ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները բացահայտել են Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում եւ Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու եւ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41.800.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքեր:

 

ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, նախնական համաձայնության գալով դպրոցի հաշվապահի հետ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ 2012-2019 թվականների ընթացքում ընդհանուր թվով 9 անձի հրամանագրել են տարբեր հաստիքներում եւ նրանց աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել եւ վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա դրանք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման, որի արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով Շիրակի մարզպետարանի գույքային ֆոնդից նշված անձանց անվամբ անհիմն կարգով ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 23.800.000 ՀՀ դրամ գումար, որն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակվել է հանցավոր խմբի անդամների կողմից։

Վերոգրյալից բացի, մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը 2001-2019 թվականների ընթացքում զբաղեցնող անձինք, նախնական համաձայնության գալով նույն կազմակերպության հաշվապահի հետ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարբեր հաստիքներում որպես աշխատակիցներ վերը նշված տարիներին հրամանագրել են ընդհանուր թվով 10 անձի, որից հետո վերջիններիս աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել եւ վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա այդ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման, որի արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով Գյումրու համայնքապետարանի գույքային ֆոնդից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն կարգով ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 18.000.000 ՀՀ դրամ գումար, որն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակվել է հանցավոր խմբի անդամների կողմից:

Հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նշված կազմակերպություններում կոռուպցիոն մեխանիզմն ամբողջությամբ բացահայտելու, պետությանն ու համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

 

 

ՄԻՊ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

Խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հետ կապված պրակտիկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրած դեպքերում հոգեբուժարաններում գտնվող մարդկանց հիվանդության պատմագրերը չեն պարունակել ոչ հոժարակամ (կամքին հակառակ) բուժում սկսելու իրավական հիմքեր: Ուսումնասիրությունները լրջագույն մտահոգություն են ստեղծում ոչ հոժարակամ բուժման գործընթացի արհեստական եւ անհիմն լինելու վերաբերյալ: Գործում է խիստ խնդրահարույց պրակտիկա, երբ հոսպիտալացման եւ բուժման իրազեկված համաձայնության պատշաճ ապահովման փոխարեն հոգեբուժարանը դատարան է ներկայացվում միաբնույթ միջնորդությունները տիպային «Բժշկական հանձնաժողովային եզրակացությունների» հիման վրա՝ առանց մարդու ռիսկայնության եւ հիվանդանոցային բուժման անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների: Հատկապես մտահոգիչ է այն, որ տարիներ ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ պացիենտներ անհասկանալի հանգամանքներում եւ միեւնույն ժամանակահատվածում դարձել են «խիստ վտանգավոր իրենց եւ շրջապատի համար», ինչը սակայն որեւէ կերպ չի հիմնավորվում նրանց հիվանդության պատմագրերում բուժող բժիշկների գրառումներով: Խիստ դատապարտելի է դատական պրակտիկան: Դատավորների մոտ ոչ միայն տարակուսանքի տեղիք չեն տալիս հոգեբուժարանների տիպային միջնորդությունները, այլեւ ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերի հիմքում, որպես կանոն, դրվում են հոգեբուժարանների միջնորդությունների տիպային ձեւակերպումները՝ առանց հիմնավորող բավարար փաստարկների: Այդ դատական ակտերը հիմնականում տարբերվում են պացիենտների անուն-ազգանուններով եւ հիվանդության ախտորոշումներով: Սա էլ նշանակում է, որ ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերը եւս տիպային, մակերեսային բնույթի են:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԻ

ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ներկայացնելով որոշումը, հայտարարեց. «Դռնբաց նիստում քննության առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության, ԲԴԽ-ի դիմելու մասին 2021-ի մայիս 12-ի որոշումը եւ կից ներկայացված փաստաթղթերը, ղեկավարվելով Սահամանդրության 175 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 155-րդ հոդվածով՝ ԲԴԽ-ն որոշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը՝ ԲԴԽ նախագահ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել»։

 

 

 

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՆԿԱՏՄԱՄԲ

2021թ. հուլիսի 24-ին Սյունիքի մարզի թոշակառու բնակչուհին, որը նախկին մանկավարժ է, հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իգական սեռի անհայտ անձը, օգտվելով իր միայնակ ապրելու եւ տան մուտքի դռան կիսաբաց լինելու հանգամանքից, մտել է իր բնակարան, բռնություն գործադրելով՝ պահանջել գումար, որը վերցնելուց հետո հեռացել է:

 

ՔԿ-ից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով: Սյունիքի մարզի բնակչուհին ճանաչվել է տուժող եւ ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ: Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, որոնք ոչ միայն նույն համայնքի բնակիչներ են, այլեւ գործընկերներ:

Քննությամբ պարզվել է, որ նրանցից մեկը, որը Սյունիքի մարզի բնակչուհի է՝ 34 տարեկան, մինչ իր մտահղացման իրագործումը իր գործընկերոջը խնդրել է թոշակառու կնոջ՝ տանը գտնվելու հանգամանքը պարզելու նպատակով ջրաչափ ստուգելու պատրվակով գնալ նրա տուն: Երբ տանտիրուհին տղամարդու հետ գտնվել է լոգարանում, 34-ամյա կինը մուտք է գործել բնակարան եւ թաքնվել ննջասենյակում, իսկ տղամարդու հեռանալուց հետո հարձակվել է տանտիրուհու վրա եւ ապակե տարայով ու ձեռքերով հարվածելով կնոջ մարմնի տարբեր մասերին, դեմքին ինչ-որ հեղուկ փչելով եւ բերանը լցնելով, հյուրասենյակից միջանցք քաշել-տանելով, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել է խոշոր չափերով՝ 840.000 ՀՀ դրամ եւ 100 ԱՄՆ դոլար ու դիմել փախուստի: Դեպքից ժամեր անց 34-ամյա կինը, ավազակություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է, հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, ներկայացնելով գողոնի մի մասը՝ 740.000 Հայաստանի Հանրապետության դրամը, հանցանքի կատարման ժամանակ օգտագործված հեղուկները, ինչպես նաեւ դեպքի պահին հագին եղած հագուստները: 2021թ. հուլիսի 25-ին ձերբակալվել է նաեւ նրա գործընկերը:

 

 




Լրահոս