հանգիստՀայաստանում հյուրանոցային ծառայությունների սակագները բարձրացել են, ինչը պայմանավորված է ամառային սեզոնով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մատուցված ծառայությունների ոլորտում այս տարի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արձանագրվել է սակագների 2.1, իսկ այս մայիսի համեմատ՝ 0.1 տոկոս հավելաճ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հյուրանոցների ծառայությունների գներն այս տարվա հունիսին մայիսի համեմատ 1.2 տոկոսով բարձրացել են: Իսկ հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները բարձրացել են 2.9 տոկոսով:
Այն, որ Հայաստանում հանգիստը բավականին թանկ է, սա ամենեւին գաղտնիք չէ, ինչի պատճառով մեր հայրենակիցների գերակշիռ մասը նախընտրում է իր ամառային հանգիստն անցկացնել հարեւան Վրաստանում, քանի որ այնտեղ հյուրանոցներն ու հանգստյան տները փոքր-ինչ մատչելի են: Բացի այդ, մեր հայրենակիցները նախընտրում են հանգստանալ ծովափնյա երկրներում եւ այս տարի նրանց գերակշիռ մասը ընտրեց Եգիպտոսը: Քաղաքացիների խոսքերով, նույն որակի հյուրանոցները Հայաստանում ավելի թանկ են, քան Վրաստանում: Բացի այդ, մեր հայրենակիցները Վրաստանում հիմնականում նախընտրում են ոչ թե հյուրանոցում հանգստանալ, այլ վարձու բնակարաններում: Բայց չնայած սրան՝ հայաստանյան հյուրանոցներում այս օրերին գրեթե անհնար է ազատ տեղ գտնել:
Հյուրանոցներից խորհուրդ են տալիս տեղ ամրագրելու համար դիմել օգոստոսի 15-ից հետո: Իսկ գները սկսում են 34 հազար դրամից: Օրինակ, «Դիլիջան Ռեզորթը» առանց պատշգամբի եւ փոքր սենյակն առաջարկում է 30 հազար դրամով՝ մեկ անձի համար: Իսկ երկու անձի համար, բայց պատշգամբով, օրական 40 հազար դրամ: Ծաղկաձորյան «Ռոսիա»-ի գները սկսում են 42000 դրամից: Ծաղկաձորի մյուս՝ «Ալպինա» հյուրանոցի մեկ համարը երկու անձի համար օրը 40000 դրամ, որի մեջ ներառված է wi-fi, մարզասրահ, 3 անգամյա սնունդ: Իսկ ահա Սյունիքի մարզի Գորիսում համարների գները կապված են պատուհաններից բացվող տեսարաններով: Օրինակ, Խորեայի ձոր կոչվող հյուրանոցում Գորիսին նայող տեսարանով համարի արժեքը 25000 դրամ է, իսկ սարերի տեսարան նայող սենյակի գինը կազմում է 20000 դրամ: Գորիսի մյուս «Հարսնաձոր» հյուրանոցում ձոր նայող համարի արժեքը օրական 60 հազար դրամ է, այն էլ այս օրերին ազատ չէ, կազատվի սեպտեմբերի 1-ին:
Սյունէ Համբարձումյան