«ԴԱ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՁԵՌԱԳԻՐՆ Է». ՄԱԳԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը, շարունակելով հայտնի մարդկանց հետ իր շարքը, այս անգամ զրուցել է դերասանուհի, տիկտոկեր Մագա Հարությունյանի հետ:

 

Վերջինիս հետ զրուցել ենք «Չէին սպասում» հաղորդման շրջանակներում իր աղմկահարույց մասնակցության, տիկտոկային կյանքի եւ մազերի վառ երանգների մասին:

-Մագա՛, այս օրերին լայնորեն քննարկվում է ձեր մասնակցությամբ «Չէին սպասում» հաղորդումը: Կպատմե՞ք՝ ինչու այդպես ստացվեց:

-Անկեղծ ասած, չէի ուզենա կրկին այդ թեմայի մասին խոսել, քանի որ ուզում վերջնականապես փակել այդ թեման: Ես ոչ մեկի դեմ ոչ մի բան չունեմ, ոչ մեկի գիտելիքները չեմ թերագնահատում ու չեմ ասում՝ ես ինչ-որ մեկից խելացի եմ: Ամեն դեպքում, ես տկար չեմ, ես խնդիր չունեմ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու:

-Դուք կարծում եք, որ Սուրենի կողմից նման հարցադրումները եղել են միտումնավո՞ր:

-Ես ի սկզբանե հաղորդաշարի մասին ուրիշ պատկերացում եմ ունեցել, չեմ կարող ասել՝ միտումնավոր էր արված, թե ոչ, բայց դա Սուրենի ձեռագիրն է, եւ նման դեպքեր միայն ինձ հետ չեն եղել, պարզապես երեւի ես քննարկվող դեմք եմ Հայաստանում, եւ դա է պատճառը, որ հաղորդումն այդքան լայն տարածում գտավ: Սուրենի կծողական, հեգնանքով հարցերը բոլոր հաղորդումներում եւ հյուրերի հետ զրույցներում հնչում են: Չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրել, ինձ համար մեկ է, ես անցել եմ առաջ:

-Զղջացե՞լ եք, որ մասնակցել եք հարղորդմանը:

-Ո՛չ, չեմ փոշմանել, քանի որ ես արել եմ իմ լավությունը եւ տվել եմ իրենց իրենց ուզած ռեյտինգը, եւ վստահ եմ, որ այն հաղորդումը, որտեղ ես եմ մասնակցել, ունեցել է բավականաչափ դիտում: Իրականում ես շատ ջղայնացած եմ, իմ տուն եկել են ուրիշ նպատակով, իմ դիմակը պատռելու, օկ, իմ դիմակը պատռելուց հասկացան, որ ես աղյուսակ չգիտեմ կամ Թումանյանին եւ Չարենցին չեմ տարբերում. եթե դա նույնիսկ այդպես է, ես չեմ հասկանում նրա քայլը: Եթե հաղորդաշարը լիներ Միացյալ Նահանգներում, այլ ոչ թե Հայաստանում, ապա նման հաղորդավարներին հեռուստադիտողը «քենսլ» կաներ, բայց քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, սա շատ նորմալ վարքագիծ է, եւ ինչպես Սուրենն է ասում, իմ հետեւորդներն էլ ինձ պես տգետ են: Իհարկե, սա միայն իր կարծիքն է, եւ ողջ աղմուկից հասկացա, որ ես մենակ չեմ: Ես հասկացել եմ, որ ում ոնց պետք է, նա այդպես էլ ընկալում եւ հասկանում է. այս դեպքում զուր են իմ ջանքերը, թող ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ կա:

-Հաղորդումից հետո արդյոք խոսե՞լ եք Սուրենի հետ:

-Բացարձակ:

-Ինչո՞ւ:

-Կարիք չկար, զանգեի կամ փորձեի հանդիպեի որպես ի՞նչ: Նա գիտեր, թե ինչու էր եկել իմ տուն եւ ինչի համար: Եկավ, պատռեց, իմ շնորհիվ իր ռեյտինգը բարձրացրեց ու գնաց:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՆՅՈՒՄԵԳԻ» ԱՄԱՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

«Նյումեգ» հրատարակչությունը, որը հիմնադրվել է 2018 թվականին, տարիների կատարած լայնածավալ աշխատանքն ամփոփում է գրական միջոցառմամբ՝ «Նյումեգի» ամառային փառատոնով, որի շրջանակում ընթերցողները կարող են զեղչերով գրքեր ձեռք բերել, մասնակցել հետաքրքիր քննարկումների, շնորհանդեսների եւ այլ միջոցառումների, իսկ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեն համագործակցային նոր կապեր հաստատել:

