ArmLur.am-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ՝ պարզելու համար, թե, ըստ նրա, ինչ ակնկալիքներ ունի ադրբեջանական կողմը` Երասխի հատվածում փոխհրաձգություն իրականացնելով: Հովսեփյանի կարծիքով՝ մեր հակառակորդը հստակ ասում է իր ակնկալիքները, սակայն մեր իշխանությունները կրավորական դիրք են ընդունել ու չեն հայտնում իրենց առաջիկա անելիքների մասին:
-Այս օրերին նորից սահմանային իրավիճակը լարվում է, Երասխի հատվածում կրակոցներ են հնչել, վիրավորներ կան: Դուք կարծում եք, որ առաջիկայում պատերազմը նորի՞ց է սկսվելու: Վտանգ տեսնո՞ւմ եք:
-Եթե ամեն օր սահմանային լարվածությունը կա, վիրավորներ կան, պետք է մտածենք, որ պատերազմը ավարտվե՞լ է: Պատերազմն ընդհանրապես չի ավարտվել, քանի որ բոլորը կրավորական պատասխան են տալիս:
-Կրակոցների պատճառը ի՞նչ կարող է լինել: Գուցե ադրբեջանական կողմն ակնկալի՞ք ունի, որ նման սադրանքներ է հրահրում:
-Գուցե չէ, ակնկալիքներ ունի, դրանց մասին շատ պարզ խոսում են՝ ի տարբերություն մեր իշխանությունների, որոնք ոչինչ չեն պատրաստվում անել: Նրանք շատ հստակ ասում են, թե ինչ են ուզում, բայց մեր իշխանությունները չեն խոսում, թե ինչ են պատրաստվում անել: Դրա համար էլ գնում են լարվածության մեծացման, եւ մենք չենք կարող ասել, թե ինչ կլինի: Մենք չգիտենք, թե ինչ է անելու մեր իշխանությունը. մենք պաշտպանվելու ենք, թե պատերազմելու ենք: Մարդիկ պաշտոնների նշանակումներով են զբաղված:
-Տիկի՛ն Հովսեփյան, նշվում է, որ իշխանության օրակարգում 3 հարց կա՝ անկլավների հարցը, խաղաղության պայմանագիր են ուզում կնքել եւ ճանապարհների բացման հարցը: Դուք կարծում եք, որ այս երեք օրակարգային հարցերի շո՞ւրջ են քննարկումներ ընթանում:
-Առաջին օրն այդ մասին խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, թե՛ մեր վարչապետը եւ թե՛ Ռուսաստանը: Ես ի՞նչ պետք է կարծեմ, իրենք ի՞նչ են հայտարարում:
-Իսկ պատերազմի՞ միջոցով, թե՞ ուղղակի կլինի հերթական զիջումը: Տրամադրվածությունից հասկանո՞ւմ եք, թե ինչ է այս իշխանությունը փորձում անել:
-Այնուամենայնիվ, արցախյան պատերազմը տեսնելուց հետո հասկացանք, որ հավանականությունը մեծ է, որ պատերազմի միջոցով ժողովուրդը հազիվ փրկվեց: «Տվեց, փրկվեցինք» սցենարն արդեն մարսել են ու հիմա կկրկնեն:
-Իսկ հանրությունը ոտքի կկանգնի՞, թե՞ կհամակերպվի այն իրավիճակի հետ, ինչ որոշի իշխանությունը:
-Ես այլեւս հանրության մի մասին եմ ճանաչում, որոնք ունեն գիտակցություն, հայրենասիրություն: Այդ մասսան կկանգնի, իսկ մնացած հատվածը ձեռքները կծալեն ու կասեց՝ ոչինչ, կարեւորը ամենայն հայոց Փաշինյանն է արել: Ես ոչ մի հույս չունեմ:
-Ճի՞շտ եք համարում ընդդիմության ՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների՝ մանդատները վերցնելն ու խորհրդարան գնալու որոշումը:
-Ես սխալ եմ համարում իրենց հետ մրցույթի մեջ մտնելն, ու առհասարակ քաղաքական ընդդիմադիր ուժերը չպետք է մտնեին այդ խաղի մեջ: Բայց եթե արդեն մտել են ու իրենք որոշում ունեն, որ պետք է մտնեին, ապա պետք է վերցնեն:
-Այսինքն՝ այլ տարբերակ չկա՞ր՝ հրաժարվել կամ պայքարի այլ ձեւաչափ սկսել:
