ԲԱՔՈՒՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԵՐԿԱԹԸ ՏԱՔ-ՏԱՔ ԾԵԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Regnum կայքում անդրադարձել է Հարավային Կովկասում եւ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին` հիմնական ուշադրությունը դարձնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա այցին Մոսկվա եւ արցախյան խնդրի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին:

 

Տարասովն ընդգծում է, որ հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման գործնական ասպեկտներին՝ ներառյալ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման խնդիրները:

Հեղինակը նկատում է, որ Ալիեւը տարածաշրջանում ներկայիս ժամանակահատվածը որակել է որպես «հետկոնֆլիկտային»:

«Ռազմական գործողությունների ավարտից հետո՝ անցած ութ ամիսների ընթացքում, կարծում եմ, մեր անձնական շփումը ինչպես հունվարին Մոսկվայում, այնպես էլ հեռախոսով շատ կարեւոր դեր է խաղացել իրավիճակի կայունացման գործում: Մենք վճռական ենք տրամադրվել, որպեսզի հետհակամարտային շրջանը հնարավորինս անցավ անցնի: Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մեզ դա հաջողվում է»,- ասել է Ալիեւը: Իր հերթին, Պուտինը Ալիեւին գովել է այն փոխզիջումային որոշումների համար, որոնք ընդունվում են Անդրկովկասում իրավիճակը կարգավորելու համար: «Ըստ Ռուսաստանի առաջնորդի՝ «այդպիսի որոշումները միշտ էլ ամենադժվարն են», բայց եթե մենք ուզում ենք, իսկ բոլորը ցանկանում են կարգավորում գտնել, ապա մենք պետք է գնանք այս ճանապարհով: Մինչ այժմ մենք կարողացել ենք դա անել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ»: Թե կոնկրետ Ալիեւի ինչ որոշումների մասին է խոսքը, մնում է առեղծված»,- գրում է Տարասովը` նկատելով, որ Ալիեւը նոյեմբերի իննի պայմանավորվածություններն անվանում է «Հայաստանի կապիտուլյացիայի ակտ»` հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող:

«Իսկ Ալիեւի հայտարարություններն՝ առ այն, որ նա պատմական ադրբեջանական հողեր է համարում Հայաստանի մարզերից մեկն ու երկրի մայրաքաղաքը, Մոսկվային` ՀԱՊԿ գծով Երեւանին դաշնակցին, բարդ իրավիճակում են դնում: Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ դրա անդամներից որեւէ մեկի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը ենթադրում է ռազմական արձագանք դաշինքի մնացած անդամների կողմից»,-գրում է Տարասովը:

Վերջինս անդրադառնում է նաեւ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին մոտ երեք միլիարդ եվրոյի չափով օգնության մասին հայտարարությանը:

«Այսօր պարզ է, որ Անդրկովկասում կրկին բարդ իրավիճակ է ստեղծվում: Ռուսաստանը, երկարամյա ղարաբաղյան հակամարտությունը դադարեցնելու գործում հանդես գալով որպես միջնորդ, ոչ միայն նախաձեռնել է պատերազմն ավարտած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումը, այլ նաեւ այս կարեւոր փաստաթղթի դրույթների կատարման երաշխավորն է: Մոսկվային փորձում են «շարժել» ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները` ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք պնդում են, որ համաձայնագիրը պետք է փոխարինվի նոր, ավելի լայն միջազգային խաղաղության պայմանագրով, որում ամրագրված կլինեն նախորդ խոչընդոտները վերացնելու միջոցով կայունության եւ փոխվստահության մթնոլորտի հետագա ամրապնդման սկզբունքները, սահմանները եւ տրանսպորտային միջանցքները բացելը` որպես տարածաշրջանում տնտեսական բեկման հիմք»:

Համաձայնագիրը կարող է պարունակել նաեւ կետեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ եւ սահմանել խաղաղապահների զորախմբի ներկայության պայմանները, որոնք կարող են լինել ոչ միայն ռուսական: Դրանից հետո զարմանալի՞ է, որ Երեւանում սկսել են հետաձգել տրանսպորտային միջանցքների բացումը, իսկ դրան զուգահեռ Արեւմուտքում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր է բանակցություններ եւ բազմակողմ խորհրդակցություններ սկսել համարյա զրոյից՝ չեղյալ համարելով նոյեմբերյան պայմանավորվածությունները:

Ոչ պաշտոնական տեղեկատվություն կա նաեւ այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղարաբաղի վերաբերյալ սկզբունքորեն նոր բանաձեւի ընդունում: Միեւնույն ժամանակ, Մոսկվան ժամանակավրեպ է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումը եւ առաջարկում է օգտագործել բոլոր հեղինակավոր հարթակները գոնե կապեր հաստատելու համար:

Այդ պատճառով Ալիեւի այցը չափազանց կարեւոր է թվում, քանի որ այն նպատակ ունի նախանշել իրավիճակի վրա ազդեցության արդյունավետ լծակներ օգտագործելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի հնարավորությունները: Երկու երկրների նախագահների հանդիպումը արձանագրել է կարեւոր ընդհանուր դիրքորոշումների համընկնումը, բայց հստակ պատասխան չի տվել նորանշանակ արեւմտյան ռեւիզիոնիստներին: Միգուցե պատասխանը հետո լինի կամ ընդհանրապես չլինի: Որ կողմից էլ նայենք, բայց Ղարաբաղյան հակամարտությունը հասավ Եվրոպա: Սակայն Անդրկովկասում սրացումներն ամենաքիչն են պետք Ռուսաստանին, որը բավականաչափ խնդիրներ ունի նախկին ԽՍՀՄ-ի մյուս թեժ կետերում` հաշվի առնելով թալիբների մասնակցությամբ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: Այնուամենայնիվ, Բաքուն նախընտրում է երկաթը տաք-տաք ծեծել, առավելագույնս օգտագործել անցած տարվա հաղթանակի պտուղները եւ ձգտում է լուծել Ստեփանակերտի եւ Նախիջեւանի միջանցքի խնդիրը հենց հիմա, քանի դեռ Արեւմուտքը չի հայտնվել տարածաշրջանում: Արդյոք կհաջողվի՞ դա նրան»,-եզրափակել է Տարասովը:

Ն.Հ.

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Երեկ Կրեմլում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ հանդիպումը։ Ալիեւն ու Պուտինը պարբերաբար միմյանց շնորհակալություն էին հայտնում՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված արդյունավետ համագործակցության համար։ Ընդ որում, Վլադիմիր Պուտինը առանձնահատուկ էր շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին։ Դրան զուգահեռ նկատենք, որ  հուլիսի 7-ին Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը հակառակ պատկերն էր տիրում, եւ շնորհակալությունների հերթը հենց ՀՀ վարչապետի պաշտոնակատարիննն էր։ Իսկ, ահա, ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել էր ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ ասելով, թե ժողովրդի վստահությունը կարեւոր է։

 

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՆԵՐ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1 Լիլիթ Մակունց

2 Սուրեն Պապիկյան

3 Արայիկ Հարությունյան

4 Նիկոլ Փաշինյան

5 Անահիտ Ավանեսյան

6 Ռոմանոս Պետրոսյան

7 Հովհաննես Հարությունյան

8 Հակոբ Սիմիդյան

9 Գնել Սանոսյան

10 Համբարձում Մաթեւոսյան

11 Դիանա Գասպարյան

12 Դավիթ Գեւորգյան

13 Նարեկ Մկրտչյան

14 Արամ Խաչատրյան

15 Արարատ Միրզոյան

16 Արմեն Փամբուխչյան

17 Արարատ Գրիգորյան

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

1 Ռոբերտ Քոչարյան

2 Մարիաննա Եփրեմյան

3 Ալեքսանդր Խաչատուրյան

 

 

 

 

ՎԵՐՑՆՈՒՄ Է ՄԱՆԴԱՏՆԵՐԸ

«Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորական մանդատները վերցնելու որոշում է կայացրել։ Այս մասին տեղեկացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:  «ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի միջնորդություն չունենք, չենք նախատեսում, որ կունենանք»,- նշեց Հակոբյանը: «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

 

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԹԵՀՐԱՆՈՒՄ

Թեհրանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ երկրների ու Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով համապատասխան պատվիրակությունների հանդիպումը:

Կնքվելիք համաձայնագիրը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերին կնքված Ժամանակավոր համաձայնագրին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի եւ կազմակերպչական ապահովման վարչությունը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնեւը հայտնել է, որ հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխգործակցության նոր խնդիրների քննարկման վերաբերյալ, որոնք առնչվում են ապրանքային ծածկույթի ընդլայնմանը, արդյունաբերական համագործակցության աջակցմանը, պետական գնումների թափանցիկության ավելացմանը:

Համաձայնագրի կնքման համար առաջին ամբողջական ձեւաչափով բանակցությունների փուլը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին:




Լրահոս