 

Փառատոնը, որի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելերներ, մեկնարկել է  հուլիսի 16-ին «Երազ» այգում:

«Նյումեգ» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, ներկայացնելով իրենց ձեռքբերումները, շեշտել է, որ հրատարակել են 50-ից ավելի գիրք, ունեն ավելի քան  40 հեղինակ, որոնցից 5-ը՝ տեղացի, իսկ 35-ը՝ արտասահմանյան: Թարգմանում են ավելի քան տասը լեզվով եւ վաճառել են արդեն 70 000-ից ավելի գիրք:

«Այսօր աշխատում ենք ավելի քան 50 գրավաճառի հետ, կառուցել ենք շատ առողջ, ջերմ ու սրտացավ հարաբերություններ եւ հենց նրանց շնորհիվ «Նյումեգը» ունի այն, ինչ ունի, հասել է այստեղ եւ կարող է խոսել ապագայից»,-ասել է նա:

Խոսելով փառատոնի կարեւորության մասին՝ «Նյումեգի» գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը վստահեցրել է, որ փառատոնը բոլորի հաջողությունների առաջին քայլն է: «Փառատոն ասելով՝ չպետք է պատկերացնենք միայն տոնավաճառ: Այս փառատոնը յուրատեսակ վայր է, որտեղ հանդիպում են թարգմանիչներ, սրբագրիչներ, խմբագիրներ, հրատարակիչներ, տպագրիչներ, վաճառքի գործակալներ, հեղինակային իրավունքի մասնագետներ, դիզայներներ եւ այլք: Սա մտքերի փոխանակման հետաքրքիր տեղ է: Փառատոնը հնարավորություն է տալիս  շատ ընկերական մթնոլորտում քննարկել գործնական հարցեր»,- ասել է Նալբանդյանը:

«Նյումեգի» փառատոնին նախատեսվում են հանդիպումներ գրողների հետ, գրական ընթերցումներ, կգործի քննարկումների սրահ, կանցկացվեն բաց դասախոսություններ եւ երաժշտական կատարումներ: Փառատոնը կտեւի մեկ օր:

 

 

ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐԻՆ՝ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏ

Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել նշանավոր դուդուկահար եւ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի եւ Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանին: «Ամենամեծ գործն այն է, որ ես իր գործը շարունակեմ: Նա արդեն իր օրհնությունը տվել էր, որ ինձ մոտ ստացվում է: Սիրով եմ դա անում»,- Ամերիկայի ձայնի հետ զրույցում նշել է Ջիվան Գասպարյան կրտսերը։ Նա տեղեկացրել է, որ հուղարկավորությունը կլինի Հայաստանում հուլիսի 24-ին։ 11.00-ից 14։00-ն Ջիվան Գասպարյանին հրաժեշտ կտան Ֆիլհարմոնիայում։ Անվանի դուդուկահարի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: Նշենք, որ հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ կյանքի 93-րդ տարում մահացել է մեծ երաժիշտը։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը։ Նա թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։

 

ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Օդեսայի «Չեռնոմորեցի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը երկարաձգել է ուկրաինական ակումբի հետ գործող պայմանագիրը. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: 24-ամյա ֆուտբոլիստը 2020-ի հունվարին Երեւանի «Ալաշկերտից» է տեղափոխվել «Չեռնոմորեց», որի կազմում անցկացրել է 39 պաշտոնական հանդիպում, դարձել 9 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ մրցաշրջանում նա «Չեռնոմորեցին» օգնել էր նվաճել Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ուղեգիր:

 

ՆՈՐԱՄՈՒՏՆ Է ՆՇԵԼ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրը պաշտոնական խաղերում նորամուտն է նշել Դանիայի ուժեղագույնների լիգայի ուղեգիր նվաճած «Սիլկեբորգի» կազմում: Դանիայի առաջնության առաջին տուրում «Սիլկեբորգը» տանը գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Սյոներյուսկի» դեմ տնային հանդիպումը, իսկ 31-ամյա ֆուտբոլիստը դաշտի տերերի մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման: Նա ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Անդրե Կալիսիրը մայիսին էր տեղափոխվել դանիական ակումբ, որի հետ կնքել է 2.5 տարվա պայմանագիր: Այս մրցաշրջանի երկրորդ հատվածում Կալիսիրը հանդես էր գալիս հունական «Ապոլոն Սմիրնիսի» կազմում: Ձմռանը նա շվեդական «Գյոտեբորգից» էր տեղափոխվել «Ապոլոն Սմիրնիս», որի կազմում Հունաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 7 խաղի եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

 

 




Լրահոս