ԼՐԱԳՐՈՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը հենց առաջին օրվանից, կարծես թե, պայքար է մղում լրագրողների դեմ։ Տարբեր օրենսդրական նախաձեռնություններից հետո հիմա էլ հերթը հասել է Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների աշխատանքը սահմանափակելուն եւ այլն էլ ինչպես։ Երեկ այդ մասին բարձրաձայնել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը եւ գրություն ուղարկել խորհրդարան` փորձելով հասկանալ, թե ինչ սահմանափակումներ են, ինչու, ինչ հիմնավորմամբ։ Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»  օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, նպատակ է առկա խորհրդարանի առաջին հարկում տարածք հատկացնել, որտեղ լրագրողները կնստեն եւ մոնիտորով կհետեւեն ԱԺ աշխատանքներին։ Այսինքն՝ նպատակ կա այնպես անել, որ լրագրողները խորհրդարանում հնարավորություն չունենան մոտենալ պատգամավորներին, նրանց հարցեր տալ կամ ֆիքսել այնպիսի դրվագներ միջանցքում, դահլիճում, օրինակ՝ ծեծկռտուքներ, որոնք հաճելի չեն լինելու հենց իշխանությունների համար։ Լրագրողական օթյակը փակելու նպատակ կա: Եվ սա անում է ամենաթափանցիկ, ամենաժողովրդավարական, ամենահանդուրժող եւ ամենասիրող իշխանությունը, որ բացում էր ԱԺ ու նախագահականի դարպասները, իսկ հիմա «7 կողպեքով են փակել»:

Նկատենք` անգամ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին լրագրողների աշխատանքը խորհրդարանում սահմանափակված չի եղել, իսկ, օրինակ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ լրագրողները հենց ԱԺ դահլիճում էին նստում եւ աշխատում։ Դրանից հետո երկար տարիներ լրագրողները անարգել աշխատել են, իսկ հիմա խոսքի ազատության մասին ամենաբարձր խոսող իշխանությունները սահմանափակում են լրագրողների աշխատանքը։ Սա վերաբերմունք է, որ պետք է գնահատական ստանա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, լրագրողական կազմակերությունների, եվրոպական կառույցների կողմից։ Այսպիսի հանդգնություն երբեք չի եղել. պողպատե մանդատը լրագրողների գլխին է կոտրվում:

 

 

Խորհրդարանական ընդդիմությունը փոխնախագահի ընտրության հարցում չի կարողանում միասնականություն ցուցաբերել: Բանն այն է, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները պետք է խորհրդարանում մեկ միասնական ԱԺ փոխնախագահ ընտրեն, սակայն, արի ու տես,  «Հայաստան» դաշինքը նպատակ է դրել ընտրելու միայն իր թեկնածու ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին: Սակայն «Իմ քայլը»  Սաղաթելյանին այդ պաշտոնում չի ցանկանում ընտրել, քանի որ խորհրդարանում այսպիսով խախտվելու է հավասարության սկզբունքը: Ինչպես հայտել է ԱԺ փոխնախագահ, Աժ ապագա նախագահ Ալեն Սիմոնյանը, «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում հանձնաժողովներից որեւէ մեկի նախագահ  չի ունենալու, ինչը նշանակում է, որ ԱԺ խորհրդի կազմում ունենալու է ընդամենը մեկ ներկայացուցիչ՝ խմբակցության ղեկավարը, իսկ փոխնախագահ ունենալու դեպքում՝ 2: Մինչդեռ «Հայաստանը» կունենա 5 ներկայացուցիչ, եթե փոխնախագահն էլ իրենը լինի: Ու երկար ժամանակ է՝ այս «կարեւորագույն» հարցի շուրջ ընդդիմությւնը չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Հետաքրքիր է՝ այս պայմաններում ԱԺ-ում նրանք ինչպես են համագործակցելու կամ համագործակցելու են, թե ոչ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում ղեկավար կազմի խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ ասվել է, որ կառավարության վերջնական ձեւավորումից հետո մի շարք կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում, եւ շատերը հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։ Ուշագրավն այն է, որ այդ մասին արդեն հայտարարել է նոր ղեկավար կազմը՝ ի դեմս պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի, որը նախարար կնշանակվի կառավարության վերջնական ձեւավորումից հետո։ Ու թեեւ նա դեռ նախարար չի նշանակվել, սակայն այս օրերին նախարարի գործառույթներ է կատարում եւ բոլոր խորհրդակցությունները անցկացնում է հենց պաշտպանության նախարարի համար նախատեսված աշխատասենյակում։ Այսինքն՝ դեռ չնշանակված՝ նախարար է:

 

 

Վերջին շրջանում Հայաստանում նկատելի է հնդիկ զբոսաշրջիկների աճ. «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ հնդիկների համար Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու համար: Այս օրերին հնդիկները ժամանակավոր բնակություն են հաստատել ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ մարզերում, հիմնականում՝ Էջմիածնում: Պարզվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Հնդկաստանից զբոսաշրջիկների մուտքն իր երկրի տարածք կասեցվել է՝ Covid-19-ի տարածում կանխելու նպատակով: Այս պատճառով հնդիկ զբոսաշրջիկներն ընտրում են Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր: Այստեղ նրանք 14 օր մնալուց հետո միայն կարող են ստանալ ԱՄԷ մուտքի թույլտվություն, ինչից հետո մեկնում են Դուբայ, Աբու Դաբի, որտեղ աշխատում են: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ Հնդկաստանից Հայաստանով Դուբայ հասնելու ծախսերը՝ ներառյալ թռիչքը, սնունդն ու հյուրանոցային ծախսերը, չեն գերազանցում 4300 ԱՄԷ դիրհամը, 85 000 հնդկական ռուփին կամ 1000 ԱՄՆ դոլարը։ Կհիշեք՝ մինչ Covid-19-ի տարածումը Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար էր դարձել աշխատանք գտնելու ամենահարմար վայրերից մեկը: Հնդիկները աշխատանք գտնում էին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական: Հայաստանում հնդիկները համարվում են էժան աշխատուժ:

 

 




Լրահոս