«ԹՌՈՒՑԻԿ ԲԱԺԱՆՈՂԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅՏՆԻ ՄՈԴԵԼ». ԼՅՈՒՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավարուհի, մոդել Լյուսի Հայրապետյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է  քննադատվող կերպար լինելու, ծնողների արձագանքի եւ երիտասարդ տարիքից տարբեր աշխատանքներ կատարելու մասին

 

-Լյուսի՛, Դուք հայաստանյան շոու-բիզնեսի ամենաքննադատվող եւ պահանջված ներկայացուցիչներից եք: Չե՞ք նեղվում այդ հանգամանքից:

-Նախ չեմ սիրում շոու-բիզնես արտահայտությունը, քանի որ  ինձ համար այն շատ աղճատված է եւ վերածվել է ինչ-որ անհասկանալի ոլորտի: Ես ընդունում եմ, որ ամենաքննադատվածն ու դաժան քննադատություններին ենթարկված եմ, բայց առհասարակ այդ հանգամանքն ինձ չի անհանգստացնում, կոմլեքսավորում: Չգիտեմ, թե ինչու եմ այդքան քննարկված, երեւի թե պատճառն այն է, որ չափից շատ հանգստանում եմ, անում եմ այն ամենը, ինչ ուզում եմ, չնայած շատ-շատ էջեր կան, որ շատ հետեւորդներ չունեն, հանրային դեմքեր չեն, բայց շատ ավելի վատ եւ բաց կերպարներով են հանդես գալիս:

 – Ձեր մերկ լուսանկարները, ֆոտոշութերը սուր քննադատությունների առիթ են հանդիսանում, ինչպե՞ս եք արձագանքում դրանց:

-Ես իմ մերկ լուսանկարներով այնքան քաղցր եմ տալիս, որ ավելի շատ խեղդվեն (ծիծաղում է): Երբ նոր էի ասպարեզում, շատ էին քննարկում, մի քիչ նեղվում էի, որ կարող է մամային կամ պապային դուր չգա, բայց հետո հասկացա, որ իրենք ինձ շատ լավ են ճանաչում, եւ կարիք չկա անհանգստանալու: Ծնողերս շատ լավ տեսնում են, թե ես ինչպես եմ աշխատում, եւ այդ բոլոր քննադատություններն ու մեկնաբանություններն իմ մասին չեն իրականում, եւ չեմ մտածում այդ մեկնաբանություննեի պատճառով ինձ սահմանափակել: Ովքեր ինձ սիրում են եւ ինձ ճանաչում են, կարծում եմ, նրանց համար տարբերություն չկա: Մայրս հայկական ընտանիքի կարկառուն դեմքերից է եւ մինչեւ հիմա, մեկ է, ծանր է տանում ինձ հետ կապված ցանկացած բան: Հայրիկս ինձ այնքան լավ է ճանաչում, որ ինձ անվերապահորեն վստահում է: Նա գիտի, թե ինչպես եւ ինչ ձեւով եմ ես գումար աշխատում, ոնց եմ տղաների հետ ինձ պահում: Հայրս այդ առումով հանգիստ է, եւ կա փոխադարձ վստահություն, իսկ մայրս ավելի շատ մտածում է, թե ինչ կասեն հարեւանները:

-Լյուսի՛, մինչեւ հայտնի լինելն ի՞նչ ճանապարհ եք անցել:

-Սկսել եմ աշխատել դեռ 15-16 տարեկանից: Առաջինը սկսել եմ բաժանել թռուցիկներ, հետո մասնակցել եմ Ֆաինայի առաջին հարսանեկան զգեստների շութինգին 40  աստիճան ջերմությամբ: Նոր տարվա գիշերը Երեւանի ռեստորաններից մեկում 5000 դրամով պարել եմ, հետո անգլերենի դասեր եմ տվել դպրոցում: Մի խոսքով, այսպես կետ առ կետ առաջ եմ գնացել եւ չեմ պատկերացրել, որ կունենամ նման հաջողություն, այսքան պահանջված կլինեմ եւ դեռ կբարձրանամ, այլ ոչ թե կիջնեմ: Իմ նախկին ընկերներից մեկն ինձ մի շատ ճիշտ բան է ասել, որը ես ընդունել եմ. «Կարողացիր ասել ոչ» ինչ-որ պահերին ինչ-որ մարդկանց գործնական առաջարկներին՝ անկախ նրանից, որ չմերժելու դեպքում մեծ գումար կվաստակեի: Հավատացեք՝ այդ «ոչ»-ից հետո ամեն ինչ նոր է սկսվում, եւ նոր դռներ են բացվում քեզ համար:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 




Լրահոս