ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՄԻԱՎՈՐՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական երաժշտական կամերային թատրոնի անձնակազմին ԿԳՄՍ նախարարությունից առաջարկել են տեղափոխվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենք, ինչին Պետական երաժշտական կամերային թատրոնի ամբողջ անձնակազմը դեմ է:

 

Պետական երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսոն խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ այս որոշումը հանգեցնելու է սոցիալական ծանր հետեւանքների, քանի որ թատրոնը ստիպված գնալու է կրճատումների:

«Սա շատ վատ պատմություն է եւ ենթատեքստում չունի այն առաջ քաշած միտումները, որոնք մեր առջեւ դնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ասելով, թե, իբր, ցանկանում են բարելավել մեր պայմանները: Համոզված եմ, որ նախարարության՝ մեզ իբր ավելի լավ տեղում տեղավորելու մոլեռանդությունը չի բխում նրանից, որ ցանկանում է հոգ տանել մեր մասին: Հակառակը, տարածքը ցանկանում են ամեն կերպ տրամադրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Կասկածների առիթ է տալիս, թե ինչու այդպիսի մոլեռանդությամբ, ինչն է պատճառը, որ որեւէ կոլեկտիվի հանդեպ նման մոլեռանդություն չկա, եւ հանկարծ հայտնվեց հոգատարություն մեր մասին: Նշում են, թե Հ. Պարոնյանի անվան թատրոնն ունի մեծ տարածք, բեմ, նվագախումբ, լավ պայմաններ եւ այլն: Սրանք տեսական, օդում գրված բաներ են, եւ ինձ սկսում է զայրացնել այն ցինիզմը, որով մոտենում են այդ հարցին»,- նշում  է ռեժիսորը:

Գեղարվեատականը ղեկավարը զարմացած է, որ մի ամբողջ պետություն չի կարողանում սիմֆոնիկ նվագախմբի համար տեղ հատկացնել եւ թատրոններն ավելացնելու փոխարեն կրճատում է դրանք։

Այնուհետեւ ArmLur.am-ը զրուցել է նաեւ Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական եւ կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունի նա, եւ արդյոք կողմ է նախարարության այդ որոշմանը:

Պարզվում է՝ ԿԳՄՍ նախարարությունը թատրոնները միավորելու հարցը չի քննարկել Պարոնյանի անվան թատրոնի անձնակազմի հետ, միայն տեղեկացվել են տնօրենները:

«Մեծ հույսեր եմ փայփայում, որ հարցը դրան չի հասնի, որովհետեւ այս պահին ՀՀ կառավարության որոշման նախագիծը դեռ չկամ, եւ այս ամենն առայժմ բանավոր ցանկություն է: Հուսադրող է նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկի նվագախմբի տնօրենի խոսքն այն մասին, որ իրենք չեն ցանկանա՝ հարցը լուծվի այլ կառույցի հաշվին»,-նկատում է:

Նկատենք, որ ոլորտի մասնագետներն ահազանգում են՝ երկու թատրոնների միավորումը մեկ հարկի տակ այնքան էլ արդյունավետ չէ, քանզի նման նախադրյալ մեր պատմության մեջ եղել է, այն էլ՝ շատ բացասական հետեւանքով։ Խոսքը գնում է Մնջախաղի եւ Պատանի հանդիսատեսի թատրոնների մասին, որոնք միավորված են մեկ հարկի տակ, եւ բավականին բարդ է իրենց համար գործունեություն ծավալելը, հատկապես՝ Մնջախաղի թատրոնի համար։

Իսկ ինչ վերաբերում է այս թատրոններին, ապա մասնագետները նկատում են՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը եւ Պետական կամերային երաժշտական թատրոնը անհամատեղելի են, քանի-որ իրարից տարբերվում են թե՛ խաղացանկով, թե՛ ոճային առանձնահատկություններով ու ժանրերով, թե՛ ստեղծագործական մոտեցումներով։ Այսպիսով, բոլորը հույս ունեն, որ նախարարությունը կփոխի իր այս որոշումը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱՄՓՈՓՎԵԼ Է 15-ՐԴ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ

Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգով hուլիսի 15-ին ամփոփվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (ՀՊՍՆ) 2020-2021 համերգաշրջանը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Միրզոյանի՝ Սիմֆոնիան գոսերի եւ լարային նվագախմբի համար (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի) եւ «Շուշանիկ» քնարական պատկերը։ Կատարումներն ուղեկցվում էին Էդվարդ Միրզոյանին անդրադարձող տեսանյութերով։

 

ՀՊՍՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել են՝ նվագախմբի 15-րդ համերգաշրջանի փակման երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ 15-ամյա դաշնակահար Դմիտրի Իշխանովը՝ ներկայացնելով Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։ Պատանի դաշնակահարի՝ բեթհովենյան կոնցերտի մեկնաբանությունը մեծ ընդունելության արժանացավ երաժշտասերների կողմից։

«Ինչպես ինքը՝ մենակատարն է ասում, Բեթհովենի ստեղծագործությունները գրված են մտքի համար, քանի որ դրանք տրամաբանորեն են մտածված։ Այդ տրամաբանությանն Իշխանովն իր կատարմամբ միաձուլում էր մեծ հուզականություն, գեղեցիկ նրբերանգներ։ Դմիտրի Իշխանովի կատարումն աչքի էր ընկնում աննկարագրելի խորությամբ, հստակությամբ եւ մաքրությամբ, ինչը մեծապես հուզեց ունկնդրին. լեփ-լեցուն դահլիճը չէր թողնում դաշնակահարին հեռանալ բեմից։ Դմիտրի Իշխանովը ներկաներին նվիրեց եւս երկու կատարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը շնորհակալություն են հայտնում երաժշտասեր հանրությանը նվագախմբի 15-ամյա ուղին միասին անցնելու համար։

ՀՊՍՆ-ից հայտնում են, որ, համերգային գործունեությունից զատ, նվագախումբն այս համերգաշրջանի ընթացքում շարունակել է հայ երաժշտական ժառանգության արժեքավոր ստեղծագործությունների ձայնագրման եւ վտանգված պարտիտուրների թվայնացման աշխատանքները։ Բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում։ Դժվարություններով լի համերգաշրջանը հաղթահարելու համար նվագախմբին մեծ աջակցություն են ցուցաբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, բազմաթիվ հավատարիմ գործընկերներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար։

 

 

ՎԱՐԱԿՎԵԼ Է

Ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը վարակվել է կորոնավիրոսով եւ բաց կթողնի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Այդ մասին 17-ամյա մարզուհին հայտնել է թվիթերյան էջում: «Միշտ երազել եմ ԱՄՆ-ի թիմի կազմում մասնակցել Օլիմպիական խաղերին եւ հույս ունեմ, որ դեռ կունենամ այդպիսի հնարավորություն»,- գրել է Գաուֆը: Կորի Գաուֆը պետք է դառնար Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարին մասնակցած ամենաերիտասարդ մարզուհին: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով եւ կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

 

 

ՎԻՃԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԵՏ

Իտալական «Լացիոյի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մարզումներից մեկի ժամանակ վիճել է երկրպագուների հետ: Իտալացի մասնագետին դուր չի եկել, որ երկրպագուներն անպատվել են «Լացիոյի» Կոսովոյի հավաքականի հարձակվող Վեդատ Մուրիքիին: Սարին ֆանատներին հայտնել է, որ եթե նրանք շարունակեն վիրավորական արտահայտությունները, ապա ստիպված կլինեն լքել մարզադաշտը: Երկրպագուներն ուրախությամբ են ընդունել մարզչի ասածը: Հիշեցնենք, որ Վեդատ Մուրիքին 2020-ին է միացել «Լացիոյին», որը մոտ 20 միլիոն եվրո է վճարել նրան ձեռք բերելու համար: Ավարտված մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը մասնակցել է 34 հանդիպման եւ խփել 2 գոլ:

 

 

ԿԱՐԾԻՔ

Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ, Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը կարծիք է հայտնել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին: «Ինձ դուր է գալիս խաղալ լավագույն ֆուտբոլիստների հետ, իսկ Մեսին լավագույններից մեկն է: Բազմիցս նշել եմ, որ նրա համար միշտ տեղ կլինի իմ թիմում: Չնայած նրան, որ Նեյմարը խաղացել է «Բարսելոնայում», իսկ ես՝ «Ռեալում», մենք ունենք լավ հարաբերություններ: Նա ինձ հաղորդագրություններ էր գրում՝ համոզելով տեղափոխվել ՊՍԺ: Գնահատում եմ այդպիսի վերաբերմունքը»,- իսպանացի պաշտպանի խոսքը մեջբերում է TNT Sports-ը: Հիշեցնենք, որ 16 տարի «Ռեալում» անցկացրած Սերխիո Ռամոսի պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվել էր հունիսի 30-ին, եւ նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել ՊՍԺ-ին, որի կազմում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով: 35-ամյա իսպանացին ֆրանսիական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

 




Լրահոս