Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, Ջարդիձոր կոչվող հատվածում, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի՝ որոնցից մեկը ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց:
Մահացածները հայտնաբերվել են մեքենայից դուրս, որոնցից մեկը անչափահաս էր:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի բնակիչ Վարդան Խալիկյանի անվամբ:
Հրշեջ-փրկարարները դիերը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին և սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Գյումրի քաղաքի Ավստրիական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Ախուրյանի բաժին, որ նշված ավտովթարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 1 երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է:
Պարզվեց, վթարի հետևանքով կա 3 զոհ, 3 վիրավոր: