«Ժողովուրդ» օրաթերթը երեկ հրապարակել էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի հոր գործողությունների մասով հարուցված քրեական գործը կարճվեց: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնել էին, որ հարուցված քրեական գործը կարճվել է վաղեմության ժամկետի հիմքով, եւ վնասը փոխհատուցվել է:
Արդյունքում երեկ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանն ուշագրավ մանրամասներ հայտնեց հարուցված քրեական գործից: Մասնավորապես. «ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում Երեւանի Ավան վարչական շրջանի բնակիչների կողմից հայտնած տեղեկությունների առթիվ նախապատրաստված նյութերով 20.09.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է սույն քրեական գործը՝ Ավան վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Կարեն Վարդապետյանի կողմից ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շինարարության ոլորտում թույլտվություններ տրամադրելու համար «Խութ» բարեգործական հիմնադրամի հաշվին գումարներ մուծելուն հարկադրելու դեպքի առթիվ:
Նախաքննության ընթացքում 30.10.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է 17123919 քրեական գործը՝ «Խութ» հիմնադրամի տնօրեն Կարինե Վարդանյանի կողմից հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված չափանիշներին չհամապատասխանող անձանց 2014-2018թթ.-ին գումարներ տրամադրելու դեպքի առթիվ:
30.10.2019թ. քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որի նախաքննությունը 10.12.2019թ. հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը:
Նախաքննության ընթացքում ապացուցողական բնույթի որեւէ տվյալ ձեռք չի բերվել, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Կարեն Վարդապետյանի կողմից դիտավորությամբ կատարվել են այնպիսի գործողություններ, մասնավորապես՝ շինթույլտվությունների տրամադրման նպատակով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ քաղաքացիներին պարտադրել որոշակի գումարային փոխանցումներ կատարել հիմնադրամի բանկային հաշվեհամարներին, ինչի հետեւանքով քաղաքացիները կարող էին կրել նյութական պարտադրված վնաս:
Արդյունքում՝ 08.12.2020թ. որոշում է կայացվել քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճելու եւ նույն հիմքով Կարեն Վարդապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին /արարքի մեջ հանցակազմ չկա/:
Ինչ վերաբերում է «Խութ» հիմնադրամի տնօրենին, ապա վերջինիս մասով վերը նկարագրված, ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով նածատեսված արարքը հիմնավորվել է, եւ 08.12.2020թ. որոշում է կայացվել նրա նկատմամբ սկսված քրեական հետապնդումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի՝ 2018թ. նոյեմբերի 1-ին Ազգային Ժողովի կողմից քրեական գործերով ընդունված համաներման ակտի ընդունման հիմքով դադարեցնելու մասին:
Քննիչի կայացրած որոշումների օրինականությունը ստուգվել է ՀՀ դատախազությունում»:
Ք.Մ.
ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ իրականացման շնորհիվ հնարավոր եղավ վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերում ապահովել կայուն եւ վերահսկելի համաճարակային վիճակ։ Այս մասին ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Թեեւ համավարակի հետ կապված նախկին որոշ արգելքներ եւ սահմանափակումներ հանվել են, սակայն հանրապետությունում դեռեւս շարունակում է գործել կարանտինային ռեժիմը, եւ կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման կանոնների պահպանումը խիստ անհրաժեշտ է։
Կարեւորելով զինծառայողների առողջությունն ու զինված ուժերի մարտունակության պահպանումը եւ հաշվի առնելով ԶՈւ մի շարք զորամասերում կայանալիք նորակոչիկների զինվորական երդման արարողությունները, անձնակազմի շրջանում վարակիչ հիվանդությունների եւ, մասնավորապես՝ կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու նպատակով նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանվել է հետեւյալ կարգը՝
- Երդման արարողության օրը զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները պետք է զորամաս ժամանելիս ներկայացնեն ՊՇՌ թեստի՝ 72 ժամը չլրացած բացասական պատասխանով տեղեկանք կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հաստատող անձնագիր (QR կոդ):
- Նորակոչիկների երդման արարողությունների ընթացքում զորամասերում պետք է խստագույնս պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները, մասնավորապես՝ պետք է պահել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը եւ այլն։
Նույն կարգը գործում է նաեւ զինծառայողներին զորամասերում տեսակցելու դեպքում։
Հորդորում ենք զինծառայողների հարազատներին եւ շահագրգիռ այլ անձանց ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին: Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ առաջնայինը զինծառայողների առողջությունն է եւ բանակի մարտունակության պահպանումը։
ՏԱՐԵԼ ԵՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան: Այս մասին ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Նրան երեկ են տեղափոխել ԱԱԾ մեկուսարան, մտերիմների, հարազատների մուտքը արգելված է»,- ասաց Ալեքսանյանը: Նա նշեց, որ Առուշ Առուշանյանի փաստաբանները բողոքարկել են որոշումը, բայց Վերաքննիչ դատարանը դեռեւս չի ընդունել վարույթ: Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
ԿՐԱԿՈՑՆԵՐ
2021թ. հուլիսի 19-ին` ժամը 16:50-ին, քաղաքացին հաղորդում է տվել՝ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ փողոցով դեպի Արցախի փողոց ուղեւորվելու ճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ատրճանակից իր ուղղությամբ կրակոցներ արձակելու վերաբերյալ: Նախնական տվյալներով՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի հետեւից ձայնային ազդանշաններով եւ լուսարձակները թարթելով, ճանապարհ է խնդրել, ինչին ի պատասխան՝ «Օպել»-ի վարորդը զիջել է ճանապարհը, այնուհետեւ «Լեքսուս»-ը դուրս է եկել ճանապարհն իրեն զիջած ավտոմեքենայի դիմաց, որի պատճառով երկու ավտոմեքենաներն էլ արգելակել են ճանապարհի աջակողմյան հատվածում, իսկ «Լեքսուս»-ի վարորդն իր մոտ գտնվող ատրճանակով երկու անգամ կրակել է «Օպել»-ի ուղղությամբ՝ վնասելով մեքենայի շարժիչի ծածկը, ապա մեծ արագությամբ հեռացել դեպքի վայրից: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Կատարվել է դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննություն: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակած անձին եւ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ
ՉԱՐՉՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, երեկ՝ հուլիսի 21-ին, «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը բավարարելու որոշում կայացրեց։ Հիշեցնենք, որ պաշտպանները դատարանին միջնորդել են Չարչյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ Պաշտպանները պնդում են, որ Չարչյանի՝ կալանքի տակ մնալու հիմքերը բացակայում են։ Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի՝ Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի՝ դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել իր աշխատակիցների նկատմամբ։