Ռուսաստանի Դաշնությունը, որը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին եւ, անշուշտ, Ղարաբաղում տիրող իրավիճակին, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իհարկե, մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսեւորմամբ, ինչը ծայրաստիճան բացասաբար է ազդում տարածաշրջանային իրավիճակի վրա եւ չի նպաստում Երեւանի ու Բաքվի երկխոսության կարգավորմանը, երկու կողմերի բնակչություններից չարդարացված կորուստներին», – նշել է նա: Այս կապակցությամբ Զախարովան ցավակցություն է հայտնել զոհված հայ զինծառայողի ընտանիքին ու հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել սահմանային միջադեպերի արդյունքում տուժածներին:
«Մեր դիրքորոշումը հայտնի է՝ սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով: Չափազանց կարեւոր է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից եւ ուժային մեթոդներից: Փոխադարձաբար ընդունելի փոխզիջումներ փնտրելու համար անհրաժեշտ է համակարգված, քրտնաջան աշխատանք: Մենք երկու կողմերին հենց դրան ենք տրամադրում», – հայտարարել է նա:
Ըստ նրա՝ Մոսկվան համոզված է, որ «կայուն դեէսկալացիան կարող է ապահովվել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հետագա աշխատանքների անհապաղ մեկնարկի եւ դրան հաջորդող սահմանագծման միջոցով»: «Մենք պատրաստ ենք աջակցել այս ջանքերին մեր քարտեզագրական տեղեկատվության միջոցով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումներին կառուցողական ընթացք տալ: Ներկայումս այս թեմայի շուրջ շփումները շարունակվում են ԱԳՆ-ի եւ ՊՆ-ի, ինչպես նաեւ երեք երկրների սահմանային ծառայությունների միջեւ»:
Զախարովան հիշեցրել է, որ տարածաշրջանային կայունությունը ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հուլիսի 7-ին եւ Ադրբեջանի նախագահի հետ հուլիսի 20-ին տեղի ունեցած բանակցությունների օրակարգի գլխավոր հարցն էր: «Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները, չնայած տարածաշրջանում խնդիրների բարդությանը եւ մասշտաբայնությանը, հաստատեցին իրենց վճռականությունը` շարունակել համատեղ գործունեությունը օպտիմալ լուծումներ գտնելու համար, եւ վճռականորեն հավատարիմ մնացին 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ սույն թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների հետեւողական եւ համապարփակ իրականացմանը: Մենք գոհունակությամբ նշում ենք, որ երեք երկրների ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան ստեղծված աշխատանքային խումբը անցկացրել է բովանդակային քննարկումների մի քանի փուլ եւ նախանշել տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները: Հուսով ենք, որ մոտ ապագայում խումբը կվերսկսի նիստերը, ինչը թույլ կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, որոնք լիովին համապատասխանում են Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ ամբողջ Հարավային Կովկասի շահերին», – ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ ռուսական կողմը շարունակում է զգալի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման եւ խաղաղ կյանքի հաստատման գործում, կարգավորում է հրատապ մարդասիրական խնդիրները՝ ներառյալ ռազմագերիների վերադարձը, ինչպես նաեւ զոհվածների աճյունների վերադարձը/փոխանակումը: «Մենք աջակցում ենք Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության միջոցների կառուցմանը, շարունակում ենք աշխատել ՄԱԿ ՓԳՀ եւ ՅՈՒՆԵՍԿՕ առաքելությունների՝ տարածաշրջան մուտքն ապահովելու ուղղությամբ»:
ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեում պարզվել են 2021թ. հուլիսի 18-ին Երեւանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երեւանի բնակիչ Ռոբերտ Սուքիասյանն է: Ռոբերտ Սուքիասյանը երթեւեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու եւ վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի եւ մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի եւ նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել եւ փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանը, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ՝ գլխով, ապա բռունցքով հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի, 9ճ17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ: Այնուհետեւ Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաեւ Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք եւ հեռացել: Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Նարեկ Կարապետյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Նախաքննությունը շարունակվում է:
ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Գորիսում Սյունիքի ներկա եւ նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք պահելու հոդվածներով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսում Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների մտերիմների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀԵՐԹԱԿԱՆ ՎՃԻՌԸ՝ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ
Եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռը՝ ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել եւ ապօրինի ազատությունից զրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ «Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա. Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Հատկանշական է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության ներքո գտնվող հայ գերիների եւ քաղաքացիական անձանց իրավունքները»,- գրել է Լիպարիտ Դրմեյանը։
ՄԻԵԴ որոշման մեջ ասվում է, որ 2009 թ. մայիսի 9-ին դիմումատուն անհետացել էր եւ գերեվարվել ադրբեջանական ուժերի կողմից: Նրա հարազատները կապվել էին Հայաստանի իշխանությունների հետ, որից հետո նա գրանցվել է որպես անհայտ կորած Հայաստանում, եւ ձեռնարկվել էր նրա որոնումը: Այնուամենայնիվ, նրա գտնվելու վայրը անհայտ էր ընտանիքի եւ Հայաստանի իշխանությունների համար մինչեւ 2010 թ. նոյեմբերի 5-ը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրան (ԿԽՄԿ) գրանցեց որպես Ադրբեջանում պահվող հայ գերի:
Դրանից հետո ԿԽՄԿ-ն կալանավայրում պարբերաբար այցելում էր դիմումատուին մինչեւ 2011 թ. մարտի 17-ը, երբ նա գերիների փոխանակման շրջանակներում վերադարձվեց Հայաստանի իշխանություններին ԿԽՄԿ միջնորդությամբ: Փոխանակումը կատարվել էր Ակնայի շրջանում: Արթուր Բադալյանը գերեվարվել էր, երբ գնացել էր Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Բերդ քաղաքի մոտակայքում գտնվող Նավուր գյուղ` անտառում սունկ քաղելու:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Երեւանում եւ Երեւան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 49 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, զինամթերք եւ այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաեւ ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ Մեթամֆետամինի նմանվող։ Հայտնաբերվել է նաեւ մեքենայի կեղծ համարանիշ։ Բերման ենթարկված անձանցից երկուսը ձերբակալվել են։ Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։