՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, օգտագործում է «ոչ պաշտոնական տվյալների համաձայն» արտահայտությունը, սա նշանակում է, որ երկրում գործնականում չեն մնացել պետական ինստիտուտներ, որոնք կարող են գոնե ինչ-որ չափով ստուգված տեղեկատվություն տրամադրել», – պարզաբանել է Պողոսյանը: Նման հայտարարությունները, նրա խոսքով, կարող են շատ հարցեր առաջացնել, այդ թվում` միջազգային հանրության շրջանում: Պետության ղեկավարը, փորձագետի կարծիքով, չպետք է օգտագործի «ոչ պաշտոնական տվյալների համաձայն» արտահայտությունը: «Նման տեղեկատվություն կարելի է գտնել ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ փողոցում: Եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում էին որոշակի մեսիջ ուղարկել եվրոպացիներին, ապա պետք է հասկանային, որ Եվրամիության համար ընդհանրապես միեւնույնն է: ԵՄ-ն այս ամենի մեջ ներքաշվելու ոչ մի ցանկություն չունի», – շեշտել է ՀԿ ղեկավարը:
ԴՈՒՐՍ ԿԳՐՎԻ
Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինը, որը համալսարանական մասնագետների հսկողության տակ էր, առողջացել է եւ պատրաստ է դուրսգրման: Հիշեցնենք, որ Երեւանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ հայտնաբերվել էր նորածին երեխա եւ տեղափոխվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Երեխան ծնվել էր ոչ հիվանդանոցային պայմաններում, ուներ ինֆեկցիաներ եւ շնչառական անբավարարություն:
ԴԻ՝ ՀԱՃՆԻ ԿԱՄՐՋԻ ՏԱԿ
2021թ. հուլիսի 18-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի սկզբնամասում կայանված է «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենա, առանց վարորդի:
Այս մասին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից: Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակչին, որը վարել է վերջինիս եղբայրը՝ ծնված 1984թ., ում դին 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հայտնաբերվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք տանող կամրջի տակ՝ ձորի դժվարամատչելի տեղանքում: Տղամարդու մահվան պատճառը (պատճառները) պարզելու նպատակով որոշում է կայացվել՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Բացատրություններ են վերցվել մահացածի հարազատներից եւ կնոջից: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է երկու ընկերների կողմից 35-ամյա տղամարդու նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու եւ ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երկու ընկերները 35-ամյա տղամարդուն ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ 2021թ? հուլիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Իջեւան քաղաքի Երիտասարդական փողոցի շենքերից մեկի բնակարանում 35-ամյա տղամարդու կողմից ընկերոջ քրոջը նշված բնակարան տանելու համար նրանից վրեժխնդիր լինելու նպատակով պարբերաբար ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, ձեռքում եղած վառվող ծխախոտը հանգցրել է նրա ճակատին, «թզբեխ»-ով հարվածել գլխին եւ թքել դեմքին, ինչի արդյունքում 35-ամյա տղամարդուն պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք եւ ֆիզիկական ուժեղ ցավ՝ զուգորդված մարմնական վնասվածքներով: Բացի այդ, 35-ամյա տղամարդու կողմից ոստիկանություն դիմելու նպատակով տնից դուրս գալը խոչնդոտելու համար ընկերները նրան ապօրինի, կամքին հակառակ զրկել են ազատությունից՝ վերջինիս թույլ չտալով դուրս գալ վերոնշյալ բնակարանից՝ սպառնալով գործադրել կյանքի համար վտանգավոր բռնություն: