ՊԵՏԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ցանկում տեղ են գտել նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները:

 

Պետական բյուջե ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարության աշխատակազմը գլխավորում է ցանկի երկրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 25 մլրդ 390 մլն 499 հազար դրամի հարկ ու տուրք: Հաջորդը Արտաքին գործերի նախարարությունն է, որը կատարել է 478 մլն 823 հազար դրամի հարկային վճարումներ: Խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է նաեւ Էկոնոմիկայի նախարարությունը վճարած 355 մլն 977 հազար դրամ հարկ ու տուրքով: Իսկ, ահա, Առողջապահության նախարարության վճարած հարկերը կազմել են 317 մլն 805 հազար դրամ, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ 245 մլն 435 հազար դրամ, Արդարադատության նախարարությանը՝ 238  մլն 54 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցը շատ քիչ հարկ է վճարել. ArmLur.am-ը տեղեկացավ, որ Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պետական բյուջե վճարել է 177 մլն 97 հազար դրամի հարկ ու տուրք: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վեց ամիսների ընթացքում կատարել է 151 մլն 844 հազար դրամի հարկային վճարում, Բարձր տեխնոլիագների եւ արդյունաբերության նախարարությունը՝ 143 մլն 75 հազար դրամի հարկ: Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած Շրջակա միջավայրի նախարարության կատարած հարկային վճարումները կազմել են 108 մլն դրամ: Տեղեկացնենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 494 մլրդ 334 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 90 մլրդ 105 մլն դրամ։ Ի դեպ, հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ. ՀՀ կառավարության նախորդ տարվա դեկտեմբերի 24-ի որոշմամբ՝ նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձեւից: Այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները բյուջե են մուտքագրել 584 միլիարդ 440 մլն դրամի հարկեր։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների կողմից ՀՀ մուտքագրված հարկերը կազմել են 534 միլիարդ 489 մլն դրամ։ Այսպիսով՝ այս տարվա առաջին կիսամյակում շուրջ 50 մլն դրամով ավելացել են 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տասնյակի երկրորդ հորիզանականում էր։ Ընկերությունն այս տարի վճարել է 28 միլիարդ 445 միլիոն դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 2,4 միլիարդ դրամով ավելի։ Երկրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ վճարած 26 միլիարդ 809 մլն հարկերով։ Ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարելավել է իր դիրքը 1 հորիզոնականով՝ վճարելով 3,6 միլիարդ դրամով ավելի հարկ։ Վճարված հարկերի նման ավելացումը կարող է կապված լինել միջազգային շուկայում պղնձի գնի կտրուկ ավելացման հետ։ Այս տարի 4-րդ հորիզոնականում է «Գրանդ տոբակո» ընկերությունը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գլխավորում էր խոշոր հարկատուների ցանկը։ Ընկերության վճարած հարկերը նվազել են ավելի քան 50 %-ով։ «Գրանդ տոբակո»-ն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 12 միլիարդ 938 միլիոն դրամ հահտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած 26 միլիարդ 268 միլիոն դրամի փոխարեն։ Գեղարքունիքի մարզի Սոթքի ԵՒ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը եզրափակում է խոշոր հարկատուների հնգյակը։ Չնայած ընկերության վճարած հարկերը նվազել են 2,6 միլիարդ դրամով» այնուամենայնիվ, այն պահպանել է դիրքը խոշոր հարկատուների 5-րդ հորիզոնականում։

Ն.Հ.

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԵԿԵՂԵՑՈՒՑ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2021 թվականի հունվար ամսին Արթուր Սարգսյանն Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում գտնվող «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակիդ զգալի չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ հունվարի 6-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, միայնակ գնացել է նշված եկեղեցի եւ ապօրինի մուտք գործել եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ, պտուտակահանով կոտրելով գանձանակի փականքը՝ ձեռքը մտցրել է գանձանակի մեջ եւ այնտեղից գաղտնի հափշտակել 5200 դրամ գումար։ Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Արթուր Սարգսյանը, 2021 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, կրկին միայնակ գնալով «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի, նույն եղանակով ապօրինի մուտք է գործել եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ եւ այնտեղից գողացել 4300 դրամ գումար։ Այնուհետեւ՝ 2021 թվականի հունվարի 15֊ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինչպես նաեւ 2021 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Արթուր Սարգսյանը, իր հանցավոր մտադրությունը շարունակելու դիտավորությամբ կրկին միայնակ գնալով «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի, նույն եղանակով ապօրինի մուտք է գործել եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ, որի մեջ, սակայն, երկու դեպքում էլ գումար չինելու պատճառով չի կարողացել գումար հափշտակել։ Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Արթուր Սարգսյանը 2021 թվականի հունվարի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կրկին միայնակ գնալով «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի, նույն եղանակով ապօրինի մուտք է գործել եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ եւ այնտեղից գողացել 800 ՀՀ դրամ գումար։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ Արթուր Սարգսյանը, 2021թ. հունվարի 6-ից մինչեւ հունվարի 28-ը ներառյալ ժամանակահատվածում «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու՝ պահեստարան հանդիսացող գանձանակ ապօրինի մուտք գործելով, գաղտնի հափշտակել է զգալի չափերով՝ 10.300 ՀՀ դրամ գումար։

 

 

ՆԵՐԿՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է: Հայաստանի վիճակագրական կոմիտեն այս տարվա վեց ամիսներին արձանագրել է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի 5 տոկոս աճ: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս տարվա վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 2.1 տոկոսով, բայց հունիսին, մայիսի համեմատ, հակառակը՝ նվազել են 0.9 տոկոսով: Շինարարության ոլորտում է աճ արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 10.8 տոկսով: Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են ավելացել 8 տոկոսով: Հայաստանում սննդամթերքի սպառման առումով բավականին ակտիվություն է եղել վեց ամիսներին: ArmLur.am-ը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս աճ ունենք. այն կազմել է 13.4 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 23.3 տոկոսով ավելացել, իսկ ներկրումը՝ 7.9 տոկոսով: Բայց մեկ ամսվա ընթացքում՝ հունիսին, մայիսի համեմատ, ներկրման ծավալները նվազել են 4.5 տոկոսով:

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՃՈՒՄ Է

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել, այն ընդհուպ մոտեցել է 9 մլրդ դոլարին։ Միայն այս տարվա առաջին կեսին պետական պարտքն ավելացել է շուրջ 901 մլն դոլարով։ Հունիսի վերջի դրությամբ այն կազմել է 8 մլրդ 869 մլն դոլար, իսկ վեց ամսվա ընթացքում պարտքն աճել է ավելի քան 11 տոկոսով։ Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը եւս գնալով վատանում է։ Միջազգային կազմակերպությունների ամենալավատեսական գնահատումներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2021թ. կարող է աճել առավելագույնը 4-4,5 տոկոսով։ Այս պահին արդեն պարտքի աճը 2-3 անգամ ավելի բարձր է այդ գնահատականից։ Անցած տարի պարտքը համալրվեց 647 մլն դոլարով, այս տարվա առաջին կեսին՝ 901 միլիոնով։ Պետական պարտքի հիմնական մասը կառավարության բաժինն է։ Սա այն պարտքն է, որը փակվում է բյուջեի եկամուտների հաշվին։  Հաջորդ տարի դրա համար կպահանջվի 234 մլրդ դրամ։ 2023թ. պարտքի սպասարկումը կկազմի 241 միլիարդ, իսկ 2024թ.՝ 271 մլրդ դրամ։

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն դեռեւս պատասխան չի ստացել Հայաստանից խաղաղ պայմանագիր կնքելու եւ պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Minval.az-ը, նման հայտարարությամբ Բայրամովը հանդես է եկել Սերբիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում: «Ադրբեջանը հանդես է եկել մի շարք առաջարկներով: Դա առնչվում է նաեւ Հայաստանի հետ բաց սահմանի հարցի լուծմանը` սահմանազատման հարցով քննարկումներ սկսելու միջոցով: Բացի այդ, առնչվում է նաեւ առաջարկին, որի մասին բազմիցս խոսել է Ադրբեջանի նախագահը, այն է՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի պատրաստկամությունը: Ցավոք, մենք դեռ արձագանք չենք ստացել Հայաստանից այդ առաջարկների վերաբերյալ»,- աղբյուրը մեջբերում է ադրբեջանցի նախարարին:

 

 

ԲՆԱԿՉԻՆ ԳԵՐԵՎԱՐԵԼ ԵՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ եւ կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Այժմ նրանց միջնորդությամբ վարվում են բանակցություններ անձին վերադարձնելու ուղղությամբ»,-գրել է նա:

 

 




Լրահոս