ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ՝ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կուսակցության նորընտիր պատգամավորների հետ, եւ նրանք որոշել են ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, որի մեջ կներառվեն նաեւ արտախորհրդարանական ուժերը:  Այս փուլում նման որոշում կայացնելն ու այդ մասին հայտարարելն ինքնին ուշագրավ է, քանի որ 44-օրյա պատերազմի մասով հանձնաժողով ստեղծելու մասին խոսել են խորհրդարանական ինչպես արդեն նախկին, այնպես էլ նոր ընտրված ուժերը: Այս քայլով  իշխանությունը ձգտեց առաջ անցնել ընդդիմությունից: Ավելին, այս տարվա ապրիլի 16-ին  Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանական իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին, նաեւ Պաշտպանության հանձնաժողովի նախագահին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով, սակայն այն արձագանք չգտավ: Եվ հիմա արդեն իշխանություներն են նման առաջարկ անում, եւ սա էլ պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ որոշ իմքայլականներ քննարկել են հարցը, որ այս հանձնաժողովի աշխատանքի հիմքում դրվելու է Օնիկ Գասպարյանի գործելաոճի մասով բացահայտումներ անելը, նրա աշխատանքում որեւէ բացասական բան գտնելը եւ թերությունների պատասխանատվությունը նրա գլխին կոտրելը:  Խնդիր է դրված պատերազմի պարտության համար կալանավորել Օնիկ Գասպարյանին: Հավելենք, որ պատերազմի առիթով ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է պետական դավաճանության մասին առնվազն 6 հանցագործության հաղորդում, որոնցից եւ ոչ մեկով քրեական գործ չի հարուցվել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդիպում են ունեցել խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանի  հետ, որին ներկա է եղել նաեւ ՔՊ-ի ԱԺ նախագահի  թեկնածու Ալեն Սիմոնյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք դիմել են ԱԺ աշխատակազմին եւ խնդրել տրամադրել ԱԺ-ում տարածքներ՝ իրենց հետագա աշխատանքի համար: Այստեղ խոսքը վերաբերում է նաեւ աշխատասենյակներին, եւ հենց այդ պատճառով  է հանդիպումը կայացել: Քննարկման ժամանակ ԱԺ աշխատակազմը ասել է, թե ընդդիմադիր երկրորդ ուժին տրամադրվելու է խորհրդարանի այն հատվածը, որը երկար տարիներ եղել է ԲՀԿ-ինը, եւ այժմ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում կլինի Սեյրան Օհանյանը: Եվ քանի որ նրանք ունեն 29 մանդատ, կհասկանան՝ այդքանը բավարար է, թե ոչ, եւ հետո միայն կհասկանան, թե ով որ աշխատասենյակում պետք է նստի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը հաստատեց, որ նման հանդիպում եղել է՝ ասելով, թե քննարկել են աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր:

 

 

2 շաբաթ է, ինչ իրավապահները փնտրում են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն, սակայն նա չկա ու չկա։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետի տուն են մտել  եւ խուզարկել որդուն գտնելու նպատակով: Խուզարկության պատճառը հուլիսի 15-ին հնչած կրակոցներն էին Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել: Կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով, սակայն անցել է երկու շաբաթ, եւ իրավապահները դեռեւս որեւէ մեկին պատասխանատվության չեն կանչել, փոխարենն ակտիվ կերպով կալանքի են տանում Սյունիքի տարբեր համայնքի ղեկավարներին կամ  հաշվեհարդար տեսնում նախկին մարզպետի հարազատների հետ:

 

 

Արդեն մի քանի օր է, ինչ հեղուկ գազի շուկան սթրեսային վիճակում է: Վարորդները բողոքում են. շուկայում հեղուկ գազ չկա, իսկ եթե գազալցակայանը հեղուկ գազ ունի, ապա վարորդին հրաժարվում է 5000 դրամից ավել վաճառել: Բայց պարզվում է, որ այս շուկայում առաջացած պակասուրդը խորը պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազ ներկրողները հայտնվել են անելանելի վիճակում. մենք գրել էինք, որ ներկրողները Իրաքում եւ Ռուսաստանում ստիպված են լինում օրերով սպասել՝ ինչ-որ քանակությամբ հեղուկ գազ գնելու համար: Մեզ հայտնի դարձավ նաեւ այն, որ Ռուսաստանն ու Իրաքը կտրուկ բարձրացրել են հեղուկ գազի գինը, եւ հայ ներկրողներին առաջարկում են բոլորովին այլ՝ ձեռքբերման ավելի բարձր գին: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը հիմա այլ լուծումներ է փնտրում՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Այժմ պետական մակարդակով բանակցություններ են ընթանում Իրանի ու Քաթարի հետ: Կհաջողի արդյոք կառավարությանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ հեղուկ գազի գինը դեռ որոշ ժամանակ բարձր կմնա, դա հաստատ է: Նշենք, որ այս շուկայում տիրող իրավիճակը վարորդների շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ որոշ գազալցակայաններ, առիթից օգտվելով, իրենց ունեցած հեղուկ գազի մեկ լիտրի գինն անհասկանալի ձեւով բարձրացրել են՝ հասցնելով մինչեւ 280 դրամի: Բայց գների զսպմամբ զբաղվող հայաստանյան միակ կառույցն այս հարցում ձեռքերը լվացել եւ մի կողմ է քաշվել՝ պատճառաբանելով, որ շուկան մրցակցային է եւ ունի կենտրոնացվածություն: Բայց, արի ու տես, այս անգործությունից օգտվում են որոշ տնտեսվարողներ եւ թալանում վարորդներին:




Լրահոս