Ինչպես է դատական համակարգը մերժում դատախազի հորը եւ ամեն ինչ անում հանուն Արադադատության նախարարի: Գրել էինք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, Գլխավոր դատախազության ավագ դատախազ Ազատ Մարգարյանի հայրը՝ Վահան Մարգարյանը, դատի է տվել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 2020 թվականի փետրվարի 28-ին ՀՀ արդարադատության նախարարը Վահան Մարգարյանին ազատել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից: Արդյունքում, մեկ տարի անց 2021 թվականի մայիսի 4-ին Վահան Մարգարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ վարչական դատարանը 28.02.2020թ. թիվ 76-Ա հրամանն անվավեր ճանաչի իրեն ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում վերականգնի եւ չվճարված աշխատավարձի չափով, հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի գումարը բռնագանձի: ՀՀ վարչական դատարանը մերժել էր գործը վարույթ ընդունել, իսկ ահա Մարգարյանը չէր հանձնվել եւ դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան: Արդյունքում, ՀՀ վերաքննիչ դատարանը եւս մերժեց Մարգարյանի հայցը վարույթ ընդունել:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը 2019 թվականին բերդի պետի դատախազ որդու մասին ուշագրավ մանրամասներ էր հրապարակել: Մասնավորապես, նա 2013 թվականից աշխատել է Երեւան քաղաքի դատախազ, 2013-ի վերջին կամ 2014-ին սկզբին արձակուրդ մեկնելու պատրվակով ստացել է ԱՄՆ մեկնելու թույլտվության վիզա եւ առանց աշխատանքից ազատվելու մեկնել է ԱՄՆ եւ շուրջ 4,5 տարի՝ մինչև 2018-ի սեպտեմբերը, մնացել է ԱՄն-ում: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱՄՆ-ում անհասկանալի ճանապարհով բանկային քարտերով հափշտակել է շուրջ 500.000 ԱՄՆ դոլար եւ վերադարձել Հայաստան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձել էր պարզել հենց ՀՀ գլխավոր դատախազությունից. «Ազատ Մարգարյանը ԱՄՆ է մեկնել օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելու, անձնական դիմումի եւ 14.04.2014թ. գլխավոր դատախազի հրամանի հիման վրա: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերի վրա արված հղումներով Ա. Մարգարյանի կողմից ԱՄՆ-ում ինչ-որ խարդախությունների, հափշտակությունների մասին տեղեկություններին, ապա ՀՀ դատախազությունը դրանց վերաբերյալ տվյալներ չունի»:
Քնար Մանուկյան