ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ակնհայտ է համարում, որ 2021-ի տնտեսական աճը կլինի ի սկզբանե կանխատեսված ցուցանիշից ավելի բարձր, սակայն դժվարանում է ասել՝ երկնիշ տնտեսական աճ կապահովվի, թե ոչ՝ շեշտելով, որ կարեւորը առողջ տնտեսական աճ ապահովելն է: Դժվար է ասել՝ երկնիշ տնտեսական աճ կունենանք կամ չենք ունենա, կանխատեսումներ անելը շատ անշնորհակալ, բարդ գործ է, բայց որ տնտեսական աճը կլինի ի սկզբանե կանխատեսված ցուցանիշից ավելի բարձր, արդեն ակնհայտ է»,- ասել է Բ. Թունյանը:
Պատգամավորը հիշեցրել է՝ տարվա համար ի սկզբանե կառավարությունը կանխատեսում էր 3.2 տոկոս տնտեսական աճ, ԿԲ-ն՝ 1.6 տոկոս, միջազգային կառույցները՝ 1-1.5 տոկոս: Սակայն վերջինին ցուցանիշների ամփոփումից հետո բոլորը վերանայել են իրենց կանխատեսումները, կառավարությունը կանխատեսում է 6 տոկոս տնտեսական աճ, ԿԲ-ն՝ 4.6 տոկոս, միջազգային կառույցների կանխատեսումներն էլ շուտով կհրապարակվեն:
Նա հիշեցրեց՝ հունվար-մայիսին արձանագրվել է 4.3 տոկոս աճ, պատգամավորը վստահ է, որ առաջին կիսամյակի արդյունքներով ավելի բարձր աճ կգրանցվի: Պատգամավորը շեշտեց՝ պետք չէ այդ մեխանիկական ցուցանիշի վրա կենտրոնանալ: «Կարող է լինել 7 տոկոս ավելի առողջ, նորմալ աճ, քան 12 տոկոս: Թվերից, ավելի լավ է, մի պահ խուսափենք»,- ասաց Թունյանն ու պարզաբանեց՝ առողջ աճ նշանակում է, երբ տնտեսությունն աճում է ոչ թե մեկ ոլորտի կամ մեկ-երկու գործոնի հաշվին, այլ ապահովվում է հնարավորինս ներառական աճ, վերաբերում է բոլոր ոլորտներին, հնարավորինս շատ մարդիկ են մասնակցում այդ տնտեսական բարիքի ստեղծմանը, ըստ այդմ էլ՝ դա շատ մարդկանց բարեկեցության վրա է դրականորեն ազդում:
Պատգամավորը նկատել է, որ բավականին արագ են վերականգնվում շինարարության, հանրային ծառայությունների, հյուրանոցային տնտեսության ոլորտները: Նա դա պայմանավորեց նաեւ նրանով, որ անցյալ տարի այդ ոլորտները շատ խորը անկման մեջ էին հայտնվել, ըստ էության, այդտեղ շրջանառությունները գրեթե 0-ի էին հասել: «Այս տարի այդ կորցվածը վերականգնվում է, դրա համար աճի ցուցանիշներն ավելի բարձր են: Բոլոր ոլորտներում էլ աճ ունենք, հավասարաչափ է»,-ասել է նա:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ հիմա շատ իրանցի զբոսաշրջիկներ գալիս են Հայաստանում պատվաստում, 10 օր մնում եւ գնում, այս առումով զբոսաշրջության աճն արհեստական չի լինի արդյոք, նա բացասական պատասխան տվեց՝ հիշեցնելով, որ զբոսաշրջիկներին հաշվարկելու համար կան հստակ ցուցանիշներ՝ մարդը պետք է սահմանը հատի, որոշակի ժամանակահատված անցկացնի այս երկրում ու գնա: Պատգամավորը նշեց, որ Հայաստան պատվաստվելու համար եկող այդ մարդիկ դասական զբոսաշրջիկներ են: «Դա կոչվում է բժշկական տուրիզմ: Կա խոհանոցային, բժշկական տուրիզմ եւ այլն: Հիմա, եթե տուրիստը գալիս է Հայաստան, ժամանակն այստեղ անցկացնելու՝ կլինի 2, թե 3 օրով, նա գալիս է Հայաստանում գումար ծախսելու, որոշակի ծառայություններից օգտվելու համար, այդ ընթացքում նա օգտվում է ե՛ւ ռեստորանների, ե՛ւ հյուրանոցային օբյեկտներից, եւ պատվաստում է ստանում եւ գնում: Սա շատ լավ ու առողջ պրոցես է, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը շատ լավ նախադրյալներ ունի՝ դառնալու նաեւ բժշկական տուրիզմի կենտրոն»,-ասել է նա:
Խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Թունյանը նկատել է, որ դա, ըստ էության, ավելի շատ իրավական բնույթի հարց է, քան տնտեսական: «Իհարկե, լավ չէ, երբ տնտեսավարողները եւ իրավապահ մարմիններն առնչություն են ունենում, բայց եթե այդտեղ կատարվում են որոշակի գործողություններ քննչական մարմինների կամ իրավապահների կողմից, նշանակում է՝ դրա համար կան որոշակի հիմքեր: Այսինքն՝ անկախ նրանից՝ ընկերությունը որքանով է կարեւոր Հայաստանի համար կամ ինչքան եկամուտ է ապահովում Հայաստանի բյուջեի համար, եթե կան խախտումներ, դրանց համար պետք է հետեւեն պատասխանատվությունները»,- շեշտել է նա:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՔՎՈՏԱ
Հուլիսի 9-ին կայացել է միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի նիստը։ Քննարկվել են եռամսյակային հրատապ օգնության դիմումները, հարակից բազաներից ստացված տեղեկատվությունները եւ այլ ընթացիկ հարցեր: Ներկայացված եռամսյակային հրատապ օգնության 98 դիմումից բավարարվել է 60-ը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սահմանել է եռամսյակային հրատապ օգնություն ստացողների առավելագոյւն քանակ՝ 60, ուստի այդ չափով էլ օգնություն է տրվել։ Պետական բյուջեից պարբերաբար մեծ գումարներով պարգեւատրվող պաշտոնյաները Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտում ապրող, սոցիալապես անապահով եռամսակային հրատապ օգնություն ստացողների առավելագույն քանակ է սահմանել 60-ը, ինչը խիստ անբավարար է։
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2021թ. հուլիսի 14-ին որոշում է ընդունել Մարինե Խաչատրյանին ազատել «Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենից պաշտոնից եւ նրան «Աչաջրի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնկատար նշանակել մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող մասնակցի կողմից տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելը։
Հուլիսի 2-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշում է ընդունել Կորյուն Վարդապետյանին ազատել «Աչաջրի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից եւ լուծել 2018թ. ապրիլի 28-ին նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։ Որպես մարզպետի որոշման հիմք՝ նշված է Կ. Վարդապետյանի հունիսի 29-ի անձնական դիմումը։ Հունիսի 20-ի ընտրություններում Կ. Վարդապետյանը սատարել է «Հայաստան» դաշինքին, եւ աշխատանքից ազատվելը դրա հետեւանքն է։ Շուրջ մեկ տարի առաջ անզգայացնող բժիշկ եւ վիրահատարան չունենալու պատճառաբանությամբ փակեցին Աչաջրի առողջության կենտրոնի ծննդատունը, Կ. Վարդապետյանը պայքարում էր ծննդատունը փակելու դեմ։ Նա հայտնի է որպես հմուտ մանկաբարձ-գինեկոլոգ, սրտակից մարդ, Տավուշի մարզում եւ մարզի սահմաններից դուրս բարի համբավ է վայելում, շատ հղիներ նրան են վստահում իրենց առողջությունը։ Կորյուն Վարդապետյանին աշխատանքից ազատվելու լուրը շատ վատ է ընդունվել Տավուշի մարզի բնակչության, հատկապես՝ երիտասարդ մայրերի կողմից։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ
Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Համապատասխան գրառումը պաշտոնյան արել է իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում: «Խորը մտահոգիչ զարգացումները շարունակվում են հայ-ադրբեջանական պետական սահմանին: Կրկնում ենք զսպվածության, ուժերի տարանջատման եւ սահմանային հարցերով առանց նոր կորուստների կառուցողական երկխոսության մեր կոչը: Եվրամիությունը պատրաստ է օգնել կողմերին»,-գրել է Կլաարը: Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան եւ 20-ի գիշերը՝ մինչեւ ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից առանց ականանետերի կիրառման գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որեւէ փոփոխություն թույլ չի տալու։
ՀԱՆՑԱՎՈՐ ԲՆՈՒՅԹԻ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով երեկ եղել է Երասխում (ՀՀ Արարատի մարզ): ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Երասխի հարեւանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի եւ առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը: Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարեւանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին եւ նաեւ ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող:
Այցի արդյունքները կամփոփվեն` արձանագրելով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Առանձին զեկույցով մանրամասները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ եւ այլն), ինչպես նաեւ ՀՀ պետական համապատասխան մարմիններին: