ՊՆ-ՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական դիրքերը սահմանամերձ Երասխի գրեթե բոլոր տներից տեսանելի են, վերջին օրերի կրակոցի ձայները պարզ լսելի են եղել։  Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջեւանի հատվածում անցած շաբաթվանից է լարվել: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել էր հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, անգամ ականանետ է կիրառվել։

 

Փոխհրաձգության հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը: Նա, ըստ ռազմական գերատեսչության, տեղանքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն էր կազմակերպում։ Միեւնույն ժամանակ ակտիվ փոփոխություններ են ՀՀ պաշտպանության նախարարությունում, եւ Արշակ Կարապետյանը նշանակվել է  նախարարի տեղակալ։ Այս եւ այլ հարցերի շուրջ Ժողովուրդ օրաթերթը զրուցել է ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանի՝ Կոռնիձորի Արոյի հետ։

-Պարո՛ն Խուդավերդյան, ի՞նչ եք կարծում՝ սահմանում ի՞նչ զարգացումներ կլինեն, նաեւ Երասխում կրակոցներ են։

-Դա կախված է գերտերությունների շահերից, թե ինչպիսի շահեր կհամընկնեն մեր տարածքում, որը պետք է լինի մետաքսի ճանապարհը, իսկ Երասխը խանգարող կողմ է եղել միշտ։ Չեմ կարող ասել՝ ինչպիսի վերադասավորումներ են հիմա միջազգային արենայում, գերտերությունների մեջ, կերեւա ընթացքում իսկ այս պարագայում ես տեսնում եմ դիրքային կրակոցներ, որը ցույց է տալիս երկու կողմերի արթուն լինելը, հանձինս հայկական կողմի զինուժը  կա, գոյություն ունի եւ պատրաստ  է պայքարի,  իսկ Ադրբեջանի վախը երեւաց այս քանի օրը։ Իսկ Երասխի ժողովուրդը ապացուցեց, որ չի վախենում եւ իր տներից դուրս չեկավ նույնիսկ։ Եթե լինի այս բախումը, ապա այն պետք է  ավարտվի հակառակորդի կապիտուլյացիայով, բայց դա կախված է աշխարհի տերերից։

-Դուք նկատի ունե՞ք Ռուսաստանի Դաշնությանը։

-Իրենք շատ մեծ դերակատարություն ունեն այս հարցում։ Առանց ՌԴ եւ Թուրքիա համաձայնության, ոչ մի հարց չէր կարող լուծվել այս տարածաշրջանում։ Դրա վառ ապացույցն էր գերիների պատասխանատվության ստանձնումը եւ պատերազմի դադարի մասին եռակողմ համաձայնագիրը, որի միջնորդը հենց այդ երկիրն էր։

-Այս ընթացքում այն տեսակետն է շրջանառվում, թե հայկական կողմը պատրաստ չէ պատերազմի, քանի որ նոր է պարտվել։

-Նախարար փոխելը կամ վերադասավորումներ պետք է  լինեն, եւ դրանք պետք  է արդեն, որքան էլ ցավոտ լինի, որպեսզի պատրաստ լինենք պատերազմի։  Ես կարծում եմ՝ Հայաստանը պատրաստ է պատերազմի, եւ եթե անգամ պատրաստ չենք, պետք է  պատրաստվենք եղածի չափով։ Մենք տեսանք, որ արցախյան պատերազմում մենք մնացինք մեն-մենակ, եւ ոչ ոք մեզ չօգնեց,  դա պետք  հաշվի առնել։

-Ընդդիմությունը ասում է, թե Փաշինյանը վաղուց է պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ, եւ այս կրակոցները պարզապես նախապատրաստություն է՝ անկլավները հանձնելու։

-Ընդդիմությունը թող կրի մարտյան դեպքերի պատասխանատվությունը, նոր կլսենք նրանց եւ կընդունենք նրանց ասածները։ Այժմ ընդդիմության ասածները լսել չի կարելի, եւ հայ ժողովուրդը իր քվեով ցույց տվեց, որ ընդդիմությանը վստահել չի կարելի։ Իրենք հույս ունեին, որ ժողովուրդը պատերազմից հետո կհեռացնի Փաշինյանին, բայց այդպես չեղավ, եւ հայ ժողովուրդը սատարեց այժմյան իշխանություններին։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՍՏԱՌԸ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Ջանբազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա դիտավորությամբ հրկիզման եղանակով կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով ոչնչացում:

Մասնավորապես՝ 2021 թվականի մայիսի 09-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Սարգիս Մովսեսի Ջանբազյանը, ներկայանալով Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցում տեղակայված «Իմիջ ՄԳ» ՍՊԸ-ին պատկանող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառը կրող վահանակի մոտ,  որոշել է հրկիզել այն: Վերջինս մետաղալարին լաթի կտոր ամրացնելով եւ նրանում քար փաթաթելով՝ այն նետել եւ անցկացրել է վահանակի վրայով, որից հետո կտորը դյուրավառ հեղուկ հանդիսացող բենզինով թաթախելուց հետո լուցկիով այրել է այն եւ բարձրացրել վեր՝ այդ միջոցով հրկիզելու դիտավորությամբ ոչնչացրել հիշյալ պաստառը՝ պատճառելով ընկերությանը զգալի չափերով 85.050 դրամ գումարի գույքային վնաս։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 

 

ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝  Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմում է ուղարկել Գլխավոր դատախազություն եւ հայտնել, որ քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից շահագործվող «Քանաքեռ» գերեզմանատան գործունեության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախատումներ, մասնավորապես՝ մասնակի փակ ռեժիմ ունեցող «Քանաքեռ» գերեզմանատանը եւ դրա հարակից տարածքում կատարվող ապօրինի հուղարկավորությունների, աշխատակիցների կողմից իրենց գործառույթային պարտականությունները ոչ բարեխիղճ կատարելու եւ ապօրինի հողարկավորությունները օրինականացնելու գործողություններ:

Քաղաքապետի դիմումի մասով նախապատրաստվում են նյութեր:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ՊՆ ՈՒՄ

Սահմանին լարված իրավիճակին զուգահեռ ՀՀ պաշտպանական գերատեսչությունում նշանակումներ եւ ազատումներ են։ Երեկ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

 

Այս նշանակմանը նախորդել էր պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հրաժարականը։ Ռազմական գերատեսչության ամենաբարձրաստիճան պաշտոնյան փաստորեն այժմ Արշակ Կարապետյանն է եւ, մեր տեղեկություններով, կառավարության ձեւավորումից հետո հենց նա էլ կնշանակվի պաշտպանության նախարար։

Իսկ ո՞վ է 54-ամյա Արշակ Կարապետյանը։ Նա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության պետն էր։ 2016-ին Կարապետյանը եզակի այն պաշտոնյաներից էր, որ պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից։ Շատերը հենց նրան էին պատասխանատու համարում ապրիլյանի զոհերի ու նաեւ տարածքային կորուստների համար։

Սակայն 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Կարապետյանը նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական, իսկ ապրիլի 6-ին այդ պաշտոնից ազատվելով՝ նշանակվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Ընդդիմությունն այն ժամանակ քննադատել էր նրա նշանակումը՝ նշելով, որ ապրիլյանի դեպքերը ուսումնասիրելու արդյունքում ակնհայտ է դարձել, որ բազմաթիվ թերացումներ են եղել նաեւ հետախուզության ոլորտում, որոնք հիմք են քրեական գործերի համար, եւ դրա պատասխանատուն էլ հենց Կարապետյանն է։

Ավելին, հեղափոխության օրերին նրան քննադատել էր հենց իշխող թիմը։

Սակայն, փաստորեն, սա չի խանգարում, որ այժմ Արշակ Կարապետյանը զբաղեցնի ռազմական գերատեսչության ամենաբարձր պաշտոնը։

Երեկ արդեն Կառավարության  աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալին։

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 




Լրահոս