ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնից հետո լիարժեք իմունիտետ դեռ չի ձեւավորվում, դրա համար պետք է միջոցներ ձեռնարկել COVID-19-ով չհիվանդանալու համար։ Այս մասին տեղեկացրել է վարակաբան Անդրեյ Պոզդնյակովը։

 

«Ամենակարեւորն այն է, որ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց առաջ կտրականապես խորհուրդ չի տրվում հիվանդանալ COVID-19-ով։ Իմունային համակարգը, ստանալով հակագենային բեռնվածության առաջին բաժինը, սկսում է լիարժեք պատասխան տալ պաշտպանության հաջորդ փուլի համար՝ հակամարմիններ, հիշողության բջիջներ եւ այլն»,- ասել է Պոզդնյակովը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։

Եթե օրգանիզմը պատվաստումից հետո ստանում է «կենդանի վիրուսի» չափաբաժին, պատասխանը կարող է անկանխատեսելի լինել ինչպես բավական թույլ, շնչուղիների սովորական սուր վարակման նման, այնպես էլ ծանր՝ բազմահամակարգային ախտահարմամբ։ Դրանից խուսափելու համար, մասնագետի խոսքով, անհրաժեշտ է հետեւել հակահամաճարակաբաական բոլոր միջոցներին։ Իմունիտետը վիրուսի դեմ սովորաբար ձեւավորվում է պատվաստանյութի առաջին չափաբաժնի ներարկումից հետո երրորդ շաբաթում, երբ պետք է ներարկել երկրորդ չափաբաժինը։

Պատվաստումից հետո՝ առաջին երկու-երեք օրում, նաեւ խորհուրդ չի տրվում չափազանց ծանրաբեռնվել։

Պոզդնյակովը նաեւ նշել է, որ եթե կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո հակամարմիններ չեն ստեղծվել, դա չի նշանակում, թե պաշտպանություն չկա։ Նրա խոսքով՝ եթե 1 մլն մարդու ներարկեն 95 տոկոս արդյունավետությամբ պատվաստանյութ, ապա մոտավորապես 50 000-ի մոտ պատվաստումն անարդյունավետ կլինի։

«Ինչո՞ւ կարող է այդպես պատահել։ Կարող են լինել իմունային համակարգի առանձնահատկություններ, որոնց պատճառով կոնկրետ օրգանիզմն արձագանքում է պատվաստմանը ոչ այնպես, ինչպես մեծամասնությունը։ Ընդ որում՝ «ոչ այնպես»-ը նույնը չէ, ինչ «օրգանիզմը կմնա առաց պաշտպանության»-ը։ Միանգամայն հնարավոր է, որ պոպուլյացիայի ոչ մեծ մասի իմունային պատասխանը արձագանքում է պատվաստանյութին T-բջջային օղակի գերազանցմամբ։ Նման պացիենտների մոտ հակամարմիններն առաջանում են ոչ մեծ քանակությամբ եւ կարող են չպարզվել ստանդարտ մեթոդներով, փոխարենը T-բջջային պատասխանը կլինի արտահայտված»,- ասել է մասնագետը։

«Ի՞նչ պետք է անի մարդը, որը հայտնվել է փոքրամասնությունում։ Ամենահավանական պատասխանն այսօրվա դրությամբ՝ ընդունել այլ պատվաստանյութ որոշ ժամանակ անց, ոչ շուտ, քան «անարդյունավետ» կուրսի ավարտից հետո՝ երեք ամիս անց։ Արդյունավետությունը գնահատելը նույնպես ցանկալի է ոչ մեկ անգամ առաջին բացասական արդյունքի դեպքում»,- ավելացրել է բժիշկը՝ խորհուրդ տալով ընտրել ճիշտ թեստեր պատվաստանյութի արդյունավետության գնահատման համար, այնպիսիները, որոնք որոշում են IgG դասի հակամարմինները կորոնավիրուսի S-սպիտակուցի կամ RBD S-սպիտակուցի հանդեպ։

 

 

 

ՆՈՐ ՇՏԱՄ՝ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհում կարող է կորոնավիրուսի նոր շտամ հայտնվել: Նրա խոսքով՝ նոր շտամի հետեւանքով ամբողջ աշխարհում կշարունակի տարածվել վարակը: «Որքան լայն լինի տարածումը, այնքան կմեծանա դրա վտանգավորությունը: Այժմ այդքան վնաս է հասցնում դելտա շտամը: Եվ որքան շատ լինեն տարբերակները, մեծ է հավանականությունը, որ դրանցից մեկը մեզ կարող է վերադարձնել սկիզբ»,-ասել է նա: Հեբրեյեսուսը պարզաբանել է, որ այժմ աննախադեպ ճգնաժամ է նկատվում: Նրա կարծիքով՝ խնդիր է դրված մինչեւ 2022 թվականի սեպտեմբեր պատվաստել աշխարհի յուրաքանչյուր երկրի բնակիչների 70 տոկոսը: Նրա խոսքով՝ պանդեմիան կարող է վերահսկվել, սակայն դրա համար կպահանջվի դեղամիջոցների 11 միլիարդ դեղաչափ:

 

 

220 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում հուլիսի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 220 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227936 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1282345, վերջին մեկ օրում` 4875 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3665 պացիենտ. մեկ օրում ավելացել է 162-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 218585 անձ, վերջին մեկ օրում՝ 56 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4573 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1113 է:

 

 

ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ԳԵՐԻՆԵՐ ԵՆ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La Republique en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին:

 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ArmLur.am-ին հայտնում են, որ Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Մասնավորապես, պաշտպանը ներկայացրել է ապացույցներ, որոնք հիմնավորում են, որ Սյունիքի եւ Գեղարքունիքի գյուղերի հարեւանությամբ, Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:

Հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:

Նա նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները եւ քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ վերադարձվեն հայրենիք, առանց որեւէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների եւ նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ եւ առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Պաշտպանը նաեւ ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները: Արման Թաթոյանը ներկայացրել է ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից: Դրա ապացույցներից է նաեւ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

 




Լրահոս