ՍԴ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանն երեկ հրապարակել է «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործով ամբողջական որոշումը։ Հիշեցնենք, որ նշյալ կուսակցություններն ու դաշինքները պահանջում էին անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունները, սակայն հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը, այսինքն՝ ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր չճանաչվեցին։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է ամբողջական որոշումը եւ առանձնացրել հետաքրքիր դրվագները: Օրինակ՝ անդրադառնալով ընդդիմադիրների այն դիրքորոշմանը, թե հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը չէր կարող մնալ վարչապետի պաշտոնակատար, Սահմանադրական դատարանի եզրակացությունում ասված է. «Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության հրաժարականից հետո՝ մինչեւ նորանշանակ վարչապետի պաշտոնի ստանձնումը, Կառավարության անդամների պաշտոնավարման շարունակականության սահմանադրական պահանջը վերաբերում է ոչ թե վարչապետից բացի Կառավարության մյուս անդամներին, այլ Կառավարության բոլոր անդամներին՝ ներառյալ վարչապետի պաշտոնում նշանակված անձի պաշտոնավարմանը: Ն. Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում պաշտոնավարումը համահունչ է սահմանադրական կարգավորումներին»։ Անդրադառնալով իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին դիմումներին՝ ՍԴ-ն գտել է. «Չի հիմնավորվում, որ վարչական ռեսուրսը Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի կողմից օգտագործվել է կազմակերպված եղանակով եւ ունեցել զանգվածային բնույթ, ուստի դրա օգտագործման համադրումը չի փաստում, որ այն որեւէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա»: Նաեւ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դիմողների վկայակոչած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից կիրառված արտահայտությունների՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների վրա ունեցած ազդեցության հարցին, գտնում է, որ դրա վերաբերյալ դիմողների պնդումները հիմնավոր չեն: Հավելենք, որ ՍԴ որոշումը բաղկացած է 87 էջից:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն այս օրերին քննարկում են այն հարցը, թե ովքեր պետք է առաջիկայում ինքնաբացարկ ներկայացնեն, ու ովքեր պետք է գնան խորհրդարան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի եռյակից արդեն Լիլիթ Մակունցը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Ըստ մեր տեղեկությունների՝ Մակունցն արդեն ճամպրուկային տրամադրություն ունի, քանի որ օգոստոսի սկզբին պետք է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լինի` ՀՀ դեսպանի կարգավիճակում: ՔՊ նախընտրական ցուցակի առաջին տասնակից խորհրդարան կգնան Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Արփի Դավոյանն ու Արսեն Թորոսյանը: Իշխանության ցուցակի 20-րդ համար Արմեն Փամբուխչյանը կմնա ԱԻՆ-ում, հնարավոր է առաջիկայում նախարար նշանակվի: ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին եւս կուղարկեն խորհրդարան, այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման որոշում է կայացրել: 33-րդ համարը՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ինքնաբացարկ է ներկայացրել։ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը)՝ «Դեղերի փորձագիտական կենտրոնի»  ղեկավարը, ՔՊ-ի 44-րդ համարն է, որին եւս Փաշինյանը պատրաստվում է խորհրդարան ուղարկել: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն «տեղավորել» բոլոր այն անձանց, ովքեր դուրս կմնան օրենսդիր մարմնից: Փաշինյանն իրեն հավատարիմ անձանց կտեղափոխի կառավարություն: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի հոր գործողությունների մասով հարուցված քրեական գործը կարճվեց: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ հարուցված քրեական գործը կարճվել է վաղեմության ժամկետի հիմքով, եւ վնասը փոխհատուցվել է: Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերեւույթ ապօրինի ներգործության միջոցներ՝վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ: Այդ հիմնադրամի տնօրենը Վարդապետյանի հայրն է։ Հավելենք, որ «Ժողովուրդ»  օրաթերթը իր նախորդ համարում գրել էր, որ Վարդապետյանը կարող է նշանակվել արդարադատության նախարար։

 

 

Հայաստանում այս տարի անասնակերի դեֆիցիտ կա: «Ժողովուրդ»  օրաթերթը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ ֆերմերներից այն մասին, որ այս տարի ջրի սակավության պատճառով բավարար քանակությամբ խոտ չեն կարողացել հավաքել. չեն կարողացել ոռոգել դաշտերը եւ խոտի ակնկալած քանակությունը չեն հավաքել: Իսկ եթե անասնատերը կարողանում է հայթայթել, ապա շատ բարձր գնով եւ քիչ քանակությամբ. խոտի մեկ հակի գինը գերազանցում է 1800 դրամը՝ հասնելով 2000 դրամի: Ավելին, մասնագետների կանխատեսմամբ՝ անասնակերի պակասի եւ բարձր գնի պատճառով չի բացառվում, որ առաջիկայում անասնագլխաքանակը կկրճատվի: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ Արցախից մեծ քանակությամբ անասնագլխաքանակ է տեղափոխվել Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում, այդ պատճառով անասնակերի պահանջարկն է ավելացել: Բայց, չնայած սրան, անասնակերով չապահովելու դեպքում ֆերմերները ստիպված են լինելու իրենց անասուններին հարկադիր մորթի ենթարկել: Հետաքրքիր է՝ էկոնոմիկայի նախարարի ԺՊ Վահան Քերոբյանը տեղյակ է արդյոք այս խնդրի մասին, ձեռնարկում է որեւէ բան, թե ոչ: Այս պահի դրությամբ, կարծես թե, առարկայական ոչինչ չի արվում նրա եւ նրա ղեկավարած կառույցի կողմից:

 




Լրահոս