Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդեր Դե Կռուին Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է.
«Ձերդ Գերազանցություն
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։
Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Բելգիայի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունները և ձեռքբերումները համագործակցության տարբեր ոլորտներում:
Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ՝ Հայաստանի և Բելգիայի միջև փոխգործակցությունն էլ ավելի կզարգանա և կընդլայնվի երկկողմ և բազմակող ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում:
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Բրյուսելում հունիսին կայացած մեր հանդիպման և անկեղծ ու կառուցողական զրույցի համար և հաճույքով վերահաստատում Հայաստան այցելելու հրավերս:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Ձեր երկրին՝ հարատև բարգավաճում և առաջընթաց»։