Երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին լարվեց։ Երեկոյան ժամը 17 ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հրազենային թեթև վիրավորում է ստացել 3 զինծառայող։ Իսկ պաշտոնական Բաքուն հաղորդում է, թե հայկական զինված ուժերն են կրակ բացել Քելբաջարի շրջանի սահմանին, որի հետևանքով ադրբեջանցի զինծառյող է զոհվել։
Պաշտպանության նախարարությունից շեշտում են, որ որևէ հակազդող գործողությունների չեն դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։ Վարդենիսի տարածաշրջանի Կութի ու Սոթքի հատվածում է այս միջադեպը գրանցվել։ Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով երեք զիծառայողների հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ նրանցից մեկի՝ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Վերջին օրերին իրավիճակը լարված էր նաև Երասխի, Նախիջևանի ուղղությամբ։ Իսկ այսօր էլ պարզ դարձավ, որ հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը։
Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ, ըստ հայկական ռազմական գերատեսչության, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է:
Մանրամասները՝ տեսանյութում