Ո՞Վ ԿԳԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ՝ ԿԻ՞ՆԸ, ԹԵ՞ ԱՄՈՒՍԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է ՀՀ անշարժ գույքի կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Բաբայանը պատրաստվում է պատգամավորական մանդատը վերցնել ու տեղափոխվել օրենսդիր մարմին: Բաբայանն ասաց, որ դեռ վերջնական որոշում չունի:

 

-Դուք որուշում ունե՞ք՝ մանդատը վերցրելու ե՞ք, թե՞ ոչ: Ուզում եք խորհրդարան գնա՞լ, թե՞ գործադիր մարմին կտեղափոխվեք: Ի՞նչ որոշում եք կայացրել:

– Այս պահի դրությամբ պետք է գնամ խորհրդարան:

-Նախընտրում եք օրենսդի՞ր աշխատանքը:

-Դեռ քննարկում վերջնական չի եղել: Այս պահի դրությամբ այլ բան չեմ կարող ասել:

-Այսինքն՝ թիմն ինչպես որոշի, այդպես էլ կվարվե՞ք:

-Այո:

-Շահարկվում է այն թեման, որ եթե Ձեր կինը եւս պատգամավոր լինի, շահերի բախում կարող է լինել: Որոշում ունե՞ք, թե ով պետք է խորհրդարանում լինի:

-Շահերի բախում այս պարագայում բացարձակապես տեղին չէ: Եթե այդ արտահայտությանը նայենք, կտեսնենք, որ որեւէ առնչություն չունի շահերի բախման հետ: Շահերի բախումը լինում է լրիվ ուրիշ տեղերում, ուրիշ դեպքերում: Սա շահերի բախում չէ: Ուղղակի սա մի քիչ անսովոր բան է Հայաստանի պատմության մեջ, բայց շատ բաներ են առաջին անգամ լինում:

-Իսկ հնարավո՞ր է տիկին Նազարյանը, օրինակ, տեղափողվի գործադիր մարմին, Դուք մնաք օրենսդիրում: Կա՞ նման որոշում: 

-Չէ, չկա նման քննարկում:

-Պարո՛ն Բաբայան, տեղեկություններ կան նաեւ, որ, հնարավոր է, տիկին Նազարայանն ընդհանրապես հրաժարվի մանդատից: Կա՞ նման բան:

-Սուտ է: Նման բան չկա:

-Հնարավո՞ր է՝ երկուսով էլ խորհրդարան գնաք:

-Այո, հնարավոր է:

-Այսպիսի տեղեկություն կա, որ գործադիրում Ձեզ չեն ուզում տեսնել, քանի որ կոռուպցիոն գործարքներ են եղել՝ Ձեր անվան հետ կապված:

-Դա տեղեկություն չէ, դա բամբասանք է: Նման բան առաջին անգամ եմ Ձեզանից լսում:

-Չկա՞ նման տեղեկություն:

-Չկա, Դուք որ ասում եք՝ տեղեկություն է, դա տեղեկություն չէ: Դուք, հնարավոր է, ինչ-որ տեղից բամբասանք եք լսել, որը ես չեմ լսել եւ չեմ էլ ուզում մեկնաբանել:

-Ձեզ աշխատանքից ազատելու հետ կապված տեղեկություններ են շրջանառվում: Ձեզնից եմ ուզում ճշտել՝ որքանով է տեղեկությունն իրականությանը համապատասխանում:

-Եթե ինձնից եք հարցնում, ասեմ, որ բացարձակապես իրական չէ:

-Պարո՛ն Բաբայան, սպասելի՞ էր Ձեզ համար Սահմանադրական դատարանի որոշումը:

-Ամբողջությամբ:

-Կարծում եք, որ ընդդիմությունը սխա՞լ ինֆորմացիան էր տրամադրում կեղծիքների հետ կապված:

-Մենք շատ երկար ժամանակ եղել ենք ընդդիմություն, մասնավորապես ես՝ 15 տարի: Ես հասկանում եմ, որ կեղծիք  ասելով չէ, դրա համար պետք է հիմքեր լինեն: Եթե կեղծիք է լինում, պետք է ֆիքսվի, արձանագրվի, ապացույց լինի: Օդի մեջ շատ բաներ կարելի է ասել:

-Իրենք ներկայացրին, որ զինվորներին ստիպողաբար են բերել քվեարկելու, նախապես ծրարներ են տրամադրվել իրենց եւ այլն:

-Դա սուտ է: Իրենք ներկայացրեցին, բայց ապացույց չներկայացրեցին: Եվ ամբողջ Հայաստանի մակարդակով իրենց ներկայացրած զինվորների  թիվը 100-200 հոգի էին: Ու նույնիսկ այդ ապացույցները չեն ներկայացրել, որովհետեւ  դա սուտ է: Մեր իշխանությունը ոչ մեկի ձայնը չի կեղծել  ու չի կեղծելու երբեւէ: Մեզ համար ընտրվելն ինքնանպատակ չէ: Ժողովուրդը ոնց ընտրում է, այդպես էլ լինելու է:

Իրենք կարող են միլիարնդեր ծախսել փիարի վրա, ամեն ինչի վրա, սուտ սոցիոլոգիական հարցումների տվյալների վրա: Ամեն ինչ կարող են անել, բայց ժողովրդի հետ գնալ, խոսել, շփվել եւ առերեսվել չեն կարող:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

«White Shorja»-Ն ՎԵՐԱԲԱՑՎՈՒՄ Է

Աղմուկի հետեւանքով փակված «White Shorja» լողափը կրկին վերաբացվում է: Լողափի ֆեյսբուքյան էջում արդեն տեղադրվել են գովազդները, որոնք ազդարարում են լողափի վերաբացման մասին: ArmLur.am-ը փորձեց պարզել, թե ինչպես է ստացվել՝ մեկ տարի առաջ փակված լողափը կրկին վերաբացվում է: Հիշեցնենք, որ նախորդ տարի հուլիսին, երբ կորոնավիրուսի բռնկման պատճառով լայնամասշտաբ հավաքույթներն արգելված էին, հենց այս լողափում փարթի էր կազմակերպվել, որին մասնակցել էր նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ սկսեց շրջանառվել այն տեղեկությունը, որ այս լողափը հենց նրան է պատկանում, պարզապես շահագործվում է այլ անձի կողմից: Դրանից հետո նոր բացահայտումներ եղան տարածքի ապօրինի շահագործման մասին, եւ Շրջակա միջավայրի նախարարությունն ապամոնտաժեց լողափի վրանները: Եվ, ահա, այս դեպքերից մեկ տարի անց լողափը կրկին վերաբացվում է:  ArmLur.am-ը զրուցեց տարածքի պատասխանատուներից մեկի հետ, որը չցանկացավ ներկայանալ՝ նշելով, թե ներդրումային ծրագիր է իրականացվել, եւ թույլտվություն են ստացել լողափը շահագործելու վերաբերյալ: Պատասխանատուի խոսքով՝ իրենք որեւէ կապ չունեն նախորդ տարի այն շահագործող անձանց հետ:

 

ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԴԻՄՈՒՄ

Քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները դատարան դիմելու գործընթաց են սկսել: Վերջիններս դատարան դիմելով են փորձում դուրս գալ կիսաբաց կամ բաց ռեժիմ: Մասնավորապես, Նորայր Քեղինյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ իր մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ որոշում կայացելուն պարտավորեցնելու: Ահարոն Սարիբեկյանն էլ դիմել է դատարան բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու, այն է` հայցվորին տեղափոխելով կիսաբաց տիպի ուղղիչ հիմնարկում հետագա պատիժը կրելու` վերացնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 25.11.2020թվի որոշումը:

 

ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«Գորիս» քրեկատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Խ.-ն հացադուլ է հայտարարել. վերջինիս նպատակն է վերջ դնել վարույթն իրականացնողի եւ դատարանների ապօրինություններին, որոնց արդյունքում Արտակ Խ.-ն ապօրինաբար զրկված է ազատությունից: Մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Յուրա Ավայանը հայտնել է, որ  2020 թ. նոյեմբերի 29-ին «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ կենտրոն է ընդունվել հրազենային վնասվածքից մահացած՝ Վ. Մ.-ն:

 

2020 թվականի նոյեմբերի 30-ին 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2020թ. դեկտեմբերի 3-ին Արտակ Խ.-ին մեղադրանք է առաջադրվել եւ նույն օրը դատարանի (նախագահող դատավոր՝ Գնել Գասպարյան) կողմից կայացվել է որոշում՝ անձին կալանավորելու վերաբերյալ: 2021 թվականի հունվարի 23-ին նույն դատարանի կողմից մերժվել է քննիչի կողմից ներկայացված կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը, եւ Արտակ Խ.-ն ազատ է արձակվել:

24.02.2021 թվականից վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի կողմից կայացված անհիմն դատական ակտով Արտակ Խ.-ն կալանավորվել է, եւ դրանից հետո մինչ օրս ամիսներ տեւած նախաքննությամբ ձեռք բերված փաստերով է՛լ ավելի է հիմնավորվել Արտակ Խ.-ի առնչության բացակայությունը Վահե Մ.-ի մահվան հետ, սակայն դատարանները՝ ի դեմս Գնել Գասպարյանի, Նապոլեոն Օհանյանի, Սեւակ Համբարձումյանի, Նարինե Հովակիմյանի, անհիմն, առանց որեւէ փաստի, հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում Արտակ Խ-ին պահում են կալանքի տակ՝ այսկերպ խախտելով վերջինիս հիմնարար իրավունքները:

Ըստ ամիսներ տեւած նախաքննության՝ պարզ է դարձել, որ Վահե Մ-ին մահ պատճառվել է ոչ թե Արտակ Խ.-ի կողմից, այլ մեկ այլ անձի:

Վարույթն իրականացնողը իր հիմնարկի ղեկավարների հետ ապօրինի առաջադրված մեղադրանքի բացասական հետեւանքների բեռից խուսափելու համար տարբեր պաշտոնատար անձանց միջոցով փորձեր են կատարել Արտակ Խ.-ին լռեցնելու եւ ապօրինի առաջադրված մեղադրանքը վերացնելուց հետո վերջիններիս ապօրինությունների արդյունքում ամիսներ կալանքի տակ գտնվելու մասով համապատասխան մարմիններին չբողոքելու համար:

Վերոգրյալ ապօրինություններին վերջ տալու համար Արտակ Խ.-ն 20.07.2021թվականից հայտարարել է հացադուլ եւ պահանջում է իրեն անհապաղ ազատ արձակել եւ պատժել սույն գործով առնչվող եւ ապօրինություններ կատարող պաշտոնատար անձնաց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս