Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատեց 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորի մանդատ ստացած անձանց ցանկը։ Օգոստոսի 2-ին մեկնարկող նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր, առաջին նիստն էլ տեղի կունենա օգոստոսի 2-ին։ Այսպիսով, ի՞նչ է ասում ընթացակարգը, եւ ի՞նչ է սպասվում առաջին նիստին։
ՀՀ Սահմանադրություն, Հոդված 33. Առաջին նստաշրջանի անցկացումը.
- Առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը:
- Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
- Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
- Նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:
- Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները եւ ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվում են:
- Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝
1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում,
2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն,
3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ,
4) մշտական հանձնաժողովների ստեղծում,
5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ,
5.1) Կառավարության առաջարկությամբ` Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում,
6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
- Առաջին նստաշրջանի նիստերն անցկացվում են հերթական նիստերի համար՝ Կանոնակարգի 37-րդ հոդվածով սահմանված կարգով: Մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր:
- Կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը եւ ժամը:
- Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:
- Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:
Հավելենք, որ արդեն հայտնի է՝ ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագահներինը՝ Ռուբեն Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը։ «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու կառաջադրվի Իշխան Սաղաթելյանը։ Հավելենք, որ քվեարկությունները կայանալու են փակ։ ՔՊ խմբակցությունը կղեկավարի Հայկ Կոնջորյանը, քարտուղարն էլ կլինի Նազելի Բաղդասարյանը, իսկ «Հայաստան» դաշինքի խմբակցությունը կղեկավարի Սեյրան Օհանյանը, քարտուղարն էլ Արծվիկ Մինասյանն է։
Ն.Հ.
ՕՐ ՕՐԻ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է
Հայաստանում հեղուկ գազի գինն արդեն օր օրի է բարձրանում. երկու օր առաջ հեղուկ գազի մեկ լիտրի գինը թանկացել էր՝ 190-200 դրամից դառնալով 220 դրամ, ապա հիմա այն վաճառվում է 240-250 դրամով: Հեղուկ գազի գնի բարձրացումը խիստ զայրացրել է վարորդներին: Պարզվում է, որ հեղուկ գազի շուկան վերահսկողությունից դուրս է, եւ ում խելքին ինչ գին փչում է, դա էլ սահմանում է: Այս շուկան չի վերահսկվում անգամ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: Ըստ հանձնաժողովի՝ հեղուկ գազի շուկան մրցակցային է եւ ունի ցածր կենտրոնացվածություն: Փաստորեն այս շուկայում գործունեություն են ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ գների վրա: Բայց, արի ու տես, որ հենց այդ ընկերություններն էլ որոշում են, թե ինչ գին սահմանեն. չէ՞ որ վերահսկող չունեն:
ԱԶԱՏՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ, նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Այս նշանակմանը նախորդել էր պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հրաժարականը։ Պաշտպանական գերատեսչությունը ութ ամիս ղեկավարած Հարությունյանի հրաժարականի պատճառները առայժմ պաշտոնապես չեն ներկայացվում։ Եվ, ահա, Պաշտպանության նախարարությունում այս պաշտոնանկություններից եւ նշանակումներից հետո գործընթաց է սկսվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ մի շարք վարչության պետեր պաշտոնից ազատման դիմումներ են գրել: Պաշտպանության նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ պաշտոնից ազատման դիմում է գրել ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մարտի 14-ին:
Ազատման դիմում են գրել ՀՀ ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ Նորայր Սմբատյանը: Որքանով են ՊՆ-ում տարածված խոսակցությունները իրականությանը համապատասխանում՝ հետեւենք զարգացումներին: