Մեկնարկել է եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել է եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման գործընթացը։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այն տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով:

Ուսման վարձի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձինք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

Եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում ուսման վարձի փոխհատուցման և ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից:

Վճարված ուսման վարձավճարի չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման համար ուսանողը հարկային մարմին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․

-ՀՀ ՊԵԿ նախագահի 25․12․2020թ․ N 1240-Լ հրամանով սահմանված ձևի դիմում,
-Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը,
-ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը,
-հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
-ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք՝ ուսանողի մասնագիտության, կրթական աստիճանի, կուրսի, -ինչպես նաև տվյալ մասնագիտության համար սահմանված և վճարված տարեկան ուսման վարձավճարի չափի վերաբերյալ։




Լրահոս