Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նկատենք, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից երկու օր անց։ Կրեմլի պաշտոնական հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, այնինչ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին հիշատակում չկա։ Կառավարության հաղորդմամբ՝ կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես՝ գերիների վերադարձի խնդրին եւ տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:
Ըստ պաշտոնական Երեւանի՝ Փաշինյանն ընդգծել է խաղաղության եւ կայունության պահպանության առումով Ռուսաստանի առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարեւորությունը: Ոչ մի խոսք այն մասին, որ Ալիեւի հետ հանդիպումից երկու օր անց է եղել խոսակցությունը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ այսպիսի մանրամասն տեղեկություններ առկա չեն, միայն ընդհանուր է տրված, թե երկու կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ՝ առանց կոնկրետանալու Մինսկի խմբի ձեւաչափի կամ գերիների վերադարձի վրա։ Սահմանային լարվածության ֆոնին ՌԴ նախագահի հանդիպումներն ու զրույցները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ բավականին ուշագրավ են՝ հաշվի առնելով սահմանագծման աշխատանքների ակտիվացման, ռուս սահմանապահների տեղակայման եւ անկլավների հանձման մասին տեղեկությունները։ Ու տպավորություն է, որ Հայաստանից դուրս որոշում են Հայաստանի ճակատագիրը, առանց մեզ հարցնելու։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հեռացնելու օպերացիան կարելի է ավարտված համարել: Իշխանությունը տեւական ժամանակ է՝ փորձում էր տարբեր ձեւեր գտնել Մարությանին պաշտոնանկ անելու համար, սակայն ապարդյուն, որեւէ ձեւով նրանց չի հաջողվել հասնել իրենց նպատակին: Համենայնդեպս այս պահին այդ պրոցեսը կանգնեցրել են, իսկ Մարությանն էլ շարունակում է ակտիվորեն ապամոնտաժել Երուանի որոշ ապօրինի շինություններ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանական վերնախավին դուր է եկել Մարությանի՝ ամեն ինչ քանդելու գործելաոճը: Իշխանության համար ընդունելի է նաեւ այն փաստը, որ Մարությանը «մահաբեր գազելները» փոխում է նոր «գազելներով» ու հանրությանը ցույց է տալիս, թե գործ է անում: Մի խոսքով, աշխատանքի իմիտացիան դուր է եկել երկու տարի անգործության հետ ասոցացվող դերասանին քաղաքապետ դարձրած Փաշինյանին. նա հրահանգել է կանգնեցնել Մարությանի դեմ արշավները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատեց 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորի մանդատ ստացած անձանց ցանկը։ Արդյունքում օգոստոսի 2-ին մեկնարկող նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր: Հետաքրքիր է, որ պատգամավորական մանդատ են ստանալու նաեւ այն թեկնածուները, որոնք անցնում են այս կամ այն քրեական գործով։ Բացի այդ, ԱԺ պատգամավորի մանդատ ստացած «Հայաստան» դաշինքի երկու ներկայացուցիչ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը եւ Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, այժմ կալանավորված են, մեկ այլ թեկնածու Արմեն Չարչյանն էլ ազատ արձակվեց։ Բանն այն է, որ այս թեկնածուների հանդեպ քրեական հետապնդում է իրականացվել որպես պատգամավորի թեկնածու՝ ԿԸՀ թույլտվությամբ, իսկ, ահա, պատգամավորների պարագայում կանոնակարգումն ուրիշ է։ Պետք է գլխավոր դատախազը գա խորհրդարան եւ ներկայացնի նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, ապա ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններ, եւ փակ քվեարկությամբ դրանք հաստատելուց հետո նոր միայն կարող են այդ պատգամավորներին պատասխանատվության ենթարկել։ Նշենք, որ վեցերորդ գումարման խորհրդարանում այդպիսի դեպք եղավ գեներալ Մանվել Գրիգորյանի պարագայում, իսկ յոթերորդ գումարման խորհրդարանում էլ՝ Գագիկ Ծառուկյանի։
Հայաստանում հեղուկ գազի գնի բարձրացման առիթով կրքերը դեռ չեն հանդարտվում: Վարորդները խիստ զայրացած են. հեղուկ գազի գինն օր օրի է բարձրանում, բայց որեւէ պետական կառույցի կողմից շուկան չի վերահսկվում: Բայց գնի բարձրացմանը զուգահեռ շուկայում հեղուկ գազի պակասուրդ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշ ընկերություններ այս օրերին հեղուկ գազի գինը այնքան են բարձրացրել, որպեսզի այն չվաճառվի, չպակասի մինչեւ նոր խմբաքանակի ներկրումը, այսինքն՝ վարորդները բարձր գնի պատճառով չգնեն այն: Բայց մեկ այլ գազալցակայանի աշխատող «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ հայկական շուկայում հեղուկ գազի դեֆիցիտ ստեղծվել է այն պատճառով, որ Իրաքից այն դժվարությամբ է ներկրվում. այնտեղ ներկրողները ստիպված են լինում օրերով սպասել, որն էլ լրացուցիչ ֆինանսական ծախսեր է առաջացնում նրանց համար: Գրեթե նույն պատկերն է Ռուաստանի դեպքում: Բացի այս, Հայաստան տեւական ժամանակ է, ինչ Իրանի Իսլամական Հանրապետւթյունից հեղուկ գազ չի ներկրվում: Սա է պատճառը, որ այս շուկայում ոչ միայն պակասուրդ է գրանցվել, այլեւ գնաճ: Սակայն հեղուկ գազ ներկրող տնտեսվարողները վստահեցնում են, որ առաջիկա տասն օրերի ընթացքում շուկայում ե՛ւ գինը կկարգավորվի, ե՛ւ պակասուրդը կվերանա: