Օգոստոսի 2-ին, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, կքննարկվի Կառավարության կողմից ներկայացված՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը: Օրակարգին կից նախագիծը դեռեւս ԱԺ կայքում տեղադրված չէ։ Այդ օրը խորհրդարանում պետք է ընտրեն հաշվիչ հանձնաժողով, ԱԺ նախագահ, փոխնախագահներ եւ հանձնաժողովների նախագահներ:
Եվ չնայած կառավարության կառուցվածքի մասին նախագիծը դեռ ԱԺ կայքում առկա չէ, սակայն հնարավոր փոփոխությունների մասին արդեն տեղեկություններ են հայտնի: Օրինակ e-draft հավելվածում կա մի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, որը կունենա նաեւ նախաքննություն իրականացնելու իրավունք։
Ըստ նախագծի՝ ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններն են լինելու ոստիկանությունը, ՆԳՆ քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։
Նախագծով առաջարկվում է ճանապարհատրանսպորտային հանցագործություններով նախաքննության իրականացնելու լիազորությունը հանձնել Քննչական դեպարտամենտին։ Նշենք, որ նախագիծը դեռևս պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը եւ ArmLur.am-ը գրել էր, որ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում կնշանակվի Հակոբ Սիմիդյանը:
Բացի այդ, մյուս փոփոխությունը վերաբերելու է արդեն փոխվարչապետի ենթակայության տակ գտնվող ոլորտներին: Բանն այն է, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետ եւ այդ պարագայում նախարարությանը ենթակա գրեթե բոլոր ոլորտները հանվելու են նախարարության կառուցվածքից եւ տեղափոխվելու են հենց փոխվարչապետի ենթակայության տակ։ Նրան կենթարկվեն անգամ մարզպետները եւ մյուս կառույցները:
Մանրամասները՝ տեսանյութում