ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի նորընտիր պատգամավորներին. որոշումներ կկայացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է հանդիպել իր թիմակիցների հետ: Փաշինյանը որոշել է մինչեւ նոր խորհրդարանի առաջին նիստն իր թիմի նոր անդամների հետ հանդիպում-քննարկում ունենալ:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի իշխանական նոր խմբակցությանը ներկայացնելու է այն անելիքները, որոնք պետք է առաջիկայում իրականացնեն: Չի բացառվում, որ խմբակցությանը ներկայացվի նաեւ ՀՀ կառավարության այն կազմը, որը պետք է հաստատվի խորհրդարանի կազմավորումից հետո: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ նոր թիմը կառավարության նոր կազմի մասին տեղեկանում է մամուլից, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել թիմում, ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարը որոշել է անձամբ ներկայացնել այն անձանց, ովքեր պետք է նշանակվեն կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարների պաշտոններում:

Հավելենք նաեւ, որ իշխանական խորհրդարանական ֆրակցիայի հետ մինչեւ այսօր չի քննարկվել, թե ԱԺ-ում որ հանձնաժողովներում ովքեր են նախագահներ, փոխնախագահներ նշանակվելու: Հայտնի է միայն, որ ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագահների թեկնածուները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը, իսկ խմբակցության ղեկավարի թեկնածուն Հայկ Կոնջորյանն է, քարտուղարը՝ Նազելի Բաղդասարյանը: Այսօր հնարավոր է բոլոր հարցերին տրվեն պատասխաններ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս