ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները։ Նախորդ օրը երեկոյան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ պատգամավորական մանդատը չի վերցնի։

 

Արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել նրա ինքնաբացարկի դիմումը։ Քոչարյանն իր որոշումը բացատրել է նրանով, որ իր բնավորությամբ գործադիր իշխանության մարդ է՝ չնայած ժամանակին եղել է պատգամավոր թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարաններում։ Նա նաեւ հիշեցրել է, որ ինքն առաջադրվել էր որպես «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու։ «Այս քայլով նաեւ իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես դաշինքի վարչապետի թեկնածու։ Միեւնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ Ազգային Ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ Ֆրակցիան դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետեւողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին», – նշել է Քոչարյանը հայտարարության մեջ։ Արդյոք Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ֆրակցիան դաշինքի ներկայությունն է Ազգային ժողովում, նշանակու՞մ է, որ դաշինքն արդեն վերջնական որոշում ունի մանդատները վերցնելու վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանից բացի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս մեկ ինքնաբացարկի դիմում է ստացել «Քաղաքացիական պայմանագրից»։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն այս օրերին քննարկում են այն հարցը, թե ովքեր պետք է առաջիկայում ինքնաբացարկ ներկայացնեն, ու ովքեր պետք է գնան խորհրդարան:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի եռյակից արդեն Լիլիթ Մակունցը հրաժարական է ներկայացրել: Ըստ մեր տեղեկությունների՝ Մակունցն արդեն ճամպրուկային տրամադրություն ունի, քանի որ օգոստոսի սկզբին պետք է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լինի` ՀՀ դեսպանի կարգավիճակում: ՔՊ նախընտրական ցուցակի առաջին տասնյակից խորհրդարան կգնան Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Արփի Դավոյանն ու Արսեն Թորոսյանը: Իշխանության ցուցակի 20-րդ համար Արմեն Փամբուխչյանը կմնա ԱԻՆ-ում, հնարավոր է՝ առաջիկայում նախարար նշանակվի: ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին եւս կուղարկեն խորհրդարան, այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման որոշում է կայացրել: 33-րդ համարը՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը եւս ինքնաբացարկ կներկայացնի: Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը) ՔՊ-ի 44-րդ համարն է, որին եւս Փաշինյանը պատրաստվում է խորհրդարան ուղարկել: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն «տեղավորել» բոլոր այն անձանց, ովքեր դուրս կմնան օրենսդիր մարմնից: Փաշինյանն իրեն հավատարիմ անձանց կտեղափոխի կառավարություն:

Այս պահին պատգամավորական մանդատից արդեն հրաժարվել են հետեւյալ անձինք՝

  1. Լիլիթ Մակունց
  2. Սուրեն Պապիկյան
  3. Արայիկ Հարությունյան
  4. Նիկոլ Փաշինյան
  5. Անահիտ Ավանեսյան
  6. Ռոմանոս Պետրոսյան
  7. Հովհաննես Հարությունյան
  8. Հակոբ Սիմիդյան
  9. Գնել Սանոսյան
  10. Համբարձում Մաթեւոսյան
  11. Դիանա Գասպարյան
  12. Դավիթ Գեւորգյան
  13. Նարեկ Մկրտչյան
  14. Արամ Խաչատրյան
  15. Արարատ Միրզոյան
  16. Արմեն Փամբուխչյան։

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» դաշինքին, ապա դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը նշել է՝ առայժմ հստակ հայտարարություն չեն կարող անել Ազգային ժողով գնալ-չգնալու վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք օր է տվել ինքնաբացարկի դիմումների համար, վերջնաժամկետը լրանում է այսօր՝ երեկոյան ժամը վեցին։ Ինքնաբացարկի մասին դիմումներից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարելու, որի ժամանակ էլ կհայտարարի ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը։ Արդեն այս պահին հայտնի է, որ այն տեղի կունենա օգոստոսի 2-ին, որի ժամանակ կընտրեն ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովների նախագահներ։

 Ն.Հ.

 

 

ՏԱԳՆԱՊԻ ՄԵՋ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2021 թվականի հունվարի 23-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Արարատի մարզի Արեւաբույր համայնքի բնակիչ Խաչատուր Գրիգորյանը զանգահարել է «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության կայան եւ գանգատվել ոտքի ցավից։ Կանչով մեկնած շտապօգնության անձնակազմը բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Խաչատուր Գրիգորյանին տեղափոխել են «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ընդունարան, որտեղ վերջինս դրսեւորել է ագրեսիվ վարք, որի համար նրան ներարկել են «Սիբազոն» տեսակի դեղորայք։ Սակայն վերջինս չի հանգստացել եւ պահանջել է իրեն ներարկել ավելի ուժեղ ցավազրկող դեղամիջոց, մասնավորապես՝ 2 հատ «Տրամադոլ», 1 հատ «Կետոնալ» եւ 1 հատ «Դիմեդրոլ», սակայն բուժանձնակազմից տեղեկանալով, որ արդեն ստացել է համապատասխան ներարկումը եւ շուտով իրեն լավ կզգա՝ սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ընդունարանի աշխատակիցների հասցեին, գոռգոռալ եւ խաթարել հիվանդանոցի բուժանձնակազմի բնականուն աշխատանքը։

Այնուհետեւ հասարական վայր հանդիսացող հիվանդանոցի ընդունարանում Խաչատուր Գրիգորյանը, ցուցադրական կերպով անտեսելով շրջապատի մարդկանց, հակադրվելով հասարակությունում համընդհանուր ճանաչում ստացած համակեցության կանոններին եւ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով նրանց նկատմամբ, ուղղակի դիտավորությամբ տեւական ժամանակ, ինչպես նաեւ չենթարկվելով ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողների օրինական պահանջին դադարեցնելու իր ոչ իրավաչափ վարքագիծը, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մղումով կոպիտ կերպով, դիտավորյալ խախտել է հասարակական կարգը՝ տագնապի ու վախի մեջ պահելով հիվանդանոցի բուժանձնակազմին, որը զուգորդվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն է՝ տեւական ժամանակ սկսել է բարձրաձայն գոռգոռալ ու հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք:

 

 

ՀԱՂՈՐԴՈՒՄ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն` հուլիսի 16-ին Սեմյոն Բաբայանը իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել եւ հայտնել, որ մարտի 17-ին՝ ժամը 15:10-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել մրցույթ, որի ընթացքում իր համակարգչից էլեկտրոնային ձեւով ջնջվել է իր կողմից տրված 12 ճիշտ պատասխանները: Բաբայանի հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր:

 

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ընտրակացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։

 

 

ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«Հայաստանում հավատարմագրված դեսպանները Արցախ չէին գալիս. հիմա գոնե Երասխ տարեք, թող տեղում իրավիճակին ծանոթանան եւ իրենց մայրաքաղաքներում զեկուցեն, որ ագրեսոր Ադրբեջանը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ է ոտնձգում»,-հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան եւ 20-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից առանց ականանետերի կիրառման գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

 

 

ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մհեր Մկրտումյանին Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել: Նշենք, որ Մհեր Մկրտումյանը Արաբական Միացյալ Էմիրություններում դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հոկտեմբերի 25-ից: Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է  Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Էսթերա Մկրտումյանը հետ է կանչվել Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում եւ Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

 

 

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵՑ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստին պաշտպանները դատարանին միջնորդություն ներկայացրին՝ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին։ Պաշտպան Արամ Վարդեւանյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանի կողմից դրսեւորվել է պատշաճ վարքագիծ. «Անհրաժեշտություն չկա խափանման միջոց ընտրելու համար»։  Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

 

 




Լրահոս