ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անվտանգության նոր սարքեր, խստացված կանոնակարգ. ինչ փոփոխություններ են սպասվում ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հուլիսի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հայրենի իշխանությունը նպատակ է դրել խստացնել խորհրդարանում մուտքն ու ելքը, ինչպես նաեւ պատգամավորների անվտանգությունը: Տեղեկացրել էինք նաեւ, որ իշխանությունները որոշել են Պետական պահպանության ծառայության միջոցով վերահսկել բոլոր այն անձանց մուտքը, որոնք իրավունք կունենան խորհրդարան մտնել:

ArmLur.am-ը եղել է խորհրդարանում, որտեղ արդեն տեղադրվել են այն անվտանգության սարքերը, որոնք կստուգի նորընտիր պատգամավորներին, որից հետո նրանց թույլ կտա մտնել խորհրդարանի նիստերի դահլիճ: Խորհրդարանի նիստերի դահլիճը չորս մուտք ունի ու այդ մուտքերի մոտ արդեն տեղադրված են ռենտգեն սարքերը, սեղան, որտեղ պետք է պատգամավորները դնեն իրենց իրերը, անցնեն սարքի «միջով» ու նոր անցնեն դահլիճ:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ աշխատակարգում եւս փոփոխություններ կլինեն. նպատակ կա լրագրողների մուտքը խստացնել, աշխատանքային պայմաններն ու շարժը նվազեցնել, սահմանափակել պատգամավորների հետ հարցազրույցները, կանոնակարգել, որպեսզի ցանկացած պարագայում լրագրողներին չհաջողվի մոտենալ հայրենի օրենսդիրներին:

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է նաեւ այն անվտանգության տեսախցիկները, որոնք առկա են խորհրդարանում, կան նաեւ միջանցքներ, որտեղ այդ տեսախցիկների թիվն իշխանություններն ավելացնում են: Կարելի է ասել նոր խորհրդարանում նոր անվտանգության կանոններ են սահմանվում: Բանն այն է, որ իշխանական ֆրակցիայի մեծամասնությունը կարծում է, որ «վտանգավոր» ընդդիմություն է գալու խորհրդարան. հիշել են 1999-ի հոկտեմբերի 27-ը: Ի դեպ խորհրդարանի այգում, շենքի ողջ տարածքով անվտանգության տեսախցիկները առկա են, իսկ Բաղրամյան եւ Դեմիրճյան մուտքերով խորհրդարան մուտք գործելիս անվտանգության աշխատակիցներն իրենց հերթին են ստուգումներ իրականացնում՝ առաջիկայում ավելի խստացված ձեւով:

Հավելենք նաեւ, որ խորհրդարանում այս օրերին փոփոխվում էր հին մասնաշենքի ջեռուցման համարգը, այստեղ պատերի վրա մեծ փոսեր են բացված, դեռեւս քանդված, կարճ ասած վերանորոգման փուլում է խորհրդարանը: Օգոստոսի 2-ին կայանալիք 8-րդ գումարման առաջին նիստին դժվար թե հնարավոր լինի այդ «ռեմոնտային» իրավիճակը կարգի բերել, սենյակներում այդ անհուսալի վիճակը կարգավորել: Նորընտիր պատգամավորները կարծես թե ստիպված կլինեն հանդուրժել այն քանդված վիճակը, որն առկա է Ազգային ժողովում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս