ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով բնակարան է ձեռք բերել 6063 ընտանիք: Հատկապես 2018-2019 թվականներին ծրագրին դիմողների թիվը զգալիորեն աճել է, ինչին նպաստող հանգամանքներից են եղել այդ տարիներին ծրագրի կարգում կատարված փոփոխությունները եւ լրացումները: Մասնավորապես, այժմ երիտասարդ ընտանիքը սահմանվում է հետեւյալ կերպ՝ «երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսինների տարիքների հանրագումարը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող միայնակ երիտասարդ ծնող»:

 

«Համապատասխան փոփոխություններն ավելի շատ ընտանիքների են հնարավորություն տվել դառնալու ծրագրի շահառու: Այսպես, երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը բարձրացվել է մինչեւ 70 տարեկան՝ առանց տղամարդու եւ կնոջ տարիքային որեւէ շեմի սահմանմամբ: Պետության կողմից սուբսիդավորման ծավալը եւ  շահառուների թիվը շարունակաբար ավելացել են, իսկ 2019 թվականին հասել է դեռեւս առավելագույնին՝ 1196-ի: Այդ տարի Երեւանում բնակարան է ձեռք բերել 499 երիտասարդ ընտանիք, մարզերում՝ 697: 2020 թվականին կորոնավիրուսի համավարակով եւ պատերազմական իրավիճակով պայմանավորված, թիվը նվազել է? Երեւանում ձեռք են բերել 323 բնակարան, մարզերում՝ 558: Այս տարվա առաջին կիսամյակում Երեւանում ձեռք են բերել 117 բնակարան, մարզերում՝ 269: Եթե հաշվի առնենք, որ այժմ հետպատերազմական վերականգնման փուլում ենք, ապա երկրորդ կիսամյակի թիվը կաճի: Իհարկե, բարդ կլինի հասնել 2019 թվականի ցուցանիշին, սակայն առաջնայինը նախորդ տարվա ցուցանիշը չթերակատարելն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանն ու հավելել, որ ծրագրի շահառու դառնալու համար վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ընտանիքները պետք է նախ դիմեն առեւտրային բանկ:

Հիփոթեքային վարկը տրամադրվում է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից պետությունը սուբսիդավորում է Երեւանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5): Երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը Երեւանում եւ մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը:

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետի խոսքով՝ ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցները շարունակելու են աճել, այդպիսով պետությունը հետեւողականորեն կատարելու է երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու իր հանձնառությունը. «2021-2024 թվականներին միջնաժամկետ ծախսային ծրագրերով պետության կողմից սուբսիդավորման չափը շարունակաբար աճելու է: Այս տարվա համար նախատեսված է 1 մլրդ 300 մլն դրամ, 2022 թվականին կհատկացվի 1 մլրդ 737 մլն 500 հազար դրամ, 2023-ին՝ 2 մլրդ 78 մլն դրամ, իսկ 2024-ին՝ 2 մրդ 425 մլն 200 հազար դրամ»:

 

 

ՄՏԱՀՈԳԻՉ ՎԻՃԱԿ՝ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

2020թ. աշնանը՝ Արցախում  տեղի ունեցած պատերազմից առաջ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեծ թափով ճանապարհաշինություն էր կատարում, կառուցապատվում, ասֆալտապատվում էին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպատական ավտոճանապարհի մեծ հատվածներ, ասֆալտապատեցին  նաեւ  մեծ թվով  համայնքային  նշանակություն ունեցող ավտոճանապարհներ՝  Տավուշի մարզի Իջեւանի տարաշաշրջանի Աչաջուր գյուղում Մակարավանք տանող ճանապարհը, Իջեւանի տարածաշրջանի  սահմանամերձ  Բերքաբեր գյուղի ավտոճանապարհը, միջպետական ավտոճանապարհից Նոյեմբերյան  համայնքի  մաս կազմող սահմանամերձ Բերդավան մտնող ավտոճանապարհը, Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղ տանող ավտոճանապարհը, Իջեւան քաղաքի մի քանի փողոցներ եւ այլն։ Նման ակտիվ  ճանապարհաշինությունը  տարակուսանք էր հարուցում, որովհետեւ  ակնհայտ էր, որ շուտով  Արցախում  պատերազմ  է  սկսվելու, եւ ֆինանսական ռեսուրսները պետք է ուղղել դրան նախապատրաստվելուն։  Գյուղական ավտոճանապարհները նորոգվել են, իսկ Հայաստան-Վրաստան  միջպետական  ավտոճանապարհի մի կարեւոր հատված՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ, Վրաստանի սահման  51,4 7 կիլոմետրանոց հատվածը երեք տարի  կառուցապատվում է, սակայն այդպես էլ չի ավարտվում։ Ալավերդի քաղաքի բնակիչները դժգոհում են, որ Մ6 մայրուղու Ալավերդի քաղաքի հատվածում անձրեւների ժամանակ մակերեսային ջրեերի մեծ կուտակումներ են լինում, որովհետեւ անձրեւաջրերի հեռացման փոսերը անձրեւաջրերի  կուտակման  տեղերի  դիմացն  են՝ ճանապարհի հակառակ կողմում։ Ալավերդի քաղաքում՝ մեկ այլ հատվածում, գրունտային ճանապարհից ջրերի  հոսքը լցվում է միջպետական ավտոճանապարհ,  հորդ  անձրեւների ժամանակ սելավաջրերն են այդ  ճանապարհից լցվում մայրուղի,  այդ հատվածում ջրահեռացման համակարգ  չի կառուցվել։ Հայաստան-Վրաստան միջպետական մեկ այլ ճանապարհի՝ Երեւան-Իջեւան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածում ճանապարհի  ասֆալտի ծածկի կարկատաններ են արվել, սակայն մեծ բեռնատարներն  իրենց ծանրությամբ քանդում են դրանք։ Վարոդները հայտնում են, որ հարկավոր է Դիլիջանի ոլորաններում ճանապարհի ասֆալտի ծածկի հենքը  քանդել, այն բետանապատել, հետո  բետոնից  կայուն հենքն ասֆալտապատել, սակայն այդ խիստ անհրաժեշտ գործն այդպես էլ չի իրականացվում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ

Դիլիջան քաղաքի բնակիչները բողոքում են, որ քաղաքում աղբահանությունը վատ է  կատարվում, լցված, ժամանակին չդատարկվող աղբարկղերի շուրջը խմբվում են թափառող, անտեր շները, որոնք վտանգ են ներկայացնում բնակիչների համար։

 

Թափառող, անտեր շների խնդիրն առկա է նաեւ Տավուշի մարզի այլ բնակավայրերում։ Այս թափառող կենդանիների մեծ մասը սոված են, դրանք, բացի մարդկանց վրա հարձակվելուց, հաճախ հարձակվում են նաեւ տնային կենդանիների վրա: Շները շարժվում են խմբերով, այդ խմբերից պաշտպանելը դժվար է: Սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների մեծ մասը սոցիալապես անապահով են, նրանք չեն կարող թափառող շներին կերակրել, դրանց  կուշտ պահել, որ չագրեսիվանան, մարդկանց եւ կենդանիների վրա չհարձակվեն։ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, ՀԿ ղեկավար Հասմիկ Ազիբեկյանը հայտնեց, որ ինքը բոլոր պետական այրերից պահանջում է շտապ կերպով լուծել Նոյեմբերյանի տարածաշրջանի թափառող շների հարցը, Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական փողոցներով հնարավոր չէ  ցերեկով եւ գիշերային ժամերին անվտանգ քայլել: Թափառող շները շատ են, ծնողները Նոյեմբերյան քաղաքի մանկահասակ երեխաներին  միայնակ բակեր չեն թողնում գնալ, որ  թափառող, անտեր, ագրեսիվ  շները նրանց չվնասեն: Հասմիկ Ազիբեկյանի խոսքով՝ հիմար օրենքների պատճառով  կրակն են մնացել, բոլոր նրանք, որոնք ԱԺ-ում նախաձեռնել են թափառող շների սպանդը արգելող օրենքի ընդունումը, թող արագ տեմպերով գնան, Նոյեմբերյանի թափառող շներին հավաքեն, իրենց կողմից անվտանգ վայր  համարված տարածք տեղափոխեն, բայց բնակիչների, հատկապես՝ մանկահասակ երեխաների անվտանգության հարցը պետության հոգածության հարցն է: Հասմիկ Ազիբեկյանը հայտնեց, որ դեպք կա, որ բնակիչը երեխային վնասող շանը  բահով վնասազերծել է, եւ  այդ դեպքը սարքել են   մեծ պատմություն, բնակչին  30 հազար դրամով տուգանել են: ԱԺ նախկին պատգամավոր, ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղից Սարգիս Ալեքսանյանը հայտնեց, որ ինքը  թափառող, անտեր շների հարցով դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ իրեն պատասխանել են, որ այդ խնդիրը կարող է  լուծվել միայն մրցութային կարգով ստեղծվող ՀՈԱԿ-ի միջոցով, ինչը մեծ գումարներ է պահանջում նախատեսված ստանդարտները ապահովելու համար, այսինքն՝ չեն կարող խնդիրը լուծել, իսկ եթե ինչ-որ մեկը  թափառող, անտեր, ագրեսիվ շուն ոչնչացնի, իրավապահները քրեական գործ կհարուցեն եւ անտեր, թափառող, ագրեսիվ շանը ոչնչացրած անձին պատասխանատվության կենթարկեն։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս