
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, իշխանական ֆրակցիան պատրաստվում է հին կազմով եւս մեկ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների` խորհրդարանի իշխանական խմբակցությունը դեռեւս օր է որոշում նիստի համար. հնարավոր է այն կայանա հուլիսի 30-ին:
Լավատեղյակ մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիան պատրաստվում է քննարկել ՀՀ գլխավոր դատախազության այն առաջարկությունը, ըստ որի, պետք է քրեականացնել զպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցիչներին և կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։ Բայց արդյոք իշխանական ֆրակցիային կհաջողվի ապահովել քվորում ու նիստ հրավիրել, այս պահին, դժվար է ասել:
Նշենք, որ դեռեւս մարտի 24-ին էլ խորհրդարանը 76 կողմ, 39 դեմ ձայներով 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը խստացնող օրինագիծը։ Սիմոնյանը վիրավորանքի համար առաջարկում էր գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն։
Սոնա Գրիգորյան