Արցախյան հարցի շուրջ ակտիվ զարգացումներին զուգահեռ անհանգիստ է հայ-ադրբեջանական սահմանին: Երեկ առավոյան եւ ամբողջ օրը լարված է եղել Երասխի ուղղությամբ, նախորդ գիշերն էլ՝ Գեղարքունիքի հատվածում: Դրան զուգահեռ երկուշաբաթվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին, ապա կրկին զրուցեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ:
Ալիեւ-Պուտին հանդիպմանը զուգահեռ՝ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է ողջունելու Եվրամիության երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա համաձայնությունների իրագործմանը:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոյի հետ:
-Պարո՛ն Մալաշենկո, հայ-ադրբեջանական սահմաններին լարված է, սակայն ռուսական կողմից զսպող հայտարարություններ այս փուլում չենք տեսնում: Ո՞րն է պատճառը:
-Ընդհանուր առմամբ Ռուսաստանն այս փուլում պահպանում է պարիտետը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ փորձելով չանել կտրուկ որեւէ հայտարարություն, «շարժում»՝ չվնասելու համար հետպատերազմյան երկփուլ պայմանավորվածությունները: ՌԴ հարավկովկասյան դիվանագիտության համար ոչ պարզ իրավիճակ է ստեղծվում: Ակնհայտ է, որ Ռուսաստանին հարկավոր է կայունություն Հարավային Կովկասում, քանի որ այս փուլում անհրաժեշտ է լինելու զբաղվել միջինասիական երկրների խնդիրներով, եթե այնպես ստացվի, որ իշխանությունն անցնի թալիբներին: Այս սցենարները դիտարկվում են, եւ դա հավելյալ դիվանագիտական հաշվարկներ եւ ծրագիր է պահանջում: Ասել, որ կան լիարժեք վստահելի հարաբերություններ Հայաստանի կամ Ադրբեջանի հետ, սխալ կլինի, քանի որ յուրաքանչյուրն իր խաղն է տանում, այդ թվում՝ Ռուսաստանը, որը սկսում է չմերժել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչն Ադրբեջանը կարող է դիտարկել իր դեմ, մեկ այլ բան Հայաստանը կարող է դիտարկել իր դեմ: Սա մեծ քաղաքականություն է:
-Մենք տեսնում ենք ակտիվություն ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողմից: Արդյոք սա չի՞ նշաակում, որ ՌԴ-ն պասիվանում է:
-Ռուսաստանն ակնկալում էր դա, եւ չի բացառվում, որ այս փուլում չի հակասում ՌԴ շահերին, չնայած այն իր օրակարգում ունի հարցեր, որոնք Ռուսաստանը չի համարում, որ պետք է քննարկել այսօր: Սակայն դա կարող է իսկապես կայունություն ապահովել, նպաստել հրադադարին, նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը: Այսօր լիովին նոր դասավորություն կա, բոլոր խաղացողները փոխել են իրենց քաղաքականությունը: Ռուսաստանը հասկանում է նաեւ, որ Արեւմուտքը որոշ իրողությունների չի համակերպվելու, գործընթացներ է նախաձեռնում, այդ թվում՝ միջազգային կառույցներում։ Ադրբեջանն իր հերթին իր քաղաքականությունն է վարում, որը միշտ չէ Ռուսաստանի հետ համաձայնեցված, նույնը՝ Հայաստանը։ Ռուսաստանը զգուշավոր քաղաքականություն է իրականացնում, որը նշանակում է, որ կշարունակվի ապաշրջափակման հարցի շուրջ եռակողմ աշխատանքը, սահմանազատման հարցն ընթացքի մեջ է, այդ ուղղությամբ եւս, կարծում եմ, բանակցություններ են ընթանում։ Ռուսաստանը Հարավային Կովկասում այս փուլում կաշխատի բոլոր ճակատներում հավասարապես, քանի որ իրադարձությունները որքան կանխատեսելի, այնքան էլ անկանխատեսելի են, իսկ Ռուսաստանին այստեղ նոր խնդիրներ հարկավոր չեն:
-Իսկ Արցախի հարցում: Ադրբեւջանի կողմից կրկին հայտարարություններ են հնչում:
-Արցախի հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կշարունակեն համագործակցությունն այն կետից, որտեղ ընդհատվել է բանակցային գործընթացը։ Բացառություն կկազմի պատերազմով լուծված տարածքների վերաբերյալ կետը։ Հակամարտության մնացած բոլոր հարցերը լուծված չեն եւ ենթակա են լուծման՝ ներառյալ կարգավիճակի ամենակարեւոր հարցը։
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԵՎ ԱՄԵՆԱՊԱՍԻՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
Օգոստոսի 2-ից յոթերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները կդադարեցվեն: Այս ընթացքում շարքի միջոցով ArmLur.am-ը կփորձի ամփոփել խորհրդարանի աշխատանքները` առանձնացնելով ակտիվ եւ պասիվ պատգամավորներին, ընդունված նախագծերն ու հանձնաժողովների աշխատանքը:
