Խորհրդարանում լրագրողների տեղաշարժը կսահմանափակվի. պատգամավորն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով լրագրողների ազատությանը: Հայտարարության մեջ ասվում է.

«Լրագրողի ազատությունը անհրաժեշտություն է, և ոչ երբեք՝ գլխացավանք:

Սիրելի՛ հայրենակիցներ, զլմ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ, ինձ տեղեկություն հասավ այն մասին, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել։ Խիստ անընդունելի եմ համարում լրագրողների նկատմամբ նման գործելաոճը:
Հատկապես երկրի օրենսդիր մարմնում, հանրային գործունեությամբ զբաղվող պատգամավորների հետ աշխատանքը զգալի դերակատարություն ունի ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյաների հաշվետվողականության, պատգամավորական գործունեության հրապարակայնացման գործում։

Եվ պետք է արձանագրենք, որ այդքան կարևոր լրագրող-պատգամավոր ազատ, անսահմանափակ կապի խաթարումը խիստ բացասական հետևանքներ է ունենալու խորհրդարանական երկրի համար, որի օրենսդիր մարմնում լրագրողները ավանդաբար ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք և կարողացել օգտագործել այդ հնարավորությունը՝ հանրային շահերի պաշտպանության կարևոր գործում։

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ արդեն դիմել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ խնդրելով տեղեկատվություն ստորև նշված հարցերի վերաբերյալ․

1. Արդյո՞ք խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում կայացվել է, և ի՞նչ հիմնավորմամբ։
2. Ինչու՞ են լրագրողները գտնվելու հատուկ սենյակում, և ինչու՞ է սահմանափակվելու նրանց տեղաշարժը Ազգային ժողովում։
3. Ինչու՞ է սահմանափակվում լրագրող-պատգամավոր կապը։ Այդ կապն ավանդաբար եղել է ազատ, լրագրողները խորհրդարանում ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք, իսկ հիմա այդ կարևորագույն կապը խաթարվում է, և լրագրողների տեղաշարժը՝ սահմանափակվում։
4. Լրագրողների նկատմամբ այս տարբերակված մոտեցումը քաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում։

Հուսամ՝ պատասխանը շուտ կստանամ և կպարզենք՝ ինչու են լրագրողերի նկատմամբ սահմանափակումներ կիրառվում՝ խախտելով խորհրդարանի ձևավորման օրվանից գործող ավանդույթները»:




Լրահոս