-Եթե հրաժարվեին, մյուսներն էին գալու, եւ դա էլ ճիշտ չէ, քանի որ մյուս եկողներն էլ են իշխանամետ կուսակցություններ եւ իրենց իրենցով պատասխանատվություն կվերցնեին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին մայրաքաղաք Երեւանը ուշ երեկոյան անհանգիստ էր. վարորդներն ու քաղաքացիները ահազանգում էին, թե ինչու է ոստիկանությունը ուժեղացված հսկողություն իրականացնում, մանրակրկիտ ստուգում մայրաքաղաք Երեւանի բոլոր մեքենաները, վարորդներին հորդորում բացել մեքենայի բեռնախցիկը, դատարկել այն: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, թե, իբր, սահմանից դիվերսիոն խմբեր են ներթափանցել Երեւան, եւ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում հնարավոր հանցագործությունները կանխելու համար: Ավելի ուշ իրավիճակը հանդարտեցնելու համար հայտարարությամբ հանդես եկավ ոստիկանությունը՝ նշելով, թե օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ծառայություն է իրականացվում: Ու մինչ ոստիկանությունը հանգստացնում էր քաղաքացիներին, որ խուճապ չտարածեն, որեւէ վտանգավոր բան չկա, այլ ուժեղացված հսկողություն է, բազմաթիվ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան, թե ինչու հենց երեկ ոստիկանությունը որոշեց գործի անցնել, ինչ են բացահայտել իրավապահները, որ դուրս են եկել որսի:
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՑՈՒՑՈՒՄՈՎ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարան է մտել անձամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ցուցումով: Ըստ մեր աղբյուների՝ Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ վերաքննիչ դատարան է մտել. ցանկանում են առգրավել քրեական գործերը դատավորներին մակագրող համակարգիչը: Համակարգում վստահ են, որ նպատակը Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ վերաքննիչ բողոքների մակագրությունն առանց համակարգչի կազմակերպելն է: Այդկերպ վերջերս Վազգեն Ռշտունու փոխարեն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից ընտրված Տիգրան Սահակյանն այդ բողոքները կարող է մակագրել ցանկալի վերահսկելի դատավորների: Դիմեցինք անձամբ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրնանին՝ հետաքրքրվելով, որ արդեն դատարններ ԱԱԾ է ուղարկում՝ այդկերպ համակարգը բուռը պահելու համար: Ի պատասխան՝ Գագիկ Ջհանգիրյանը արձագանքեց՝ անհեթեթ տեղեկությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում:
ԱՐՑԱԽՅԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է
Էդուարդ Դուբակովը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Արցախյան պատերազմին մասնակցելու համար: Նա իր պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում:
Դատավճռում նշվում է, որ պատիժը կրելուց հետո Է. Դուբակովը ենթակա է Ադրբեջանից բռնի վտարման: ՌԴ քաղաքացին դատարանում հայտարարել է, որ ինքը իրեն մեղավոր չի ճանաչում եւ հավատում է դատարանի արդարությանը: Դուբակովի փաստաբանը դատալսման ժամանակ հայտարարել էր, որ իր պաշտպանյալը ներգրավված է եղել զորավարժություններում, սակայն չի կռվել Ադրբեջանի զինված ուժերի դեմ: «Խնդրում ենք այս փաստն ընդունել որպես մեղմացուցիչ հանգամանք»,- ասել էր փաստաբանը: Դուբակովը ձերբակալվել էր հունվարին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում եւ օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչեւ նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց – խմբ.), մինչեւ նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաեւ, որ ներքին տեղահանվածները եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն եւ մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը տարածաշրջանում։