Խորհրդարանի ամենապասիվ հանձնաժողովը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն է, իսկ ամենաակտիվը՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն է, քննարկվող նախագծերի մեծ մասը հենց այս հանձնաժողովով է անցնում: Բազմիցս է բարձրաձայնվել այն մասին, որ խորհրդարանում շատերը պարապուրդի են մատնվում, եւ բեռն ընկնում է միայն մի քանի հանձնաժողովների վրա: Սակայն հետաքրքիր է, որ, չնայած այս հանգամանքին, ութերորդ գումարման խորհրդարանում եւս հանձնաժողովները նույնը կլինեն:
Parliamentmonitoring-ի տվյալներով` ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորները իշխանական խմբակցության անդամներն են: Առաջին նստաշրջանից մինչ հունիսի 1 անցկացված նիստերին ամենաշատը 860 անգամ կողմ է քվեարկել պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, Արտաշես Պետրոսյանը` 858 անգամ, Հովիկ Աղազարյանը` 850 անգամ, Վահագն Հովակիմյանը` 832, Գեւորգ Պապոյանը` 830 անգամ:
Իսկ ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորների հնգյակն ունի հետեւյալ տեսքը՝
Արմեն Եղիազարյան՝ 103 անգամ, Գուրգեն Բաղդասարյան՝ 101 անգամ, Կարեն Սիմոնյան՝ 97 անգամ, Գեւորգ Գորգիսյան՝ 92 անգամ, Սրբուհի Գրիգորյան՝ 92 անգամ:
Իսկ ո՞վքեր են ամենաշատը ելույթ ունեցած 5 պատգամավորները.
Միքայել Մելքումյան՝ 177 ելույթ, Սերգեյ Բագրատյան՝ 99 ելույթ, Արտակ Մանուկյան՝ 93 ելույթ, Արման Աբովյան՝ 91 ելույթ, Արման Բաբաջանյան՝ 78 ելույթ:
Իսկ ովքե՞ր են ամենապասիվները.
Հակոբ Ասլանյան, Էդուարդ Բաբայան, Քաջիկ Գեւորգյան, Գոռ Երանյան, Վահե Հովհաննիսյան:
Այլ անուններ եւս կան:
ArmLur.am-ը կշարունակի իր շարքը:
Ն.Հ.
ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս օրերին թեժ քննարկում է այն հարցը, թե ինչ ձեւաչափով կարելի է տրամադրել 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավորական մանդատները: Բանն այն է, որ այս օրերին պետք է արդեն ԿԸՀ-ն օր հայտարարեր ու բաշխեր մանդատները, սակայն քանի որ ամառային հանգստյան օրեր են, կան անձինք, ովքեր Հայաստանում չեն, մեկնել են հանգստի, ուստի հանձնաժողովը քննարկում է ձեւաչափ, թե ինչպես պետք է իրականացնի բաշխման պրոցեսը: Մենք փորձել ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել, թե արդյոք արդեն օր են որոշել՝ մանդատների բախշման հետ կապված: Armlur.am-ի հետ զրույցում Մուկուչյանն ասաց, որ իրենք փորձում են հասկանալ՝ ինչ ձեւաչափով իրականացնեն մանդատների բաշխումը, օրը դեռեւս չեն որոշել, հնարավոր է՝ լիազորների միջոցով մանդատներն ուղարկեն պատգամավորներին: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենք քննարկումների փուլում են, ու առաջիկայում ամեն ինչ կհստակեցվի: Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին կկայանա ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստ, ու մինչեւ այս պետք է պատգամավորները ստանան իրենց մանդատները՝ խորհրդարան ներկայանալու համար:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ
Ուշագրավ փոփոխություն՝ ՀՀ քննչական կոմիտեում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին նշանակել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ: ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեում խորհրդակցություն է եղել, եւ Մարգարյանին ասել են, որ քանի որ նա չվախեցավ ու համարձակ կերպով «օրենքով գողերի» դեմ քրեական գործեր հարուցեց ու նրանց կալանքի տարավ, ուստի իր նման ուժեղ մարդ է պետք, որ Սյունիքի մարզը հավաքի իր բռի մեջ, եւ որոշել են նրան նշանակել մարզային վարչության պետ: Ասել է թե՝ Սյունիքի մարզում նոր զարգացումներ են սպասվում: Հիշեցնենք, որ անցած տարի Քրեական ենթամշակույթի դեմ անխոնջ պայքար մղած կամ, այսպես ասած, «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին պարգեւատրել են:
Տեղեկացանք, որ 30 տարեկան երիտասարդ քննիչին գնդապետի կոչում են տվել «օրենքով գողերի» հետ կապված աշխատանքի համար: Իսկ ո՞ւմ գործն է քննել 30-ամյա նորաթուխ գնդապետը: Նա քննել է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու վերաբերյալ հարուցված քրեական գործը: Գնդապետի կոչումը Մարգարյանը ստացել է նաեւ Գող Ալոյի՝ Ալեքսանդր Մակարյանի գործը քննելու համար: